Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծ, խոշտանգում և համաներում. ընտանեկան բռնության անպատժելիությունը

Նոյեմբեր 18,2015 16:30

Հայաստանում շարունակվում են ընտանեկան բռնության դեպքերը, որի զոհն են դառնում ոչ միայն կանայք, այլև խեղվում են նաև երեխաների ճակատագրերը, մինչդեռ ընտանեկան բռնության մասին օրենք մինչ օրս չի ընդունվել, իսկ դատարաններում բռնարարները սովորաբար մեղմ պատիժ են ստանում`հաճախ չենթարկվելով անգամ ազատազրկման ու արժանի դատապարտման:

Ընտանեկան բռնության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգում են, որ վերջին տարիներին գրանցվող դեպքերը, ի տարբերություն 1990-ականների, առանձնանում են դաժանությամբ:

Maro-Matosyan

«Տարիներ առաջ այս աստիճանի չէին հասնում. հիմա մեկը կնոջը բենզինով է այրում, մյուսը վաճառում է երեխայի կուսությունը, ճնշում են, որ կինը մարմնավաճառությամբ զբաղվի և գումարը իրենց տա, ենթարկում են ծեծի սարսափելի տեսակների: Կամ մեկ այլ դեպք, երբ տղամարդը 15 տարբեր դանակներով երեխաների աչքի առաջ սպանել էր կնոջը: Դատարանում փորձեցին մեղմացնել պատիժը` պատճառաբանելով, որ հուզական հոգեվիճակում է եղել: Այսինքն, այսօր դատարանները ավելի շատ պաշտպանում են բռնարարին»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը:

Ոստիկանության տվյալներով այս տարվա իննը ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 517 դեպք, սպանվել է 7 կին: Վերջին երեք տարիների ընթացքում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների թեժ գծերին 5171 կին է ահազանգել բռնության ենթարկվելու մասին:

Սեպտեմբերի վերջին երիտասարդ կնոջ դաժան սպանությունը ցնցել էր Մալաթիա տոնավաճառը: Վարագույրի խանութի սրահներից մեկում 39-ամյա Արտակ Դարբազյանը խանդի հողի վրա՝ 30-ից ավելի դանակի հարվածներ հասցնելով սպանել էր կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին: Հուլիս ամսին էլ Ալավերդիում ամուսինը՝Ս.Ստեփանյանը դանակի հարվածներով մահվան էր հասցրել 39-ամյա կնոջը՝ Սերինե Կոնինյանին: Երկու դեպքերում էլ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն):

Այս տարվա օգոստոսին Երևանում ամուսինը այնպես էր հարվածել կնոջը, որ ծեծից 4 օր անց` գիտակցության չգալով, 38-ամյա կինը մահացել էր գանգուղեղային վնասվածքից: Հրազդանում 42-ամյա Արմենուհի Պետրոսյանը ամուսնու ծեծ ու ջարդին չդիմանալով, որի ականատեսն է լինում փոքրիկ աղջիկը, ցած էր նետվում երկրորդ հարկի պատուհանից ստանալով բազմաթիվ կոտրվածքներ:

Տարիներ շարունակ ապրելով զոհի կարգավիճակում, տառապանքի ու դաժանության մեջ՝ կանայք շարունակում են լռել, իսկ եթե որոշում են բարձրաձայնել,ապա գերակշռող մասը միայն ամուսնալուծության համար:

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը բացատրում է, երբ կանայք դիմում են իրենց կենտրոն և նրանց հարցնում են արդյոք դիմե՞լ են ոստիկանություն, հիմնականում պատասխանում են՝ոչ:

«Ելնելով մենթալիտետից, այն որ բռնարարը երեխաների հայրն է, մտածում են՝ի՞նչ կասեն շրջապատում, ի՞նչ արձագանքներ կունենա և հետ են կանգնում ամուսնուն քրեական պատասխանատվության ենթարկելուց: Իհարկե, լինում են բացառություններ, երբ դաժանությունը այն աստիճան է լինում, երբ բաժանությունն էլ հարցի լուծում չի կարող լինել համարձակվում են քրեական գործ հարուցել»,-ասում է Փիլիպոսյանը,միևնույն ժամանակ նշելով, որ առկա է նաև վստահության պակաս դատարանների ու ոստիկանության նկատմամբ, ինչի պատճառով էլ հիմնականում խնդրի լուծումը տեսնում են ամուսնալուծության և բոլոր կապերը խզելու մեջ:

