Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ծրագիրն է հանճարեղ

Մարտ 03,2015 10:15

Կիրակի օրը հնչեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը: Նախ ասեմ, որ Ցեղասպանության հարցում ես ճիշտ նրա նման եմ մտածում, եւ դա բազմիցս ասել եմ: (Ի դեպ, հետաքրքիր է՝ էլ ովքե՞ր են այդպես մտածում, բայց լռում են): Սակայն դա այլ թեմա է, որին արժե առանձին անդրադառնալ: Ելույթի հիմնական թեման, իհարկե, ուղերձներն էին, որոնց հասցեատերերը Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնություններ ունեցող ընդդիմադիրներն են:

«Դավալուից ցախավելը հեծած (ուղերձ՝ Արամ Զավենի Սարգսյանին-Ա. Ա.), 1+1 քայլերգը շուրթերին (Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.), Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ («Ազատ դեմոկրատներին» եւ Հայրիկյանին-Ա. Ա.), ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը (դարձյալ Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.) եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը (Ժիրայր Սեֆիլյանին-Ա. Ա.): Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է»,- նշել է առաջին նախագահը:

Ասված է սրամիտ, կծու սարկազմով: Իհարկե, կա որոշակի նենգափոխում՝ մասնավորապես այն առումով, որ Հայաստանում ոչ ոք Պուտինի հրաժարականը չի պահանջում, բայց բոլորը, կարծես թե, ընդունում են, որ Կրեմլը հսկայական ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Հակառակ դեպքում ինչո՞վ բացատրել, որ հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ամեն ինչ անում են Պուտինին դուր գալու համար, տարին մի քանի անգամ վազում են Մոսկվա, հանդիպում են չորրորդական դեմքերի հետ, իսկ հետո գալիս հայտարարում են, թե Մոսկվան իշխանափոխության «դոբրոն տվել է»:

Բայց ընդունենք, որ առաջին նախագահի հեգնանքն ամբողջությամբ տեղին է, ՀԱԿ-ից դուրս Հայաստանում ընդդիմություն չկա, եւ բացի Կոնգրեսի անդամներից՝ բոլոր մնացած ընդդիմադիրների ասածները անհեթեթություններ են: Ո՞րն է հապա ՀԱԿ-ի «հանճարեղ պլանը»: 2008 թվականի ընտրություններից հետո ոչ մի ծրագիր չկար մինչեւ 2011 թվականի աշունը, որից հետո ծրագիրը ծնվեց: Դրա էությունը հետեւյալն էր՝ օլիգարխիայի մի մասին տապալել օլիգարխիայի մյուս մասի միջոցով:

Այդ պլանը, իմ կարծիքով, նույնքան անհեթեթ էր, որքան Դավալուից ցախավելով թռչելը: Ձախողվելու դեպքում (ինչն ավելի հավանական էր) դա կբերեր իշխանության դիրքերի ամրապնդման եւ քաղաքական ռեժիմի կարծրացման: Հաջողելու դեպքում (որը պակաս հավանական էր) դա պիտի բերեր մի օլիգարխիկ խմբի՝ մյուսով փոխարինմանը՝ նույն մտավոր եւ բարոյական որակներով: Այդ դեպքում նույնպես ավազակապետությունը ինչպես կար, այդպես էլ կմնար իր տեղում: Մարդափոխությունը իշխանափոխություն չէ:
Իշխանափոխություն կլինի այն դեպքում, երբ հայաստանցիների մեծամասնությունը «չար իշխանավորներին» քառատելու ցանկության եւ իրենց լավ կերակրող «բարի թագավորին» սպասելու փոխարեն հասկանան, որ իրական փոփոխությունների համար իրենք պետք է փոխվեն, դառնան պարկեշտ, օրինապաշտ, զուսպ, համեստ: Դառնան անհատ քաղաքացի, ոչ թե «ժողովուրդ»: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինչպես առողջապահության նախարարություն կա, այնպես էլ իրավապահության նախարարություն պետք է լինի՝ քաղաքացիներին ապահովելու շտապ իրավական օգնություններով ու իրավական հիվանդանոցներով: Մտավորականությունը պետք է դաստիարակի քաղաքացիներին առողջ իրավական կենսակերպ վարել:Այդպիսով, կրթված երեխաները կդաստիարակեն իրենց ծնողներին, իսկ ծնողները կդասիարակեն կառավարությանը:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Նոր կրակարան
    /ըստ էության/
    .
    Այսպես հանդարտ ու սուսուփուս
    Ապրենք մինչև… քսաներկուս:
    Հասկացողը թող վշտանա
    Սոված գայլն էլ՝ լավ կշտանա:
    .
    Թեկուզ ՀՆԱ-ն էլ նվազի
    Կամ ներծծվի մեջն ավազի
    Իսկ մեզ համար թե՝ ձոր, թե՝ սար
    Միջինին է միշտ հավասար:
    .
    Միայն փափուկ տաք շարֆ լինի
    /Թեկուզ հոտով նաֆթալինի/
    Ազդեցիկ ու կարկաչաձայն՝
    Գոչենք տակտի հետ համաձայն:
    .
    Դեմ կանգնողի կուռն ոլորենք՝
    Հետընթացը դառնա օրենք:
    Ուրույն է մեր հետագիծը
    Կորչի ջինջը՝ կեցցե բիծը:

