Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ոստիկանապետին` որպես հանցագործի, անհապաղ պիտի պաշտոնազրկեն». քաղաքագետ

Փետրվար 02,2015 22:04

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդին, ասաց, որ ինքը թեև  չի ողջունում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների իշխանափոխություն քարոզող ավտոերթը դեպի Արցախ, սակայն միաժամանակ ցնցված է Արցախի ոստիկանության հանցագործությունից:

«Ես ունեմ իմ ուրույն  տեսակետը էս հարցի վերաբերյալ: Նախ առաջինն ասեմ, որ շատ հարգելով պարոն Սեֆիլյանին` որպես Արցախի ազատամարտի կարկառուն ներկայացուցչի, զարմացա, որ ինքն ու իր ընկերները նախաձեռնել էին  իշխանափոխության գործընթացը Արցախից: Նախ` բերենք ճշտենք, ասում եք Արցախը անկախ երկիր է, ունի իր սեփական իշխանությունը, իր սեփական կառավարությունը, ես այդպես էլ չհասկացա` կոնկրետ այդ  իշխանափոխությունը ի՞նչ կապ ունի  Արցախի հետ: Երկրորդ`լինելով ազատամարտիկ` ինքը շատ լավ գիտի, որ Ստեփանակերտից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում ռազմական գործողություններ: Եվ մեր թշնամին միշտ առիթավորվել է, երբ  Հայաստանում  և Արցախում, ավելի շատ Հայաստանում  տեղի են ունեցել իրադարձություններ հակասական բնույթի: Եվ գնալ Արցախ իշխանափոխության, ես կարծում եմ, սխալ էր, բայց միևնույն ժամանակ այն, ինչ տեղի ունեցավ Բերձորում, ես համարում եմ  հանցագործություն: Ուղղակի զարմացած եմ`մի՞թե Արցախի ոստիկանապետը չէր կարող շատ տարրական ձևով արգելել նրանց մուտքը Արցախի տարածք, ավտոշարասյունը կանգնեցներ, հետ ուղարկեր `ասելով իշխանափոխությունը սկսեք ՀՀ տարածքից: Այն, ինչ թույլ տվեց Արցախի ոստիկանապետը, իսկ առանց նրա հրահանգի հատուկ ջոկատայինները հատուկ տեխնիկայով չէին կարող այդպիսի դաժանություն  ցուցաբերել հայի նկատմամբ, հանցագործություն է: Ես գտնում եմ, որ Արցախի ոստիկանապետին  անհապաղ պիտի գործից հանեն,  և ոչ միայն, պիտի պատժեն օրենքի ամբողջ խստությամբ», նշեց նա:

«Ո՞նց է  իրեն թույլ տվել հարձակվելու անզեն մարդկանց վրա, եթե նույնիսկ ավտոերթի մասնակիցներից որևէ մեկը օրենքի խախտում էր թույլ տվել, թող օրենքը խախտողին ձերբակալեին, այլ ոչ թե հասնեին, վնասեին մարդկանց: Ո՞վ է թույլ տվել վնասել որևիցե մեկի ունեցվածքը, մեքենաները ջարդել, առանց հաշվի առնելու, որ մեջը մարդիկ կան, կանայք, երեխաներ: Եթե սովորական քաղաքացիները սխալ են գործում, ապա իշխանությունները ավելի զգույշ պետք  է լինեն, սխալին չպատասխանեն կրկնակի սխալով, որովհետև իշխանությունները ավելի մեծ պատասխանատվություն են կրում, քան ընդդիմությունը: Իշխանությունը իրավունք չունի այդպիսի կոպիտի սխալ գործի: Եվ Արցախի ոստիկանապետը լավ կլինի այսօր բացի ադրբեջանական կայքերը, բոլոր տեսանյութերը դիտի և տակի մեկնաբանությունները ընթերցի,  թե ինչպես են հայերը հայերին ոչնչացնում,  և ինչպես են ադրբեջանցիները հրճվում:Կարելի է ավտոշարասյանը հանգիստ  հետ ուղարկել, առանց խայտառակվելու, Արցախի ու Հայաստանի իմիջին վնաս հասցնելու: Գյումրիում Ավետիսյանների սպանդից հետո տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ,ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ   մեր ոստիկանները  իրենց այնքան կոռեկտ պահեցին…», ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույնիսկ ԼՂՀ-ի «միջազգային ճանաչումը» Արցախի խնդրի լուծում չէ, որովհետև առաջին հերթին հենց Ռուսաստանը ԼՂՀ-ին թույլ չի տա ՄԱԿ-ի անդամ դառնալ (2-րդ հայկական պետություն Անդրկովկասում նրան բացարձակ պետք չէ): Իսկ առանց այս անդամակցության ոչ մի երկիր չի կարող դառնալ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ կամ լիարժեք կերպով գործել միջազգային հարաբերություններում: Այսինքն՝ կհայտնվի այն իրավական գորշ տիրույթում (legal limbo), որտեղ այսօր հայտնվել են Պաղեստինն ու Կոսովոն. էլ չեմ խոսում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին:

    Արցախն այսօր ՀՀ մաս է: Արցախում ՀՀ քաղաքացի զինվորներն են ծառայում: «Նախագահ» Բակո Սահակյա՛նն էլ է ՀՀ անձնագրով ճանապարհորդում: Արցախը de facto և de jure «անկախություն» չունի՛: ՀԳ.Եթե տենց դուխով են,թող գնան Պերմյակովին կալանավորեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728