Ոլորտի փորձագետները նշում են, որ ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության պայմաններում, ընտանեկան իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցավոր գործողությունները գնահատական են ստանում Քրեական օրենսդրությամբ կարգավորվող այս կամ այն հոդվածի շրջանակում, ինչը բավականին խնդիրներ է առաջացնում:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի փաստաբան, իրավաբան Նոնա Գալստյանը շեշտում է, որ ընտանեկան բռնության առանձնահատկությունները այս առումով հաշվի չեն առնվում, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների, որոնց մեջ առաջնային օղակում ոստիկանությունն է, որտեղ ընտանիքի անդամներից մեկը բողոք դիմում է ներկայացնում:

«Ոստիկանները ընդգծված անտարբեր վերաբերմունք են դրսևորում այս գործերով և անգամ կողմնակալ վերաբերմունք բռնարարի նկատմամբ, որովհետև շատ հաճախ իրենց մեկնաբանությամբ՝ ընտանիքի ներսում սովորական վեճ է ու չարժե դրա համար հասնել մինչև ոստիկանություն: Եթե ոստիկանը ինչ-ինչ գործողություններ էլ կատարում է, ապա ընդամենը հորդորում է ընտանիքի տուժած անձին հետ վերցնել բողոքը, գնալ տուն և վերամիավորել ընտանիքը»,-ասում է Գալստյանը:

Փաստաբանի կարծիքով պատճառը՝նախ և առաջ քաղաքացու մտածողության մեջ է, չեն ընկալում, որ ընտանիքի ներսում ևս կարող են այնպիսի խնդիրներ առաջանալ, որոնք պետք է լուծում ստանան իրավական դաշտում:

Իրավաբանները նշում են. եթե անգամ գործը հաջողությամբ ավարտում են առաջին օղակում՝ոստիկանությունում և որոշակի մեղադրանք է առաջադրվում բռնարարին, դեպքերի մեծ մասում ոչ համարժեք, որից հետո գործը մտնում է դատարան, ապա այստեղ ևս հանդիպում են դատավորների ոչ ճիշտ իրավական մոտեցումներին:

Mariam Gevorgyan

 

«Ե’վ Հասմիկ Խաչատրյանի, և’ Մարիամ Գևորգյանի դեպքերում, որոնք դաժան բռնության էին ենթարկվել առաջինը` ամուսնու, իսկ երկրորդը` ամուսնու և սկեսուրի կողմից, դատավորները՝ թե’ առաջին ատյանում, թե’ վերաքննիչում փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ էին այդ բռնությունները կիրառվել նրանց նկատմամբ, անընդհատ մի հարց էին տալիս. «Իսկ դու ինչո՞վ ես մեղավոր եղել, ի՞նչ ես արել»: Այսինքն, ինչ-որ տեղ փորձելով արդարացումներ գտնել, այսինքն` եթե անձը անգամ մի բան կատարել է, ապա կարելի էր նման բռնություն կիրառել»,-ասում է Գալստյանը:

«Իսկ ինչո՞ւ շուտ չէիր դիմում, այսքան ժամանակ ինչո՞ւ էիր լռում, ինչո՞ւ չէիր փախչում»,-տուժողին տրվող հաջորդ հարցն է լինում դատավորների կողմից: Փաստաբանները նշում են. թվում է աննշան հարցեր են, սակայն քրեական գործերի համատեքստում բավականին մեծ կշիռ են ստեղծում ի օգուտ բռնարարի, մանավանդ ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության դեպքում, և բռնարարը անպատիժ է մնում:

