Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաչան շունը կծան չի լինում». Շարմազանովը՝ Ադրբեջանի ՊՆ նախարարին

Հուլիս 23,2015 22:07

«Ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը՝ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ Ադրբեջանն է ապակայունացնում իրավիճակը. «Հավասարության նշան դնելով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ դատապարտելի է, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ քանի դեռ աշխարհի հիմնական խաղացողները լռում են կամ ձեւ են անում, որ լռում են, ծնվում են նոր պրոբլեմներ»:

Հարցին՝ Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների հանդիպում նախատեսվո՞ւմ է, որովհետեւ Ուորլիքը խոսում էր դրա անհրաժեշտության մասին՝ Շարմազանովը պատասխանեց, որ «Մեկ անգամ չէ, որ համանախագահները խոսում են հանդիպման անհրաժեշտության մասին, ՀՀ իշխանությունն էլ մեկ անգամ չէ, որ ասել է, որ մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Բանակցելն ավելի լավ է,քան չբանակցելը, բանակցությունների դադարեցումը կարող է բերել պատերազմական գործողությունների վերսկսմանը»:

Ըստ Շարմազանովի, համանախագահները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, ոչ թե ՀՀ-ի, որովհետեւ Եվրոպական խաղերը ցույց տվեցին, թե ով է լարում իրավիճակը. «Ուստի պետք է պրեսսինգի ենթարկել, համոզել խոսել ոչ թե ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, այլ նախեւառաջ Ադրբեջանի հետ: Երկու սկզբունքները Ադրբեջանի նախագահը օրը ցերեկով օրը 6 անգամ խախտում է, ուստի միջազգային մեր գործընկերները պետք է նրա հետ աշխատանք անեն, վերադարձնեն բանակցային սեղան, որ հասկանան, որ հայատյացությունը որեւէ տեղ չտանող ճանապարհ է»:

Aravot.am-ի հարցին՝ Ադրբեջանի ՊՆ նախարարը հայտարարել է, որ մենք կարող ենք Նախիջեւանի շրջանից Երեւանի ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնել, դա ռեալ սպառնալի՞ք, վտա՞նգ է իր մեջ պարունակում, թե՞ զուտ հոգեբանական ճնշում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այս տարիների հակամարտության պատմությունը ապացուցել է, որ նրանց նախարարները, նման հայտարարությունները կգնան եւ կանցնեն, իսկ Հայաստանի բանակը գնալով կհզորանա: Չեմ ուզում կոպիտ ասեմ, բայց ասում են՝ հաչան շունը կծան չի լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031