Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չտեսած ուսուցչի համար դժվար է աշակերտին հայրենաճանաչության դաս տալը». Հրանուշ Հակոբյան

Հուլիս 10,2015 19:55

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, մշակութային խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, սփյուռքի լրատվամիջոցների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ 2015-­ին շարունակում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

17 երկրներից բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանում են՝ մասնակցելու այս ծրագրին, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ Լիբանանի «Հայկազյան» համալսարանից բացի, սփյուռքում որևէ այլ կենտրոն չկա, որտեղ պատրաստվեն կամ վերապատրաստվեն կադրեր: Այդ պատճառով նախարարությունը որոշել է ԵՊՀ-ի բազայի վրա ստեղծել «Սփյուռք» ամառային դպրոցը:

«Դպրոցը վեց ուղղություն ունի, որոնք, իհարկե, կընդլայնվեն,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հրանուշ Հակոբյանը,- մեզ համար գլխավորը հայոց լեզվի երկու ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի ուսուցումն է: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մոտ 110 հոգի այս տարի կմասնակցի հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներին»:

Նախարարը շատ արդյունավետ է համարում այս ծրագիրը հատկապես այն առումով, որ տարեկան մոտ 300 հոգի գալիս և վերապատրաստվում է իր հայրենիքում. «Գիտե՞ք՝ շատ դժվար է այն ուսուցչի համար, որը չի տեսել Հայաստանը, սակայն փորձում է դպրոցում երեխաներին հայոց լեզվի և հայրենաճանաչության դաս տալ: Իսկ հայրենիքը ճանաչելիս ուսուցիչները շատ ավելի հեշտ են իրականացնում իրենց առաքելությունը: Էլ չեմ խոսում փորձի փոխանակման, միմյանցից սովորելու կարևորության մասին»,- ընդգծեց նա:

Ի դեպ, նախարարի նշած վեց ուղղություններով դասընթացները, որոնք կազմակերպվում են «Սփյուռք» ամառային դպրոցում, հետևյալներն են՝ հայոց լեզվի արագացված ուսուցում, կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, սփյուռքի լրագրողների դասընթաց, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց:

Հավելենք, որ «Սփյուռք» ամառային դպրոցն անցկացվում է 2012 թվականից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031