Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է՝ հայկական բալետն ընդգրկվի եվրոպական ընտանիք»

Մայիս 06,2015 13:00

Շվեդիայի թագավորական բալետի
մենապարող Արսեն Մեհրաբյանի նկատառումները

«Վաղուց անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», շրջանցել ժամանակակից ու մոդեռն պարերի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների սպեկտորը»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը (լուսանկարում): Հայտնեց նաեւ, որ ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի, թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Մեր զրուցակիցը օրերս Ազգային օպերային թատրոնում հանդես եկավ 2006թ. Եվրոպայի առաջատար թատրոններում հանդես եկող իր արվեստակից ընկերների հետ հիմնած «Հզոր զգացմունքներ» շոու-բալետի կազմում: Նրանք ժամանել էին հայրենիք՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի կազմակերպած «Պարենք հանուն խաղաղության» միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով:

the_boys

«Հզոր զգացմունքներ» շոու-բալետը:

«Հզոր զգացմունքների» կազմում էին նաեւ «Շտուտգարդ բալետի» մենապարող Արման Զազյանը, «Բեռլին բալետի» առաջատար պարող Գեւորգ Ասոյանը, Շվեդիայի թագավորական բալետի արտիստ Ադլիջան Աբդուռահմանը: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ այս անգամ հայրենիք չեն ժամանել շոու-բալետի հիմնադիրներից Արման Գրիգորյանը, Տիգրան Միքայելյանը, Վահե Մարտիրոսյանը, Արսեն Մեհրաբյանը հիշեցրեց, որ պատճառը տարբեր թատրոններում աշխատելն է ու գրաֆիկների անհամատեղելիությունը: Տարբեր տարիների «Հզոր զգացմունքները» հայ հանդիսատեսին է ներկայացրել նաեւ բարձրարվեստ արտիստների Կանադայից, Չեխիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Շվեդիայից: Ի՞նչ նպատակով է արվում դա: Մեր զրուցակիցը նշեց, որ շոու-բալետի ծրագրերում իրենք մշտապես հրավիրում են օտարազգիների, օրինակ՝ այս պահին աշխատում են ռուս արտիստների հետ: Իսկ նպատակը մեկն է՝ հայ հանդիսատեսին ներկայացնել նաեւ «դրսում» ճանաչված հայտնի անունների:

Հիշեցրինք, որ ժամանակին մեզ հետ հարցազրույցում արվեստագետն ասել էր, թե «Հզոր զգացմունքների» հետ ինքն իրականացնում է բեմադրություններ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի եւ մեր մյուս երեւելիների երաժշտությամբ: Իսկ չի՞ պատրաստվում բեմադրություններ անել նաեւ Հայաստանում, Արսեն Մեհրաբյանը պատասխանեց. «Բարեկամություն» անսամբլի հետ ձեռնամուխ եմ եղել երկու-երեք աշխատանքների, այդ թվում՝ Ալան Հովհաննեսի երաժշտությամբ «Արշիլ Գորկի. «Վերջին նամակը» բեմադրության աշխատանքներին՝ Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով, որը մոտ ապագայում, ի թիվս մյուսների, կցուցադրվի Երեւանում»:

Մեր զրուցակցին փոխանցեցինք վերջին շրջանում մեզանում, մասնավորապես՝ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի կողմից հնչեցվող հետեւյալ միտքը, թե ժամանակն է, որ հայկական բալետը ընդգրկվի եվրոպական կամ միջազգային բալետային արվեստի ընտանիք: Ո՞րն է դրան հասնելու ճանապարհը հարցին Արսեն Մեհրաբյանը նշեց մի քանի բաղադրիչ, այդ թվում՝ ամենօրյա 7-8-ժամյա պարապմունք, խաղացանկի ընդլայնում. «Անհրաժեշտ է Եվրոպայից կամ Ռուսաստանից հաճախ հրավիրել խորեոգրաֆների՝ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի հետ բեմադրություններ իրականացնելու համար: Դրանից հետո բարձրարվեստ այս կամ այն բեմադրության լուրը կտարածվի աշխարհում…»: Ասաց նաեւ, որ, օրինակ, «Հզոր զգացմունքների» հետ ժամանակին աշխատել են աշխարհահռչակ բալետմայստերներ Հայնց Շպյոռլը (Շվեյցարիա), Իրժի Բուբենիչեկը (Չեխիա), Վիլյամ Ֆորսայթը (ԱՄՆ) եւ ուրիշներ: Հավելեց նաեւ, թե մեծ նշանակություն ունեն նաեւ հյուրախաղերը, հիշելով 2014թ. մեր թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով Խաչատրյանի «Գայանե»-ի հյուրախաղերը Մարիինյան թատրոնում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031