Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չպետք է այդ դժոխային պատմության տակ մնանք». «Լռության ճիչը»

Մարտ 30,2015 17:58

Ապրիլի 22-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ (այժմ՝ Դիարբեքիր) քաղաքում կբացվի ֆրանսիական «Le Monde» հանդեսի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Լռության ճիչը» ցուցահանդեսը:

Լուսանկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում լույս է տեսել ցուցահանդեսի երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված են իր՝ 27 տարվա ընթացքում արած լուսանկարներից 113-ը, բայց ցուցահանդեսին կլինեն դրանցից 80-ը: Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի նաև 30 րոպե տևողությամբ ֆիլմ, որը կպատմի լուսանկարների ստեղծման մասին:

Ի դեպ, «Լռության ճիչը» անվանումը հենց այնպես չի ընտրվել, այն խորհրդանշական է. «Լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի, բայց շատ բան կարող է ասել: Ես այն օգտագործեցի, որպեսզի լռությամբ փոխանցեմ խոսքը: Լռությունը նաև այն խորհուրդն ունի, որ թուրքերը լռում են ու չեն ընդունում, որ ցեղասպանություն են կատարել»,- ասաց Ա. Ագուջյանը:

Հատուկ է ընտրված նաև ցուցահանդեսի օրը. լուսանկարիչն ապրիլի 24-ին չի անելու այն, որպեսզի չխանգարի Ստամբուլում այդ օրը տեղի ունենալիք մեծ ցույցին: Չի վախենում, որ թուրքերը կխանգարեն իր մտահղացմանը. դեռևս 2011 թ. Ստամբուլում ունեցել է ցուցահանդես. «Իհարկե, Թուրքիայում ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց ինձ համար սա շատ թանկ ծրագիր է, և կարևորն այն է, որ այն տեղի ունենա: Այդ երկրում կա մարդկանց մի խումբ, որ ագրեսիվ կերպով փորձում է խափանել հայերի հետ կապված ամեն բան, բայց կան և մարդիկ, որ պատրաստ են աջակցել մեզ, և եթե նման մարդիկ չլինեին, ես չէի կարողանա ոչինչ անել: Մտավորականները, ժողովուրդն սկսում են հասկանալ, որ եղել է նման բան, բայց կառավարությունը շարունակում է առաջ տանել իր ժխտողական դիրքորոշումը…

Իմ աշխատանքը մի կաթիլ է, և եթե ամեն մեկը մի-մի կաթիլ ավելացնի, ինչ-որ բան կփոխվի: Մենք չպետք է այդ դժոխային պատմության տակ մնանք, ընդհակառակը՝ պետք է կառուցենք ու կառուցենք և մտածենք այն մասին, թե ինչ ենք թողնելու մեր սերունդներին»,- համոզված է Ա. Ագուջյանը:

Ցեղասպանությունը վերապրած շատ հայերով բնակեցված ֆրանսիական մի քաղաքում ծնված լուսանկարիչն ասում է, որ մեծ տատիկն ու պապիկը, մյուս հայերն իրեն փոխանցել են իրենց պատմությունները, որոնք էլ ինքը փորձել է լուսանկարչության միջոցով փոխանցել մյուսներին: «Այն, ինչ այսօր պատմում եմ, լսել եմ մանկությանս տարիներին: Սփյուռքի հայերը շատ մոտիկ էին իրենց մշակույթին, իսկ լուսանկարչությունն ինձ դա ներկայացնելու հնարավորություն տվեց:

27 տարվա ընթացքում ես եղել եմ այն տեղերում, որտեղ հաստատվել են հայերը Ցեղասպանությունից հետո: Բազմիցս այցելել եմ նաև Հայաստան, Ջավախք ու Ղարաբաղ, բայց այժմ ավելի կենտրոնացած եմ Թուրքիայում նկարահանումներ կատարելու վրա: Վերցնում եմ ժամանակակից իրադրություն, բայց լուսանկարն այնպես եմ անում, որ փոխանցում է հին պատմություն, և նկարին նայելիս չես կռահում՝ այն երբ է արվել. հիման եմ նկարում, որպեսզի պատմեմ հին պատմություն»,- բացատրեց նա:

Ա. Ագուջյանը Հայաստանում դեռևս ցուցահանդես չի ունեցել: Նրա խոսքով՝ ցուցահանդես կազմակերպելը հեշտ գործ չէ, և պետք է ինչ-որ կազմակերպություն օգնի իրեն այդ հարցում: Հրավերի դեպքում լուսանկարիչը մեծ սիրով կներկայացնի իր պատմությունը նաև հայաստանցիներին. «Հուսով եմ, որ պայմանավորվածություն ձեռք կբերենք»,- ասաց նա:

Իսկ լուսանկարչի՝ Հայաստանում գտնվելը եվրոպական հեռուստաընկերության ֆրանսիական մասնաճյուղի նախաձեռնությունն է. «Գիրք-ալբոմը տեսնելուց հետո նրանք կազմակերպեցին իմ երկօրյա այցը Հայաստան, որի ընթացքում էլ նկարահանումներ կարվեն իմ գրքի և ընդհանրապես Հայոց ցեղասպանության թեմայով, իսկ պատրաստված նյութն ապրիլի 24-ին կցուցադրվի 150 երկրների համար հեռարձակվող հեռուստաալիքով»,- տեղեկացրեց Ա. Ագուջյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031