Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Դու «Царь и бог » ես, դու Աստված ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում». (Տեսանյութ)

Փետրվար 23,2015 18:43

Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին եռյակի հրավիրած արտահերթ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նրան, թե ինչու այս 20 տարիների ընթացքում ընդդիմությունն անընդհատ իշխանափոխությունից է խոսում, բայց չի անում:

Նրա խոսքերով՝ «20 տարի ընդդիմությունը տարբեր առաջնորդներով, տարբեր մոտեցումներով խոսել են իշխանափոխության մասին, ինչը տեղի չի ունեցել: 20 տարվա գրեթե բոլոր իրադարձություններին ես անձամբ եմ մասնակցել, մի մասին՝ որպես լրագրող, մյուս մասին՝ որպես քաղաքական գործիչ: ՀՀ-ում եւս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ընդդիմությունը պետք է ունենա ապագայի ծրագիր, որպեսզի կարողանա բացատրել, թե այսօրվա վատ իրավիճակն ինչպես է ինքը պատրաստվում փոխել, ինչ քայլերով, ինչ ժամկետում: Ինչ է անելու՝ իշխանության հասնելուց հետո, ո՞նց է դուրս գալու ճգնաժամից: Սուպեր լիդերի ինստիտուտը պետք է կարողանալ փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով: Վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են ու այդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնի: Ոչ մեկը հետո չի ասել՝ բայց դու ո՞վ ես: Դու ո՞վ ես, որ այդ որոշումը կայացնես, դու ընդհանրապես քեզ ինչի՞ տեղ ես դրել: Դու «Царь и бог » ես, դու Աստվա՞ծ ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք: դու ո՞վ ես ընդհանրապես»:

Հետո Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը չի վերաբերվում միայն մեկ անձի, այլ այն բոլոր մարդկանց, որոնք կայացրել են նման որոշում. «Քաղաքական թիմերը պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն: Այդ մարդկանց մեղադրելու էլ չի: Դա նույնն է, որ մարդուց պահանջես, որ դուրս գա հարթակ ու 1000 կգ-անոց ծանրաձող բարձրացնի: Ինչքան ուզում է ուժեղ լինի, իմաստուն լինի, մի մարդու ուժերից չի այդպիսի բեռ բարձրացնելը: Երբ մարդը հասկանում է, որ իր մի քայլով միլիոնավոր մարդկանց ճակատագիր է որոշվելու, իր ծնկները ծալվում են»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չպետք է լինեն սուպեր լիդերներ, որոնց ասածն օրենք է. «Իրենք միշտ ճիշտ են, ամենավերջին հիմարությունն էլ անեն՝ ճիշտ են: Կգտնվեն մարդիկ, որ կապացուցեն, հետո դրան հակառակ հիմարությունը անեն, նույն 100 տոկոսանոց կրքով կապացուցեն, որ  միակ իմաստուն, անփոխարինելի, ճիշտ որոշումը դա է: Ընդդիմությունը պետք է ունենա ստվերային կառավարություն, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե վատ ֆինանսների նախարարի փոխարեն, օրինակ, ով է գալու լինի լավ նախարար»:

Հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չի եղել որեւէ ընդդիմություն, որ ՀՀ բոլոր 1988 ընտրատեղամասերում ունենա գոնե մեկական վստահված անձ. «Սա է եղել պատճառը, որ մենք ամեն անգամ ժողովրդի ձայնը ստացել ենք, չենք կարողացել տեր կանգնել: Հիմա ասում են՝ իշխանությունը բիրտ է, չի թողնում: Բայց եթե մի ընդդիմություն չի կարողանում մի տեղամասում 3 վստահված անձ ապահովի, ո՞նց է իշխանություն կազմելու, սուտ է ասում: Այս 20 տարի ասում են՝ իշխանությունը բիրտ է: Նոյեմբերին պարզ չէ՞ր, որ իշխանությունը բիրտ է, հանցագործ է, մարդասպան է: Չգիտեի՞նք, ամեն անգամ տանում ենք ժողովրդին կոտորում ենք, հետո ասում ենք՝ իշխանությունը բիրտ է: Եթե ժողովրդին առաջնորդում ենք իշխանափոխություն, պետք է սա իմանանք: Ու եթե մեր գլխին մեկը ատրճանակ պահեց, մենք չգիտենք ինչ ենք անելու այդ իշխանությանը, այդ ատրճանակը ոնց ենք վերցնելու ու իրա որ տեղն ենք մտցնելու, ուրեմն մենք չունենք իրավունք այս ժողովրդին ամեն անգամ տանենք, քարշ տանք հրապարակներով, հետո էլ ասենք՝ իշխանությունը բիրտ է: Իշխանության մասին ոչ մի նորություն չենք կարող ասել, ամեն ինչ ասված է, ժամանակն է մեր մասին, մեր այս 20 տարվա ձախողումների մասին խոսելու»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը ընդդիմադիրների քննարկումներից եզրակացրեց. «Օժիտի հետեւից կռիվը սկսված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    խոհեմ եւ իմաստալից բաներ է ասում, Փաշինյանը… լուրջ եմ… զինք յաճախ որպես «գիժ» են պատկերացնում, սակայն խորքում՝ երեւի այդպես չի…

    (մի քիչ ել եթե բարեհաճի ոճը նրբացնել, ապագա ունի այս մարդը…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728