Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք իրար չենք խնայում

Հուլիս 08,2015 12:00

Հետո զարմանում ենք, որ հեղինակություններ չկան

Հայաստանում չկա անկախ հասարակական մարմին, չկան նաեւ անհատ գործիչներ եւ մտավորականներ, որոնց կարծիքը հեղինակավոր կլիներ բոլոր շերտերի եւ քաղաքական ուժերի համար։ Սովորաբար այս կամ այն կողմից հնչում են մեղադրանքներ, որ այդ մարդիկ վատն են, ծախված են, վարկաբեկված, մենք մտավորականություն չունենք եւ այլն։ Հիմնական պատճառն, իմ կարծիքով, այն է, որ անկախ Հայաստանի 25 տարվա ընթացքում մենք իրար չէինք խնայում. հենց որ տեսնում էինք, որ որեւէ մեկը թեկուզ փոքր, թեկուզ հարաբերական հեղինակություն է ձեռք բերում, մենք ամեն ինչ անում ենք այդ մարդու վրա «կեղտ բռնելու» համար։ Եվ քանի որ չկա մեր մոլորակում որեւէ մահկանացու, որի վերաբերյալ հնարավոր չէ որեւէ բացասական բան ասել, խանդի, նախանձի, անբարեխիղճ մրցակցության վրա հիմնված իրական կամ հնարած այդ պատմությունները դառնում են գնահատականի չափանիշ, եւ մարդկանց խոսքը, միտքը արժեզրկվում է։

Թվում է, թե նորագույն պատմության մեջ մենք չունենք ավելի նշանավոր արվեստագետներ, քան Տիգրան Մանսուրյանն է եւ Հրանտ Մաթեւոսյանը։ Բայց երբ նրանք 1996 թվականին քարոզում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այդ մարդկանց ծաղրում էին, փնովում, պիտակավորում էին որպես «ծախվածների»։ Այսինքն՝ նրանք անվերապահ հեղինակություն չունեին, քաղաքացիները չէին ասում՝ եթե այդ տրամաչափի արվեստագետներն ինչ-որ բան են ասում, ուրեմն մի բան գիտեն։ 98-ից հետո էլ «հակավանոյական» հիստերիայի շրջանակներում տաղանդավոր բանաստեղծուhի Սիլվա Կապուտիկյանը սկսեց Հրանտ Մաթեւոսյանի հասցեին ծանր մեղադրանքներ հնչեցնել, բայց նրա խոսքն էլ անվերապահորեն հեղինակավոր չէր, եւ նրան նույնպես մենք չխնայեցինք։ Դա բնական է. նա իր գործընկերոջը չխնայեց, նրան էլ, ի վերջո, չխնայեցին։
Հասարակական, ոչ քաղաքական գործիչների մեջ առաջին շարքերում, հավանաբար, պետք է լինեն հոգեւորականները։ Մենք ունենք Աստծո հրաշալի սպասավորներ՝ իհարկե, ոչ ամենաբարձր մակարդակներում։ Բայց այս ոլորտում էլ, որքանով էլ մենք արտաքնապես պահպանենք ծեսերը, մեր մեջ մտել է որոշակի ցինիզմ. մենք ծաղրում ենք աղոթքը, ներողամտությունը, փոխադարձ սերը։ Այսինքն՝ այստեղ էլ անվերապահ հեղինակություններ չունենք, մենք չենք խնայում ոչ միայն իրար, այլեւ մեր սեփական մարդկային էությունը։

Բայց կա, հավանաբար, եւս մի խնդիր, որը հոգեբանության մեջ կոչվում է «բնավորության ամբողջականություն»։ Եթե ես Պետրոսի հետ բամբասում եմ Պողոսից, Պետրոսը բոլոր հիմքերն ունի մտածելու, որ ես նույնն եմ անելու Պողոսի հետ զրուցելիս։ Այսինքն՝ ես այլեւս չեմ ընկալվում որպես մեկ ամբողջականություն, որը բոլոր պարագաներում պաշտպանելու է իր սկզբունքները՝ անկախ նրանից, թե ում ինչ է դուր գալիս։ Կռվելը, ճչալը, ոտքերով դոփելը, ինձ թվում է, տվյալ պարագայում սխալ է՝ դա կնշանակի, որ դու որեւէ կողմից «պայքարի մեջ ես»։ Ցածրաձայն, զուսպ, առանց որեւէ մեկին վիրավորելու ասել քո կարծիքը եւ կախված միջավայրից՝ այն չփոխել՝ դա է ամենադժվարը։ Մեր հասարակական գործիչները, ինձ թվում է, չափից դուրս շատ են մտահոգված, թե ով ինչ կասի եւ ով ինչ կմտածի։ «Արտաքին աշխարհի» գնահատականների հետեւից վազվզելը հատուկ է քաղաքական գործիչներին, բայց խոսքը նրանց մասին է, ով պետք է ունենա համընդհանուր, ոչ թե «թայֆայական» հեղինակություն:

