Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում ձերբակալել են «Ալ-Քաիդայի» անդամների, որոնց թիրախը ժամանակին նաեւ Հռոմի պապն է եղել. Reuters

Ապրիլ 24,2015 22:22

Իտալական ոստիկանությունը մեծամասշտաբ գործողություն է իրականացրել Իտալիայի տարածքում գործունեություն ծավալած «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ցանցի դեմ:

Ռոյթերսը, հղում անելով իտալական ոստիկանությանը, ասում է, որ Իտալիայում առավոտ վաղ ձերբակալվել է «Ալ Քաիդա» ցանցի տաս անդամ, եւս ութը ներկայումս հետախուզման մեջ են: Ըստ տեղեկությունների՝ Իտալիայի տարածքում «Ալ Քաիդայի» ցանցի բջիջների մեծամասնությունը գործում էր Սարդինիա կղզում: Ռուսական «Լենտան» էլ ավելացնում է, որ Իտալիայում «Ալ Քաիդան» հայտնվել է 2005 թվականից եւ բաղկացած էր հիմնականում Պակիստանի քաղաքացիներից, այդ թվում՝ հաջողակ գործարարներից, որոնք օրինական առեւտրային գործունեություն էին իրականացնում, սակայն այդ գործարքների արդյունքում ստացած գումարների մի մասը փոխանցել են «Ալ Քաիդային»: Նրանցից մեկն իր գործընկերների մոտ պարծեցել է, թե իրեն Իտալիա է ուղարկել անձամբ Ուսամա բեն Լադենը: Իտալիայի ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում են նաեւ բեն Լադենի երկու նախկին թիկնապահ:

Այդ կազմակերպությունը, ի թիվս այլ բաների, նաեւ մարդկանց առեւտուր էր իրականացնում՝ Աֆրիկայից եւ Ասիայից անօրինական ճանապարհով միգրանտներ տեղափոխելով: Իտալական ոստիկանության հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներից մի քանիսը կասկածվում են Պակիստանի Փեշեվար քաղաքում 2009 թվականին իրականացված եւ ավելի քան հարյուր մարդու կյանք խլած պայթյունը կազմակերպելու մեջ: Նրանք նաեւ ահաբեկչական գործողություններ են կազմակերպել Աֆղանստանում: Բացի այդ, ասվում է, որ զինյալները 2010 թվականին մտադրություն են ունեցել Հռոմի Բենեդիկտոս 16-րդի դեմ ահաբեկչական գործողություն կատարելու, սակայն հետո, կարծես թե, հրաժարվել են այդ մտքից: Իտալական ոստիկանությունը ասում է, որ կասկածներ կային, թե նախատեսվում էր ինքնասպանություն՝ ամբոխի մեջ, եւ այդ պատճառով ավելի քան չորս տարի շարունակ Վատիկանի գլխավոր՝ Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում ուժեղացված հսկողություն էր իրականացվում:

Ոստիկանները նշել են, որ իրենք ապացույցներ չունեն, սակայն ունեն խորը կասկածներ, որ Վատիկանը եղել է զինյալների թիրախներից մեկը: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին «Ռոյթերսին» ասել է, որ ենթադրյալ ահաբեկչությունը Վատիկանի վրա անցած-գնացած պատմություն է, եւ նոր բացահայտումները մտահոգությունների տեղիք չեն տալիս:

Այնինչ Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն ասել է. «Մենք բոլորս վախենում ենք, քանի որ չգիտենք, թե ինչ կարող է լինել»:

«Ռոյթերսն» իր կողմից հավելում է, որ հունվարին Փարիզում «Շարլի Հեբդոյի» խմբագրատան դեմ իրականացված ահաբեկչությունից հետո Իտալիան եւս, ինչպես բազմաթիվ այլ եվրոպական երկրներ, անհանգիստ է իր բնակչության ապահովության համար, քանի որ բազմահազար ներգաղթյալներ ունի, որոնք ամեն շաբաթ հայտնվում են Եվրոպայի ափերին, եւ որոնց թվում, չի բացառվում, լինեն թաքնված զինյալներ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930