Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին անորոշության մեջ է պահում. «Ժողովուրդ»

Մարտ 31,2015 11:39

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս հստակեցված չէ, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման որ մոդելն է ընդունելի համարում։ Ա. Մինասյանը նշեց, որ այդ հարցում անորոշ վիճակ է։

– Պարոն Մինասյան, ԱԺ պատգամավորներին արդեն բաժանվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Արդեն ուսումնասիրել եք այն, արդյո՞ք սա այն էր, ինչ ցանկանում էր ՀՅԴ-ն։

– Նախ որպեսզի հասկանալի լինի, թե մենք ինչ էինք հետապնդում ու ինչ ունենք այսօր, պետք է որոշակի կարճ ակնարկներ անենք։ Երբ հռչակվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու նախագահի մտադրությունը, մենք աշխատել ենք մասնագիտական հանձնաժողովի հետ, մեր մոտեցումները ներկայացրել ենք։ Թե՛ մեր նախկին եւ թե՛ ներկա մոտեցումները մենք ներկայացրել ենք 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ մեր 7 կետանոց առաջարկների հիման վրա։ Մասնագիտական հանձնաժողովն իր առաջին տարբերակը հրապարակելիս նշեց, որ հնարավոր երկու տարբերակ կա՝ կիսանախագահականը զարգացնելու կամ խորհրդարանական համակարգին անցնելու։ Մենք նորից պնդեցինք, որ կիսանախագահականը զարգացնելու տարբերակն ապագա չունի, միակ տարբերակը պառլամենտական կառավարման տարբերակին անցնելն է։ Ու այդ աշխատանքի արդյունքում ծնվեց վերջնական տարբերակը, որը որ ներկայացվեց հանրապետության նախագահի հաստատմանը։ Հերթական տարբերակի հիման վրա մենք հրապարակեցինք արդեն մեր մյուս մոտեցումները, որն արդեն 10 կետից է բաղկացած կամ 28 ենթակետից, որտեղ տվել ենք մի շարք ուղղություններով կոնկրետ տեսակետ։

Նշել ենք, որ պառլամենտական ձեւի անցումը նշանակում է, որ մեկ մանդատ ունեցող իշխանություն պետք է լինի երկրում, այն էլ՝ պառլամենտական, եւ դրա ընտրության որակական փոփոխության համար անհրաժեշտ է ընտրական համակարգի ամբողջական վերանայում։ Իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, տեղական ինքնակառավարման նոր մոդելի որդեգրում, դատական իշխանության անկախության սահմանադրական նոր մեխանիզմի ամրագրում, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների իրացման եւ իրավունքի գերակայության սկզբունքի իրագործման մեխանիզմների ամրագրում։ Սրանք ես ներկայացրեցի ընդհանրական կարգով, իրականության մեջ փոխվում է ամբողջ մի պետական կառավարման մեխանիզմ։ Այլ կերպ ասած՝ այս փուլում մեր տեսակետն է՝ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այս հայեցակարգը, որպես ամբողջություն, հայեցակարգի մակարդակով մեզ համար ընդունելի է, բայց շատ կարեւոր է բուն տեքստերի մշակումը։ Երբ տեքստերը կմշակվեն, ու մեր առաջարկները կիրացվեն այնտեղ, մենք միանշանակ կողմ ենք լինելու այդ փոփոխություններին։ Բայց եթե նորից շարունակվի անորոշությունը պահպանվել՝ կիսանախագահական թե պառլամենտական, ապա մենք շատ կտրուկ ենք ասել, որ մենք պառլամենտականին ենք կողմ, իսկ կիսանախագահականի որեւէ զարգացմանը կողմ չենք։

– Հիմա Սերժ Սարգսյանը անորոշ վիճակո՞ւմ է Ձեզ պահում, հայեցակարգով այդ հարցը դեռեւս հստակեցված չէ՞։

– Հայեցակարգով շատ հստակ է, պառլամենտական կառավարման ձեւն է, բայց հանրապետության նախագահի խոսքը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, որ այնուամենայնիվ դեռ պահպանվում է հնարավորությունը, որ կարող է այս կիսանախագահական զարգացման մեխանիզմը գնա։ Մեզ մոտ պառլամենտական մոդելը ոչ թե պահի ազդեցության տակ ծնված տեսակետ է, այլ 20-25 տարի մենք շարունակաբար պնդում ենք դա ու դրանում համոզված ենք:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031