Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետը ԲՈՀ-ից պահանջում է իր վկայականը

Հոկտեմբեր 10,2015 18:03

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) տնտեսագիտության դոկտորի վկայական չի տալիս. «2014 թվականի հոկտեմբերի 21-ին Սլավոնական համալսարանում ես պաշտպանել եմ «Հայաստանի տնտեսության կառուցվածքային հիմնախնդիրները տարածաշրջանային զարգացումներում» թեմայով ատենախոսություն: Այս տարվա փետրվարի 4-ին նույն համալսարանից ստացել եմ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի կարգադրությունը առ այն, որ պետք է գնա կրկնակի քննարկման՝ հաշվի առնելով փորձաքննության արդյունքները: Կարգադրությանը կից ներկայացված են նաև որոշակի դիտողություններ, որոնք իմ կարծիքով կատարվել են շատ շտապ ու փնթի ձևով, և ստացվել է անհեթեթ մի բան: Ես բողոքարկեցի Կրթության և գիտության նախարարություն՝ որոշումն անվավեր ճանաչելու նպատակով: Արդյունքում, սակայն, հանգեցի այն եզրակացությանը, որ նախարարությունը չի փորձում մտնել այս գործի մեջ և ամբողջ պատասխանատվությունը թողնում է ԲՈՀ-ի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Եղիազարյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, որ ԲՈՀ-ի նախագահը կրկնական քննարկման հարցով երեք անգամ դիմել է մասնագիտական խորհուրդ: Սակայն ատենախոսության գործով Սլավոնական համալսարանում ձևավորված մասնագիտական խորհուրդը որոշել է, որ ուժի մեջ է մնում իր նախկին որոշումը: Դա նշանակում է, որ Աշոտ Եղիազարյանի պաշտպանության վերաբերյալ կայացված որոշումը՝ նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի աստիճան, մնում է նույնը, և կրկնական քննարկում չպետք է լինի, ինչպես ԲՈՀ-ն է ուզում:

Աշոտ Եղիազարյանը հիմա ԲՈՀ-ից պահանջում է իր վկայականը: Ընդ որում՝ ասում է, որ այն պետք է տրամադրվի նախորդ տարվա ամսաթվով, քանի որ դա է պահանջում օրենքը:

Նա հայտարարեց նաև, որ Լիլիթ Արզումանյանի՝ օրերս «Առավոտ» օրաթերթում լույս տեսած հոդվածը  կեղծ տեղեկատվություն է: «Մի այլ լրատվամիջոցով էլ նա հայտարարում է, թե կարող է իմ ատենախոսության պաշտպանության սղագրությունը բացահայտել: Իսկ ո՞վ է ասում, որ դա գաղտնի է: Պաշտպանությունը հրապարակային է եղել, թող բացահայտի, այդտեղ ոչ մի գաղտնի բան չկա: Ընդամենն ուզում է մարդկանց մոլորեցնել»,- ասաց Ա. Եղիազարյանը:

Ըստ նրա՝ կամայականությունն այնքան մեծ է այս համակարգում, որ ցանկացած դեպքում մարդուն կարող են ասել՝ գնա կրկնական քննարկման, որովհետև ես այդպես եմ ուզում. «Եթե չկա կարգ, որը կարգավորում է ողջ փորձաքննության գործընթացը, եթե դու նույնիսկ չես ասում՝ ով է եղել այդ դիտողությունները գրող փորձագետը, ինչպե՞ս ես մարդուն ուղարկում կրկնական քննարկման, հատկապես այն դեպքում, որ կրկնական քննարկման կարգ էլ չկա: Այսինքն՝ այդ մարդը պիտի մտնի անօրինական դաշտ: Դու անօրինական դաշտ ես մտցնում նաև մասնագիտական խորհրդին»,- ասաց Ա. Եղիազարյանը՝ հավելելով, որ իրեն հասած տեղեկություններով՝ մեր երկրում գիտական աստիճան շնորհելու համար սովորաբար 5-10 հազար դոլար «մաղարիչ» է պետք:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031