Ահա եւ ստացվում է, որ քիչ թե շատ ճգնաժամային իրավիճակներում որեւէ կողմում չհայտնված մարդկանց խոսքը բացարձակապես հեղինակավոր չէ, եւ այս պայմաններում առաջին պլան են դուրս գալիս ամբոխավարները՝ մարդիկ, որոնց ամեն երկրորդ բառը «ժողովուրդն» է։ Եթե հիմա, օրինակ, մեկն ասի, որ հարգելով ու ողջունելով ցանկացած հասարակական ու քաղաքական պայքար՝ կողմերը պետք է զերծ մնան բախումներ սադրող քայլերից, դա կդիտվի որպես որեւէ մեկի կողմից թելադրված կամ, համենայնդեպս, ոչ անկեղծ քայլ։ Եվ այսօր դեռ «ամենաճգնաժամային» իրավիճակը չի։ Ինչպես ասում են, թող սա մեր ամենադժվար օրը լինի։

… 20-րդ դարի շվեյցարացի հոգեբան Կարլ Գուստավ Յունգր, ով, ինչպես հայտնի է, հետազոտում էր երազների խորհրդանշական դրսեւորումները, գործուղման էր գնացել Ավստրալիա՝ տեղացի ցեղերի կյանքն ուսումնասիրելու: «Դուք տեսնո՞ւմ եք երազներ»,- հարցնում է գիտնականը աբորիգեններին։ «Այո,- պատասխանում են տեղացիները,- բայց մեր երազները ոչինչ չեն խորհրդանշում, մեր ցեղի համար վճռորոշ են մեր ցեղապետի եւ շամանի երազները»։ Յունգը գնում է նշված մարդկանց մոտ, բայց պարզվում է, որ վերջիններս էլ իրենց երազներն այլեւս «նշանավոր» չեն համարում: Ըստ շամանի եւ ցեղապետի՝ հիմա (1930-ականներին) պետք է ուսումնասիրել եւ մեկնաբանել դատախազի, այսինքն՝ անգլիացի պաշտոնյայի երազները։

Ո՞վ է մեր «երազ տեսնողը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ազգային ռազմավարություն՝ եթե Ա հայը Բ հային նեղացնում է, ուրեմն հաստատ այդ երկուսից մեկը կամ երկուսն էլ հայ չեն:
    Ա Պետք է կազմակերպել Հայ Դատ ու նախկինում իրենց հայությունը ապացուցած հայ դատավորները պետք է որոշեն թե այդ երկուսից ո՞ր մեկն է քողարկված ոչ հայը:
    Բ Հայ Դատը պետք է ունենա Հայի ձեւակերպումը եւ օրենքներ ու միջոցներ օրինազանցներին ճիշտ ուղու վրա դնելու համար:
    Գ Հայի ձեւակերպումը՝ դա Հայոց սուրբ գիրքն է, որը բոլոր կրոններից պետք է վերցնի լավագույն գաղափարներն ու ավելացնի դրանց սեփական գաղափարները:

    Երբ կառավարությունը կմաքրվի օրինազանց հայերից ու նրանց տեղը կգան մաքուր հայերը, այդ ժամանակ մենք կունենանք հզոր տնտեսություն, հզորագույն բանակ ու հզոր արտաքին թշնամիներ ու էլ հույսներս չենք դնի կասկածելի գերհզոր պետությունների ու է՛լ ավելի կասկածելի գերգերհզոր վերպետական կառույցների քմահաճույքներին (մեր աստծուց հզոր ուժ չկա, իսկ աստծո ուժը՝ հավատի մեջ է, հավատն էլ անկեղծության մեջ է, իսկ հայը անկեղծ միայն հայ աստծուն կհավատա):

    Շնորհակալություն կառավարությանը ախմախություն չանելու համար:

    Պայքար մինչեւ մեր բոլորի հաղթանակ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031