Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Բանակցությունները նպատակ են հետապնդում իշխանությունների համար ժամանակ շահել»

Հուլիս 01,2015 00:33

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորել է մնալ օրինապահության սահմաններում, բացառել վիճակի անկառավարելի եւ անկանխատեսելի զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության եւ գործակցության հարթություն:

Այս հայտարարության մասին Aravot.am-ը զրուցեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, որը մասնակցում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցին:

«Մինչ օրս իշխանությունների արված բոլոր առաջարկները մերժվել են, մերժումը հստակ հիմնավորվել է, որ առաջադրված են նվազագույն պահանջները, եւ այս նվազագույն պահանջները պետք է կատարվեն: Այսինքն՝ հստակ հարց է առաջադրվել, որ սակագնի թանկացման մասին իշխանությունները պետք է ընդհանրապես մոռանան, ոչ թե փորձեն կասեցնեն, ինչ-որ խաղեր տան, մոլորեցնեն ժողովրդին, այլ ընդհանրապես հրաժարվեն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մտքից: Հիմնական մյուս պահանջն այն է, որ լույս 23-ի գիշերը խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն եւ ուժ կիրառած բոլոր ոստիկանները եւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:

Արգիշտի Կիվիրյանը ընդգծեց, որ իշխանությունը տեղյակ է, թե ինչ պահանջներ ունեն ցուցարարները: Ըստ նրա՝ այս պարագայում՝ իշխանությունները կա՛մ պետք է կատարեն այդ պահանջները, կա՛մ չկատարեն. «Ի՞նչի մասին պետք է բանակցեն այս կամ այն անձինք: Ակնհայտ է, որ այդ բանակցությունները կրելու են ձեւական բնույթ, այդ բանակցությունները ընդամենը նպատակ են հետապնդում իշխանությունների համար ժամանակ շահել, փորձել մոլորեցնել մարդկանց, որպեսզի այստեղ հավաքված մարդկանց հանեն Բաղրամյան պողոտայից: Իշխանությունը կա՛մ պետք է հստակ կատարի այդ պահանջները եւ դրանից հետո երկրում կուտակված հազար ու մի հարցի շուրջ կարող են նստել բանակցել, բայց այդ նվազագույն դրված պահանջը իշխանությունը պետք է հստակ կատարի»:

Վերլուծաբանը նկատեց, որ ցուցարարների երեք պահանջներից ոչ մեկն իր լուծումը չի ստացել. «Ինքն ընդամենը զբաղված է մարդկանց մոլորեցնելով, ոստիկանների միջոցով այստեղ ուժ կիրառելով, սադրանքներ կիրառելով, տարատեսակ միջոցներով ժողովրդին այստեղից հանելու փորձերով, տեսաք մի քանի օր առաջ իրենք փորձեցին մարդկանց այստեղից հանել տանել Ազատության հրապարակ, այդ փորձն էլ տապալվեց: Իրենք պետք է վերջապես հասկանան, որ իրենք պետք է հստակ կանգնեն, լուծում տան խնդիրներին, մնացած այդ եղանակները մինչ օրս աշխատեցին իրենց դեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    “Բոլոր ճանապարհները տանում են դեպի” – ԱՄՆ-ի դեսպանատուն:
    պեչկեքով սկզբնախաղը պԼծավ:
    սկսում է ֆիգուռնարով խաղը:
    խաղի մեջ են մտնում օՎիցեռները ու Ձի-երը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031