Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա  դողէրոցքի մեջ ընկավ, երբ ես նրան անմիջապես ճանաչեցի». Հրաչիկ Միրզոյանը՝ իրեն դանակահարողի մասին

Ապրիլ 17,2015 23:49

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ մեղադրվող  Կամո Խաչատրյանի հայրը ՝ ատամնաբույժ Գևորգ  Խաչատրյանը,  շարունակում է պնդել, թե  հանցագործություն կատարողն իր որդին չէ: Մինչդեռ Հրաչիկ Միրզոյանը Aravot.am-ին փոխանցեց, որ անմիջապես  ճանաչել է իրեն դանակահարող անձին, որը Ռուդիկ կամ որ նույնն է՝ Կամո  Խաչատրյանն է:

«Երևի օրգանիզմը մի առանձնահատկություն ունի. վտանգի պահին իր զգացմունքները սրվում են: Մի պահ միայն՝ երկու վայրկյանի չափով, տեսնելով նրա դեմքը` ես այն երբեք չեմ մոռանա մնացած  կյանքիս ընթացքում: Ես մտապահել եմ նրա դեմքը, Ռուդիկի կամ Կամոյի, երկու անուն ունի: Նա շատ յուրահատուկ սանրվածք ունի, ուշադրություն դարձրեք, դա անմոռանալի բան է: Իր տարիքի տղամարդկանց ճակատը բաց է լինում, իսկ Ռուդիկի սանրվածքը ծածկում էր ճակատը: Այնուհետ ես ճանաչել եմ նրան՝ թղթակիցների ներկայացրած լուսանկարի մեջ: Այնուհետ քննչական մարմնի կողմից կազմակերպվել է ճանաչում  և առերեսում, և ճանաչման ընթացքում 5 մարդու միջից ես անսխալ  ճանաչել եմ  (այսպիսով`ստացվում է, որ հիմնական տուժողը անսխալ ճանաչել է նրան): Իսկ թե ինչո՞ւ  Ռուդիկը դեպքից հետո  4 օր մնաց ազատության մեջ, թող քննչական մարմինն այդ մասին վարկած հորինի, համենայնդեպս ես կարծում եմ, նրանք փորձում են ինչ-որ խուսափել պատասխանատվությունից»,- ասաց Հրաչիկ Միրզոյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորն, անդրադառնալով  ատամնաբույժ Գևորգ  Խաչատրյանի այն հայտարարությանը, թե իր որդին չէ դանակահարողն, ասաց. «Ես գտնում եմ, որ նրանք պաշտպանվելու իրավունք ունեն,  և իրենց վարկածներն են առաջ տանում, այդպիսի մի վարկած արդեն ներկայացրեցին առերեսման ժամանակ, որի իմաստն այն էր, որ ես ընկել եմ նրա դանակի տակ կամ դանակի վրա:  Նրանք՝ Ռուդիկն ու  իր փաստաբանը  իբրև թե նույնիսկ  չգիտեին, թե ինչ կար Ռուդիկի  ձեռքին: Ամբողջ խնդիրը, իհարկե, ոստիկանության կրավորական կեցվածքն էր: Ոստիկանը, որը հետապնդում էր նրան, անմիջապես անհետացավ, երբ մարդիկ դանակահարվելուց հետո ինձ առաջին օգնությունն էին ցույց տալիս: Ականատեսները երևի թե մի 5-6, գուցե 10 հոգի էին ու մի ոստիկան, որն անհետացավ: Փաստորեն մարմնական վնասվածք հասցնողը 4 օր չներկայացավ  ոստիկանություն և բերման չենթարկվեց, հետո ներկայացել է մեղայականով: Հիմա ի՞նչ է փոխվել, չեմ հասկանում», -ասաց Հրաչիկ Միրզոյանը:

Մենք պարոն Միրզոյանից հետաքրքրվեցինք նաև, թե իր ու ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանի միջև որևէ ծանոթություն կա՞:  Գևորգ  Խաչատրյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ  ինքը  հարգում է Հրաչիկ Միրզոյանին, եթե ինքը լիներ Թատերական հրապարակում, օգնություն ցույց կտար  նրան: «Ես պարոն Խաչատրյան Գևորգին և իր որդուն  չեմ ճանաչել երբեք, ես նրա մասին լսել եմ հակասական կարծիքներ՝ բացասական, այո, նաև դրական կարծիքներ: Ես հարգում եմ նրա՝ իր զավակին, 35 տարեկան զավակին պաշտպանելու ծնողական մղումը, բայց պատասխանատվությունից խուսափելը կամ քննչական մարմնի վրա  ազդեցություններ ունենալը, ինձ թվում է, կոռեկտ չէ նրա կողմից»,- ասաց  մեր զրուցակիցը:

Նա նաև ասաց, որ միայն բացասական կարծիքներ է լսել Կամո կամ որ նույնն է՝ Ռուդիկ  Խաչատրյանի մասին:  «Եթե հոր մասին լսել եմ  և՛ լավը, և՛ վատը, տղայի մասին ինձ անծանոթ մարդկանցից միայն բացասական բաներ եմ լսել: Գյումրեցիներն, անուն չեմ կարող տալ, որովհետև ուղղակի  չեմ ճանաչում նրանց, այնտեղ շատերն էին, ասում էին, թե տղայի հիմնական զբաղմունքն ավտոմեքենաների թալանն է:  Նա փոքրիկ խումբ ունի, իսկ դուք տեսաք, որ նա այդ խմբի ղեկավարն էր հանրահավաքի ժամանակ, գործում էր ակնհայտորեն  ցինիկ, առանց  քաշվելու ոստիկանությունից: Ըստ երևույթին, հանցագործության պսակն էլ մարմնական վնասվածք հասցնելն էր իր կողմից:

