Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է». Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդ  (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2015 22:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  Գյումրիում օծվեց «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցին` Հռոմի պապի ներկայացուցիչ, Արեւելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ: Այս արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը մեզ հետ զրույցում եկեղեցաշինությունից մի հետաքրքիր դրվագ պատմեց: Նա ասաց, որ  ինքը առաջին եպիսկոպոսն է եղել, որը երկրաշարժից վեց ամիս հետո հյուր է եկել Վազգեն Վեհափառին: Նրա հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ, խոսել են տարբեր թեմաներից, մտածել են, թե ինչ  է լինելու հայրենիքի հետ: Վազգեն Վեհափառը մշտապես  քաջալերել է ու իրեն պատմել է. «Երբ որ երկրաշարժն եղավ, մի քանի ժամ հետո Սպիտակ գացել էի , ժողովուրդը շուրջս հավաքվեցավ, տարիքով մարդը մը եկավ, ըսավ՝ ընկեր Վեհափառ, մենք ամենքս մեր տունը շինեցինք , Աստծո տունը չշինեցինք, եւ նայե Աստված ինչ ըրավ մեզի: Եվ շինեց Վեհափառը, առաջին քարը դրավ Սուրբ Գրիգորի վանք եկեղեցու»:

Ըստ նրա, 26 տարի հետո նոր եկեղեցի հիմնեցին՝ «պստիկից մեծ» տարիներով աշխատելով: Սակայն, ըստ հոգեւորականի, կարեւորը քարը չէ, շենքը չէ, կարեւորն այն է , որ սերունդները Աստծո խոսքը լսեն ու լուսավորվեն: Ըստ նրա, պետք է ապրել որպես հայ, որպես քրիստոնյա այս հեթանոսացած մեր աշխարհում: Ըստ նրա, խոսքը ոչ միայն այստեղի, այլեւ Արեւմուտքի, Ամերիկայի մասին է: «Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է, Աստված իրենց համար գոյություն չունի, իրենց եսն է, իրենց հաճույքն է, մենք  մեր այս տոհմային արժենքներով, հավատքով իրենց բարի օրինակ կուտանք, բայց նոր սերունդները կպահե՞ն անիկա, ասոր համար է, որ մենք կաշխատինք», -ասաց Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930