  3. Ruben says:

    Իրական փոփոխությունների համար, ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքի (ԲԱԺԻՆ 11,ԳԼՈՒԽ 28,ԳԼՈՒԽ 29.) պետք է պատասխանատվության ենթարկել իշխանավորների, ՀԱԿաիշխանավորների ու նրանց հպատակների 99%-ին:

  4. Ջիվան Նադարյան says:

    Հարգելի Աբրահամյանի կողմից տրված ձեվակերպումները հստակ են, ներկայացրած դիտարկումները տեղին և հետևությունն էլ` ճշմարիտ: Ապրեք Հարգելի Արամ ապրեք…

  5. Թրավիս says:

    Ցեղասպանության նիւթով, լուռ հերոսի կամ լռակյաց վեհ իմաստունի հովեր ինքզինքին շնորհելը ծիծաղելի է, որովհետեւ իրականում, այդպես «մտածողներից» ոչ մէկն ալ չի լռում, ոչ մի տեղ: Ընդհակառակն, մեծաթիւ «այդպէս» մտածողներն են խոսում, համարյա թէ տեւապես անոնց ձայնն է լսվում, իբրեւ թէ որպես արդիական, առաջադէ՜մ եւ իմաստուն մտածողության տէր մարդոց խոսք եւ մտածում: Հարիւրամյակի առիթով Հռչակագիրն է, իրականում, անակընկալը… Իսկ «այդպես» մտածողները մի բան կայ որի մասին չեն մտածում, որ նկատի չեն առնում՝ թէ, արդյոք հակառակորդը, ինք, ինչ է մտածում… Մինչդեռ ցայտուն եւ ամենաայժմէական ապացոյցը ունենք այդ ուղղությամբ, լաւ տեսնելով թէ ինչ պատահեցաւ հայ-թրքական «արձանագրություներին», Թուրքիայում: Ուրեմն, շարունակեցեք այդ… հանճարեղ մտածումը եւս:

    • Թրավիս says:

      ի դեպ, պարզ է թէ ԼՏՊ-ի հանճարեղ ծրագիրը ներառում է նաեւ վերատեսությունն ու վերախմբագրումը մի այլ Հռչակագրի, այդ ել՝ Հայաստանի Անկախության Հռչակագիրը:

      Զորս ինք է ստորագրել, իր նուրբ մատներով…

      «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`
      (…)
      գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ….»

      Հայաստանի Անկախության Հռչակագիր
      23.08.1990, ք. Երեւան

      Ստորագրեց ՝ Լ. Տեր-Պետրոսյան, ՀՀԳԽ Նախագա

  6. gib.gibindus says:

    Վերջին 25 տարվա տառապանքները, որ կրեց հայ մարդը`մի օգուտ կարող էր տալ. Հայաստանում հաստատվեր “ընդդիմություն” գաղափարը: Կարևոր չէ, թե ով ում է դեմ` դիմություն-ընդդիմություն ինստիտուտը պետք է ստեղծվեր: Բայց ավաղ, ինչ որ հանճարեղ ծրագիր է գործում (չգիտեմ ովքեր են հեղինակները) , որով ոչնչացվում է այդ գաղափարը: Վազգեն Մանուկյանից սկսած, երբ ԱԺ ճաղերն էին ճանկռտում, վերջացրած անհեթեթ Գագոյով, ոչնչացրին այդ վերջին հույսը: Հիմա էլ մնացել է Նիկոլը, որի տրիվիալ մտքերը լսողները կզզվեն վերջնականապես: Ահա և ձեզ հանճարեղ պլան, որի հեղինակները երևի հայ չեն, հայախոս են:

  7. Արսեն says:

    Սպասել…
    Չունեք այդ ճոխության իրավունքը… «Սպասել» կարող է՝ Նորվեգիան, մինչև մնացածը կհասնեն իրին, բայց ոչ Հայաստանը՝ որը գնում է շարքի վերջից …
    Սպաաելը՝ նշանակում է ավելանալու է ձեր և մնացած աշխարհի տարբերությունը, որովհետև մնացածը չեն սպասում …
    Սպասել՝ նշանակում է, որ սպասման ամեն օրը, ձեզանից կհեռանան այն մարդիկ, որոնք առաջ են ընկել հասարակության միջինից (ինտելեկտուալ էլիտան, գիտատեխնիկական, տեխնիկական, մասնագիտական… ևն) իսկ «հայրենասերները» կմնան…
    Դուք գտնվում եք ձեզանից ավելի զարգացած, առաջադեմ, և հարուստ համաշխարհային «մագնիսի» կողքին, որը՝ սպասելու դեպում հասարակությունից առանց ջանքի դուրս կքաշի նրա ստեղծած ամենաարժեքավորը։
    Իսկ «հայրենասերները» կմնան…
    Ավարտվել են փակ դռներով ազգային բնակարաններում զարգանալու ժամանակները…

  8. մարդ says:

    Համաձայն եմ Արսենի հետ. Եթե առաջ չես գնում ուրեմն հետ էս գնում. Այն մի ժամանակ էր որ ասում էին «Էշ ջան սպասիր գարուն կգա իոնջա կուտես ». Հիմա այդ «ասացվածքը չի գործում, էշն ասում ա «չինաստանից էլ կարաս իոնջա բերես դաժե ձմռանը ». Մարդուս մտքին տեղ լինի. Իսկ սպասելը 50 տարի առաջ էր առաջադեմ միտք , «Սովետի դարաշրջանում»,

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031