Ընտանեկան բռնության դեպքերի դատական գործերը ցույց են տալիս, որ Հայաստանի դատական համակարգում՝ կնոջը ծեծի ենթարկելը, որպես լուրջ հանցագործություն չի ընկալվում: Ըստ իրավաբանների դատարանները աշխատում են իրենց իրավագիտակցությանը համապատասխան, քանի որ ընտանեկան բռնության դաշտը իրավակարգավորման առումով հասանելի չէ, կարգավորում չունի: Աշխատում են այնպես, ինչպես իրենք են ընկալում, թե ո՞րն է ընտանեկան բռնությունը, աշխատում են կողմնակալ, մտածելով, որ ընտանիքի ներսում հարաբերությունները պետք է հարթեն կողմերը և ոչ թե դատավորը, ոստիկանը կամ փաստաբանը, ովքեր իրավունք չունեն, և չպետք է «խառնվեն ընտանիքի գործերին:

Մարո Մաթոսյանը նշում է այն մի քանի պատճառները, որոնց հիման վրա դատարանները կողմնակալ որոշումներ են կայացնում:

«Նախ դատարանները վերապատրաստված չեն ընտանեկան բռնության համար: Երկրորդ՝ահավոր ճնշումներ ու կաշառքներ են պտտվում, ծանոթ բարեկամով ծածկում են խնդիրը, մենք պատրիարխալ հասարակությունում ենք, տղամարդիկ իրենց հարցերը լուծում են՝փողով ու ծանոթով, իսկ կինը այս պարագայում երկրորդական դիրքի վրա է: Այսքան խոսում են ավանդական հայ ընտանիքից, բայց ո՞ւմ ենք պաշտպանում՝բռնարարի՞ն: Ուր է հայկական ընտանիքը՝հիմնված համերաշխության, միմյանց նկատմամբ հարգանքի ու սիրո վրա»,-ասում է Մաթոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2014թ. հուլիսի 16-ին վերադարձրեց պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 20-ամյա Մարո Գուլոյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. ապրիլի 29-ի որոշման դեմ ներկայացված բողոքը: Ավելի ուշ Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը տարածեց հաղորդագրություն, որ բացարձակ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ և պատրաստվում է արդարություն և իրավունքների պաշտպանություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:

Պաշտոնական վարկածով` 20- ամյա, հղի Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել լոգարանում` խալաթի գոտիով կախվելու միջոցով: Մինչդեռ Մարոյի ծնողները համոզված են, որ աղջկան սպանել է ամուսինը, ով պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը, թույլ չտալով հեռանալ ու իր հետ վերցնել մեկ տարեկան դստերը: Ծնողները համոզված են նախկին փեսայի հարազատները, որոնք լավ կապեր ունեն, կոծկել են գործը:

Այս տարի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց Հասմիկ Խաչատրյանին 9 տարի շարունակ խոշտանգման մեջ մեղադրվող ամուսնուն` Սարգիս Հակոբյանին, և կնոջը ծեծած ու խոշտանգած ամուսինն այդպես էլ որևէ օր չազատազրկվեց: Դատարանը ներկայացված մեղադրանքի խոշտանգման՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը վերաորակեց 117-րդի` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը: Մինչդեռ դատական փորձաքննությունն ապացուցել էր և գործում առկա էր, որ Սարգիս Հակոբյանը ծխախոտով այրել է Հասմիկի ձեռքը, պատռել ականջի թմբկաթաղանթը, կոտրել քիթը, տարբեր իրերով, ձեռքերով ու ոտքերով պարբերաբար հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով կինը հերթական ծեծից մազապուրծ փախել էր տնից՝ ողջ գիշեր թաքնվելով գյուղի գետի մեջ:

«Դատարանը անլուրջ մոտեցում ցուցաբերեց: Չեմ բացառում, որ բավականին մեծ նշանակություն ունեցավ Գեղարքունիքի մարզում ունեցած նրանց հարաբերությունները՝բարեկամ, ծանոթ, խնամի (ամուսնու մայրը Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկն է): Այդ ամենը ուղղակի նպաստեց, որ առանց որևէ հիմքի, անտեսելով գործի բոլոր փաստերը, դատարանը մեղադրանքը վերաորակավորի՝ հանի ծանրացուցիչ հանգամանքը, հնարավորություն տալով առավել մեղմ պատիժ նշանակելու և համաներում կիրառելու, ու բռնարարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց»,- ասում է փաստաբան Գալստյանը ու հավելում, որ այն ուղղակի պատվիրված գործ էր:

