Արմեն Ռուստամյան. «Ժողովրդավարությունը ավելի շատ օգնում է կոնֆլիկտների լուծմանը, քան խանգարում». (Տեսանյութ)

Արմեն Ռուստամյան. «Ժողովրդավարությունը ավելի շատ օգնում է կոնֆլիկտների լուծմանը, քան խանգարում». (Տեսանյութ)

Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախումբը հունիսի 8-9 Երեւանում ժողով է գումարել: Ժողովի ավարտից հետո ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, որը եւս մասնակցում էր ժողովին, ասաց, որ հանձնախմբի ժողովը շատ յուրահատուկ ձեւաչափ է:

«Նա շատ առանձնահատուկ հարթակ է հանդիսանում, շատ յուրահատուկ, կարեւոր ձեւաչափ է, որ մենք կարողանանք բաց, անկեղծ քննարկումների միջոցով  անդրադառնալ մեր բոլոր խնդիրներին: Այստեղ հանդիպում են այլ տեղերում այդ հնարավորությունը չունեցող այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ներկայացնում են այսօր կոնֆլիկտի մեջ գտնվող երկրներ: Մասնավորապես՝ ինձ համար շատ կարեւոր արտահայտություն է այն, որ  Հարավային Կովկասի բոլոր երկրների սոցիալ-դեմոկրատական ուղղվածության քաղաքական ուժերը այս հարթակի վրա է, որ կարողանում են հանդիպել եւ բաց, անկեղծ քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մեզ հուզում են»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ձեւաչափը երկխոսության հնարավորություն է ստեղծում բարդ հարաբերություններ ունեցող երկրների համար. «Մենք, կոնֆլիկտների հետ կապված, համոզված ենք, որ ներքին ժողովրդավարացումը, երկրներում իսկապես ավելի թափանցիկ, արդյունավետ կառավարման համակարգերի ամրապնդումը կոնֆլիկտների լուծման կարեւոր միջոցներից մեկն է: Ոչ մի ժողովուրդ երբեք չի ձգտում պատերազմի, այլ անկեղծորեն իսկապես ուզում է խաղաղություն հաստատել, եւ ուրեմն՝ ժողովրդավարությունը ավելի շատ օգնում է կոնֆլիկտների լուծմանը, քան՝ խանգարում»:

Նա հավելեց, որ պետք է թույլ չտալ, որ կոնֆլիկտների առկայությունը արհեստականորեն խոչընդոտի երկրներում ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ընդդիմության դերի սահմանափակմանը. «Սա, կարծում եմ, մեր շատ կարեւոր առաքելություններից մեկն է, այս հանձնաժողովը շարունակելու է այս ուղղությամբ աշխատել, եւ վստահ եմ, որ նորանոր արդյունքներ մենք կարձանագրենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք