Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անել, որ ավարտական թեզը պատուհաս չդառնա

Փետրվար 06,2015 13:00

Բուհն ավարտող ուսանողների համար ավարտական աշխատանքի պատրաստման խնդիրը մի քիչ բարդ է, քանի որ ոմանք դեռ ձեռնամուխ չեն եղել գործին, ոմանք էլ զբաղված են ընթացիկ ու միջանկյալ քննություններով: Կան ուսանողներ էլ, որ մտածում են՝ ինչո՞ւ ամիսներով տանջվել, եթե հնարավոր է պատրաստի աշխատանքը գնել, մանավանդ՝ նման հայտարարություններն ամենուր են:

Օրինակ, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հարությունյանի համար «Ծրագրի կախվածության գրաֆիկի ձևավորումը ծառի՝ ճշգրիտ ալգորիթմներով կոդի կլոններ որոնելու համար» ավարտական թեման այնքան էլ բարդ չէ, քանի որ այդ հետազոտությունը սկսել է իրականացնել տարիներ առաջ: «Լավ ալգորիթմ գրելու համար տարբեր հոդվածներ եմ կարդացել, հիմնականում՝ անգլերեն: Ի դեպ, մեր մասնագիտության մեջ հիմնական տեղեկատվությունն օտար լեզուներով է, ինչը շատ ուսանողների շրջանում խնդիրներ է հարուցում: Ընդհանուր առմամբ, հիմնական մասն ավարտել եմ, բայց, այդուհանդերձ, դեռ բացեր կան, որոնք մինչ նախապաշտպանությունը կլրացնեմ»,- նշում է Մարիամն ու հավելում, որ վերջին ամիսներին իրեն բազմիցս ուղղված հարցն այն մասին է, թե ինչ վիճակում է դիպլոմային աշխատանքը: ԵՊՀ ուսանողուհին այդ հարցից չի նեղսրտում, քանի որ աշխատում է այդ ուղղությամբ՝ գիտական ղեկավարի խորհուրդներով: Նրա հետ քննարկում է բացթողումները, նոր հանձնարարություններ ստանում:

Ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերն այս ամիսներին լրջորեն քննարկում են ոչ միայն գիտական ղեկավարները, այլեւ ԵՊՀ ամբիոնների վարիչները: Հեռակա ուսուցման համակարգում սովորողներն արդեն նախապաշտպանության փուլում են, որին կհաջորդի պաշտպանությունը: Մայր բուհում հարցը հստակ է դրված՝ պաշտպանությունից առաջ պարտադիր իրականացնել նախապաշտպանություն, որպեսզի դրա ընթացքում նշված բացթողումներն ուսանողները շտկեն պաշտպանության ժամանակ:

Հարկ է արձանագրել, որ 2014-2015 ուստարում բակալավրիատն ավարտող ուսանողներն այն դիմորդներն են, որոնք ընդունվել են 2011 թվականին, այսինքն՝ այն տարում, երբ դպրոցները, 12-ամյա կրթական համակարգին անցնելու հանգամանքով պայմանավորված, շրջանավարտներ չեն տվել: Այս ուսումնական տարում ամենաքիչ շրջանավարտները կունենան Մայր բուհի Ֆիզիկայի (9), Սոցիոլոգիայի (11), Ռադիոֆիզիկայի (15), Կենսաբանության (21) ու Դեղագիտության և քիմիայի (22) ֆակուլտետները: Եվ թե նրանցից քանիսը կհաղթահարեն կրթական փորձությունը, կպարզվի ամիսներ անց:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա ավարտական աշխատանքների համար ավելի դյուրին թեմաներ են ընտրվել՝ հաշվի առնելով ուսանողների՝ գիտական աշխատանք կատարելու կարողությունները. «Թեմաների բաշխումը եղել է ամբիոնների դասախոսների կողմից, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն ենք ընձեռել, որ իրենք էլ առաջարկեն, եթե, իհարկե, դրանք համապատասխանել են ամբիոններում իրականացվող ծրագրերին: Մինչ նախապաշտպանությունը գիտական ղեկավարների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, լսում ենք ուսանողներին, նրանց կարծիքներն այս կամ այն հարցերի վերաբերյալ: Ոչ միայն Աշխարհագրության և երկրաբանության, այլև մի քանի ֆակուլտետներում ցածր է 2011 թվականին ընդունված ուսանողների ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական): Մեր ֆակուլտետում առաջխաղացման միտում նկատել ենք երրորդ և չորրորդ կուրսերում: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ հետաքրքիր հետազոտություններ կիրականացնեն և բարձր գնահատականներ կստանան»:

Պարոն Վարդանյանը, անկախ ամեն ինչից, խորհուրդ տվեց երբեք չօգտվել վճարովի ծառայություններից, քանի որ դրանով ուսանողը նախևառաջ ինքն իրեն է խաբում: Այս օրերին որոշ ուսանողներից բողոքներ են լսվում նաև այն մասին, որ իրենց գիտական ղեկավարները հետեւողական վերաբերմունք չեն ցուցաբերում իրենց աշխատանքի նկատմամբ, ինչը խոչընդոտում է աշխատանքների արդյունավետ ու ժամանակին իրականացմանը: ԵՊՀ ՈՒԳԸ (ուսանողական գիտական ընկերություն) նախագահ Միքայել Մալխասյանն էլ իր հերթին նշեց, որ բողոքում են նաեւ դասախոսները, երբ ուսանողը, ամբողջ տարվա ընթացքում ոչ մի բան չարած, ներկայանում ու ինչ-որ բան է պահանջում: Նշեց նաեւ, որ ոչ միայն շրջանավարտների, այլեւ ուսանողների համար բոլոր ֆակուլտետներում պարբերաբար իրականացվում են սեմինար-դասընթացներ՝ ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների զարգացման նպատակով: ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը ուսանողներին խորհուրդ տվեց առավել հաճախ մասնակցել գիտական սեմինարներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728