Սակայն, հատկանշական է, որ կնոջը տարիներ շարունակ ծեծի ենթարկած Սարգիսը, ազատ արձակվելուց շաբաթներ անց ծեծի է ենթարկում նաև հորն ու մորը և բռնության ու տան գույքը վնասելու մեղադրանքով, այս անգամ ծնողների պահանջով, կրկին ոստիկանություն է ընկնում:

Մարո Մաթոսյանը վերհիշում է 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործը: Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը և որդին՝` Դավիթ Զիրոյանը խոշտանգումների էին ենթարկել Մարիամին: Սկեսուրը պարբերաբար կտտանքների էր ենթարկել հարսին, այրել մեջքն ու կրծքերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, ստիպել ուտել իր հետ տված մաղձը եւ այլ տանջանքներ կիրառել:

«Սկեսուրը երեք տարվա պատիժ ստացավ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածով (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 հոդվածով (խոշտանգում), ամուսինը` համաներմամբ դահլիճից ազատ արձակվեց: Դատավարության սկզբում ամուսինը բարձրաձայն ասում էր. «Սա 2000 դոլարի գործ է, ես էս հարցը կլուծեմ», բայց չկարողացավ՝աղմուկը բավականին մեծ էր»,- ասում է Մաթոսյանը:

Որպես միակ դեպք, երբ ամուսինը իսկապես կրել է իր պատիժը ՀԿ-ի ղեկավարը նշում է 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործը, ով 2010 թվականին սպանվել էր ամուսնու կողմից, որբ թողնելով 1,5 տարեկան աղջկան:

«Ամուսինը ստացավ 11 տարվա ազատազրկում: Շատ աղքատ ընտանիք էին, և չէին կարող գումարով հարց լուծել»,- ասում է Մաթոսյանը:

Nonna-Galstyan

Նոնա Գալստյանի կարծիքով, եթե լիներ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենք, ապա հարցերն առավել հստակ կարգավորումներ կստանային և դաշտը իրավակարգավորումից դուրս չէր մնա:

«Օրենքի առկայության դեպքում, առավել կարևոր հանգամանքը, սակայն այն է, որ օրենքը կունենա կանխարգելիչ նշանակություն, և ոչ թե պատժիչ: Այսինքն` կան մեխանիզմներ, որոնք ի սկզբանե թույլ կտային բռնությունը ընտանիքի ներսում կանխելու»,-ասում է Գալստյանը:

Ընտանեկան բռնության օրենքի ոդիսականը սկսվել է դեռևս 2007-ից, երբ Կանանց իրավունքների կենտրոնը մշակեց «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միջազգային և տեղական փորձագետների բազմաթիվ խորհրդատվություններով ու վերանայումներով, 2009թ. սեպտեմբերին նախագիծը ներկայացվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ 2010թ-ին` ՀՀ կառավարության քննարկմանը: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012թ. նոյեմբերի 28-ին ներկայացվել էր ՀՀ վարչապետին` հավանության արժանանալու համար, սակայն 2013թ-ի փետրվարի 11-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել էր կառավարության եզրակացությունը, համաձայն որի` վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ առանձին օրենքի առկայությունը կարող է արդյունավետ միջոց հանդիսանալ ընտանեկան բռնության դեպքում անպատժելիությունը վերացնելու համար:

«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ինչի հետևանքով դրանից բխող հարաբերությունները չեն կարգավորվում: Առաջարկվող օրենքի նախագիծը մի շարք մեխանիզմներ է պարունակում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ, որոնք էլ թույլ կտան նախ ազդել բռնարարի վրա` նրան հնարավորություն տալով ուղղել իր վարքագիծը և խուսափել բռնության այն անդառնալի հետևանքներից, որոնք են անձի առողջությանը վնաս հասցնելը, մահը, ընտանիքի քայքայումը և այլն»,-նշում է Խաչատրյանը:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30