Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. ԵՏՄ-ի պատճառով Հայաստանը մեկուսացվեց աշխարհից

Մարտ 23,2015 20:28

Նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ասել էր, որ Ազատ առեւտրի պայմանագիրը կարճաժամկետ հատվածում Հայաստանին տալու էր մեկ տոկոս տնտեսական աճ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում՝ մինչեւ երկու տոկոս, իսկ Եվրասիական տնտեսական միությունը մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշը:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ: Նա ասաց, որ այդ ուսումնասիրությունները չեն կարող հիմք հանդիսանալ. «Ուսումնասիրությունը՝ ուսումնասիրություն, իրական կյանքն այլ բան է ասում: Եթե Առեւտրի ազատ պայմանագիրը մեզ հնարավորություն էր տալիս դուրս գալ եվրոպական շատ մեծ շուկա՝ արտոնյալ պայմաններով: Միաժամանակ՝ եվրոպական շուկա դուրս գալը նշանակում է նաեւ ներդրողների ներգրավում, ձեռնարկությունների, տնտեսական սուբյեկտների կոոպերացիան իր հետ կարող է բերել նոր կազմակերպությունների առաջացում, արտադրական շրջաններում Հայաստանը կարող էր ներգրավվել գործընկերներին, այսինքն՝ դա իսկապես Հայաստանի համար ստեղծում էր տնտեսական զարգացման կարեւոր հեռանկարներ: Այսինքն՝ մենք դուրս էինք գալիս շատ ավելի նպաստավոր պայմաններով աշխարհի ամենակարեւոր տնտեսական կենտրոնի հետ հարաբերությունների»:

Ըստ նրա՝ 1-2 տոկոս տնտեսական աճը քիչ չէ, իսկ Եվրասիական տնտեսական միության պատճառով Հայաստանը զրկվեց այդ ամենից, մեկուսացվեց աշխարհից. «Եվրասիական տնտեսական տարածքն ի սկզբանե տնտեսական զարգացման առումով մեզ ոչինչ չէր կարող տալ: Շատ պրիմիտիվ է, երբ քննարկվում է պարզապես ապրանքների փոխանակման մակարդակով, կարծես թե մենք այնքան ապրանքներ ունեինք շուկան բավարարելու համար, որ ընտրեցինք դա: Մենք, ըստ էության, ոչինչ չունեինք առաջարկելու, ընդ որում, տեսնում ենք, որ մեր այդ առաջարկածը տեղ չունի: Եվրասիական տնտեսական տարածքում կոոպերացիան անիմաստ է, բազմաթիվ փորձեր են եղել, բայց այդ ամեն ինչ ձախողվել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031