Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի  հեռախոսազրույցները վերծանված են. մանրամասնում է փաստաբան  Երեմ Սարգսյանը (Տեսանյութ)

Փետրվար 14,2015 19:54

Այսօր  Գյումրիում էր  Ավետիսյանների   սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինս  հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ    Գյումրու  նորակառույց Մուշ  2 թաղամասի բնակարաններից  մեկում՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ տանը: Այնուհետ  փաստաբանը  ու Ավետիսյանների հարազատները համատեղ  հարցազրույց տվեցին լրագրողներին:   Փաստաբանն ասաց, որ իրենք  ամենաքիչ հավանական վարկածն անգամ  քննարկման թեմա  են դարձնում, որպեսզի  ամբողջական պատկեր ունենան: Օրինակ` հարազատները, ըստ Երեմ Սարգսյանի,  բացառում են, որ կարող է  անձնական շարժառիթ լինել, բայց ինքը՝ որպես տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան,  իրավունք չունի բացառելու  այդ  վարկածն ու դրա մասին նույնպես միջնորդություն է ներկայացրել:   Նա տեղեկացրեց, որ  այս հանդիպումից հետո գնալու են դեպքի վայր, ուսումնասիրելու  են երթուղին՝  Ավետիսյանների տնից մինչեւ  զորամաս ու Բայանդուր  գյուղի  այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է  Պերմայկովը: «Կոնկրետ իմ աչքով տեսնեմ ու անգամ նկարահանենք,  օրինակ` իմ մոտ խիստ  հարցեր են առաջանում,  եթե անգամ  ջուր խմելու համար է, այդ վարկածն էլ չբացառենք, ինչո՞ւ  հենց այդ տունը ընտրվեց: Հիմա օրինակ՝ դեպքի վայրը, հարակից տները ուսումնասիրելով՝ գուցե այլ կասկածներ առաջանան. կարո՞ղ է այդտեղ ավելի քիչ խոչընդոտներով  տուն  կա, որտեղ կարող էր մտնել  եւ այստեղ մտավ: Բազմաթիվ են հարցերը, չենք կարող բացառել նաեւ ջուր խմելու վարկածը, բայց ոչ էլ ընդունում ենք: Ես անձամբ ծանոթ չեմ այդ տարածքին, շատ հետաքրքիր է  զորամասից հեռավորությունը, ճանապարհի ընդհանուր վիճակը կամ տնից մինչեւ Բայանդուր  գյուղ հնարավոր երթուղին: Ինչքանո՞վ  է  դա մատչելի անծանոթ մարդու համար,   կկարողանա՞ գնալ կամ չգնալ, եթե  նպատակային գնում է սահմանն անցնելու,  զինվորը, որը մեկ-երկու ամսվա ծառայող է: Ես նաեւ միջնորդություններ եմ ներկայացրել՝ իմանալու, արդյո՞ք  արձակուրդ գնացել է , չի գնացել, նախկինում ինքնակամ լքե՞լ է կամ չի լքել: Այսինքն` հարցերը պարզեն , գուցե  նախկինում արձակուրդ է գնացել ինչ- որ ժամկետով, փորձենք պարզենք որտե՞ղ է եղել, արդյո՞ք հնարավորություն  ուներ տարածքը մինչեւ  այդ զննել, թե՞ չէ: Բազմաթիվ մանր հարցեր կան, ամեն հարցի պատասխան գուցե չի կարող այս պահին մեր հետաքրքրությունը բավարարել, բայց ամբողջությունը, համակցությունը բոլոր փաստերի բերում է նոր  վարկածների, նոր փաստերի ու նոր գնահատականների: Դրա համար մենք  մեր կողմից հասանելիք ամեն ինչ կանենք, ինչ նախատեսվում է  օրենքով, կանենք»,- ասաց Երեմ Սարգսյանը:скачанные файлы (69)

