Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ կդառնա 2018-ի՞ն. նման պլան քննարկե՞լ է մասնագիտական հանձնաժողովը

Օգոստոս 28,2015 17:20

ՀՀԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից ներքին տեղեկություններ ունեն, որ հանձնաժողովի հետ մշակվել է մի պլան, համաձայն որի` Սերժ Սարգսյանը մտադիր է որպես ԱԺ նախագահ շարունակել ղեկավարել երկիրը, բայց ոչ թե 2017-ին, այլ 2018-ին:

Նա մասնավորապես նշել է. «Սահմանադրական հանձնաժողովից ունենք ներքին ինֆորմացիա, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն են մտցնելու, ըստ որի` ոչ թե երբ ինչ-որ մեկը ցուցակից մանդատը վայր է դնում, մանդատ հասնում է հաջորդաբար մյուսին, այլ ցուցակի հենց սկզբից կարող են մանդատը վերցնել նրանք, ովքեր հրաժարվել են մանդատից: Իսկ ցուցակը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Նա հասկանալի պատճառով նախապես հրաժարվելու է այդ մանդատից, քանի որ շարունակելու է իր պաշտոնավարումը որպես ՀՀ նախագահ, իսկ երբ 2018-ին ինչ -որ մեկը մանդատ է դնելու, այդ ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ հարց է ծագելու` արդյոք վերցնո՞ւմ է այդ մանդատը, թե՞ ոչ: Բնականաբար նա կհայտարարի, որ չի կարող հրաժարվել այդ պատասխանատվությունից, իսկ այդ ժամանակ հրաժարական կտա ՀՀ ԱԺ նախագահը և ինքը կստանձնի այդ պաշտոնը: Սա այն պլանն է, որ թաքցվում է ժողովրդից»:

Aravot.am-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց` ի՞նչ պլանի մասին է խոսում Զուրաբյանը:

«Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը պարզաբանեց. «Ես սովորություն չունեմ ուրիշների հայտարարությունները մեկնաբանել, մանավանդ քաղաքական: Իսկ դուք ո՞նց եք կարծում` մասնագիտական հանձնաժողովն ի՞նչ գործ ունի քաղաքական անձերի, թեկուզ իշխանության ներկայացուցիչների քաղաքական նպատակների հետ, այն էլ քննարկման մակարդակով: Չէր էլ կարող նման հարց քննարկվել որևէ պարագայում:

Gagik_Kazinyan

Ես անընդհատ շեշտում եմ. մի մոռացեք, որ հանձնաժողովը մասնագիտական է, այն ընդամենը խնդիրներին ձևակերպումներ է տալիս: Իսկ թե քաղաքական ուժերն ինչպիսի խնդիրներ են դնում և փորձում հասնել դրանց, մասնագիտական հանձնաժողովը, այն էլ քննարկման մակարդակով, հաստատ առնչություն չունի: Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել»:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն Լևոն Զուրաբյանի հայտարարությունները ստվերու՞մ են հանձնաժողովի աշխատանքները, պարոն Ղազինյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ մի մղեք մեկնաբանելու քաղաքական գործիչների հայտարարությունները: Յուրաքանչյուր քաղաքական ուժ և այն ներկայացնող անհատ ունի իր քաղաքական նպատակները, որոնք չպետք է նույնացնել հանձնաժողովի առաքելության հետ: Ես հարգանքով եմ վերաբերվում ցանկացած քաղաքական ուժի ընտրած նպատակներին, դրանց հասնելու միջոցներին, բայց հանձնաժողովը խոսում է մասնագիտական մոտեցումների մասին և փաստաթղթի մասին խոսում է իրավագիտության առումով, այլ ոչ քաղաքական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31