Ոստիկանության կրավորական պահվածքը… ահա հիմնական խնդիրը, ահա  դեպքի  հիմնական  պատճառը: Ես վստահ եմ, որ եթե նրա ձեռքը բռնեին, չէր լինի այդ հանցագործությունը, բայց, ըստ երևույթին,  ոստիկանությունը համագործակցում էր նրանց հետ: Հիմա ոստիկանությունը կսկսի պաշտպանվել, բայց իրականությունն այդ  է, ոստիկանը դանակահարությունից հետո անմիջապես անհետացավ, փոխանակ հետապնդեր հանցագործին կամ գոնե ինձ առաջին օգնություն ցույց տար…»:

Aravot.am-ը Հրաչիկ Միրզոյանից հետաքրքրվեց, թե առերեսման ժամանակ ինչպե՞ս էր իրեն պահում Կամո Խաչատրյանը: «Իհարկե, նա անմիջապես դողէրոցքի մեջ ընկավ, երբ նրան ճանաչեցի, նա սկզբում շատ հանգիստ, հանդարտ հայացքով, մյուսների նման նայում էր  պատին, իսկ երբ ես նրան  ճանաչեցի, նա դողէրոցքի մեջ ընկավ: Դե պարզ է, հոգեբանական խնդիրներ ունեցավ, չեմ ասում  թե չկարողացավ  տիրապետել իրեն, որից հետո մոտավորապես սկսեց պատմել՝ այ, ես այս մոտիկ մահճակալին պառկել եմ, հիվանդ տղա եմ, ա՛յ, ես երկու երեխա ունեմ փոքրահասակ, ես ծնողասեր  զավակ եմ ու ծնողիս հանձնարարությամբ ինչ-որ գործիք էի տանում սրելու  վարպետի  մոտ….  Ես նրան անմիջապես ընդհատեցի, որովհետև  շատ արագ հասկացա, որ նրա բառապաշարը  չեմ հասկանում՝ գողական, ժարգոնախառն, ինչ-որ.  «Ես այնպես հասարակ մարդ չեմ,  ես հենց այնպես մարդ չեմ  դանգի, այ այսպիսի արտահայտություններով… Հիմնական խոսողն իր փաստաբանն էր»:

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորին հարցրեցինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում նախաքննության ընթացքը: «Սկզբի համար շատ օպերատիվ  էր: Արդեն անցել է 5-6 օր, ես Երևանում եմ, տանը պառկած եմ, որևէ մեկը ինձ չի անհանգստացրել, կարծես թե գործը պատրաստ է, կամ թե հիմնական գործը կատարվեց, հարցաքննությունները կարծես թե անցկացրեցին, թե ինչո՞ւ են լռել, ինձ համար պարզ չէ: Ես չեմ շտապում, չեմ կարող միջամտել նախաքննության ընթացքին, իրենք են որոշողը: Քննչական մարմինը շատ օպերատիվ արձագանքեց, շա՛տ օպերատիվ, դեռ չէին վիրահատել, արդեն քրեական գործը հարուցված էր»:

Հրաչիկ Միրզոյանը հավելեց, որ եթե Կամո  Խաչատրյանը լիներ 18 տարեկան, ինքը կմտածեր, որ նրա խելքը «կերել» են, գուցե և ներեր: «Բայց նա 35 տարեկան է ու երկու  երեխայի հայր:  Նա հանցագործների խումբ էր ղեկավարում: Ճանաչելով  այսօրվա մեր արդարադատության համակարգը, ես կարծում եմ հազիվ թե ամբողջովին բացահայտվի  այդ խմբակային հանցագործությունը,  և նրա հիմնական պատվիրատուն բացահայտվի:  Այդ պատճառով ես  բավականին լոյալ եմ վերաբերվում Ռուդիկ /Կամո/ Խաչատրյանին: Ես հասկանում եմ, որ հիմնական մեղավորը դրսում է մնալու, բայց որ Ռուդիկն է դանակահարողը, կասկած անգամ չունեմ: Չե՛մ կարող ինքս ինձ խաբել»:

Հրաչիկ Միրզոյանն ասաց, որ  ինքը ծանր վիրահատությունից հետո վերականգնվում է: «Ճիշտ է՝ շատ աշխատանքներ,  մանավանդ գյուղատնտեսական  աշխատանքներ  հետ ընկան, սակայն փառք տանք  Արարիչին, որ այդքանով պրծանք»,-ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անկախաբար յանցագործի ինքնութեան հաստատման օրինական նիւթից – դատարանին գործն է այդ -, ամէն պարագայի եւ որեւէ տեսակէտից՝ դաշիւնահարումը բացարձակապէս անարդարանալի է: Կրնար մարդը մեռնի՛լ: Եւ ինչի՞ համար… Չափ ու սահման, Աստուծոյ սիրոյն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930