Փաստաբանը նաեւ  խոսեց իր  միջնորդությունների մասին՝ հայտնելով, որ դրանք բոլորը  բավարարվել են նախաքննական մարմնի կողմից: Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը  երեկ ստացել է միջնորդության բավարարման մասին որոշում, թեեւ  կային որոշակի գործողություններ, որոնք արդեն իսկ ձեռնարկվել էին նախաքննական մարմնի կողմից:  Ըստ Երեմ Սարգսյանի,   ինքը միջնորդել էր երթուղու՝ զորամասից Ավետիսյանների տուն  ու  տնից Բայանդուր  տեսախցիկները  առգրավվել, զննել, փորձաքննել, նախաքննական մարմինը պատասխանել է, որ դրանք արդեն արված են: Նմանապես ինքը միջնորդել էր վերծանել թե՛ Պերմյակովի, եւ  թե՛ Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային  զանգերը, SMS հաղորդագրությունները, ու փաստորեն   հեռախոսազրույցները վերծանված են:  Բավարարվել է նաեւ խլացուցիչի հետ կապված փաստաբանի միջնորդությունը, թեեւ, ըստ Երեմ Սարգսյանի,    նախաքննական մարմինը նշել է, որ գործում նման տվյալ չկա, որը կհուշեր  խլացուցիչ եղե՞լ է , թե՞ ոչ: «Ես հարց էի առաջադրել  փորձագետին արդյո՞ք նշված ինքնաձիգի վրա խլացուցիչ հնարավո՞ր է տեղադրել, թե՞ ոչ: Տեղադրած լինելու կամ հանելու հետքեր կա՞ն, թե՞ ոչ: Այդ հարցը առաջադրվել է: Կոնկրետ հարցադրումներ, թե Պերմյակովը նախքան ծառայությունը  եղե՞լ է Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ, այդ ուղղությամբ արդեն կատարված է: Ես  նաեւ միջնորդել էի  պարզել, թե Պերմայկո՞վն է  նախաձեռնություն  ցուցաբերել  Հայաստան  գալ, թե՞  տեղը ուղղակի ընտրել էին: Նաեւ այս առումով արդեն քննչական  պահանջ է նախատեսված, որ ուղարկել են, որ պարզեն»:

Փաստաբանը նաեւ  ասաց, որ  իրենք  քննարկել են  ռուսական կողմին դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը ու որոշել են այս փուլում, այս պահին չդիմել: «Չենք էլ ուզում դիմել , որովհետեւ գտնում ենք ռուսական կողմի քննությունը անօրինական է , այդ գործի քննությունը միմիայն պիտի իրականացնի հայկական կողմը միայն սպանության մասով, հետեւաբար մենք այդ նկատառումներից ելնելով՝ չենք դիմում իրենց եւ պահանջում ենք, որ  փոխանցվի հայկական կողմին: Հայկական կողմը իրականացնի արդարադատությունը»:

Այն հարցին, թե  ռուսները հայ քննիչներին հնարավորությո՞ւն տալիս են  լիարժեք  նախաքննական գործողություններ իրականացնելու, փաստաբանն ասաց, որ   իրականում չգիտի՝ ինչ է կատարվում իրենց մեջ: Նա, որպես մասնագետ, ասաց, որ եթե Պերմյակովը չգտնվի հայկական կողմի տրամադրության տակ,  ապա  որոշակի խոչընդոտներ կլինեն հայ քննիչների համար: Թեեւ , ըստ իր տեղեկությունների, հայ քննիչները  հարցաքննել են  Պերմյակովին:

Երեմ Սարգսյանի ասելով, որ կողմն էլ  քննություն  իրականացնի, իրենք դատավարությանը  կմասնակցեն մայրենի լեզվով, որպեսզի մատչելի լինի հանրությանը:    Փաստաբանն ասում է, թե իրեն հաճախակի են  հարցնում ՝ թե ո՞րն է  ամենահավանական վարկածը, ըստ նրա, բոլոր վարկածները  պետք է ստուգվեն ,  հերքվեն կամ հաստատվեն: Կրակոցների ձայնը լսելու հետ կապված, փաստաբանն  ասաց, որ կա անձ, որը   որոշակի  ձայն լսել է: Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, Պերմյակովին դեպքի վայր չեն բերել:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728