Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծվող ընտրությունների դելեգիտիմացման առաջարկ ՀՀ քաղաքացիներին

Նոյեմբեր 26,2015 11:15

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը և դրանից բխող ժողովրդավարական գործընթացները չեն գործում: Սրա հետևանքով մեր երկրում տեղի է ունեցել պետական կառավարման մարմինների յուրացում` պետական հանցագործություն, և այս հանցագործությունը քողարկելու և լեգիտիմացնելու լավագույն միջոցը ժամանակ առ ժամանակ ընտրությունների անցկացումն է կեղծիքների միջոցով՝ առանց սահմանադրական կարգի ապահովման։ Քսան տարվա ընթացքում դեռևս ոչ մի անգամ արդար ընտրություններ չեն անցկացվել, և ոչ մի անձի, կազմակերպության, քաղաքացիական նախաձեռնության և քաղաքական միավորի չի հաջողվել ապահովել, որ ընտրությունները չկեղծվեն՝ սկսած ընտրողների գրանցումից, մինչև քվեարկությունն ու արդյունքների հրապարակումը: Նույնիսկ ընտրությունների դիտորդությունն է կեղծվում՝ վարչակարգի կողմից վերահսկվող կեղծ դիտորդական խմբեր ներդնելու միջոցով։

Մենք՝ որպես երկրի տերեր, շարունակ մասնակցում ենք այս կեղծ գործընթացին՝ հույս ունենալով, որ այդ կերպ կարող ենք մեր կյանքում դրական փոփոխություններ բերել: Երկրում «քաղաքականությամբ» զբաղվողները հավաստիացնում են, որ մեր միակ խնդիրը համախմբվածության բացակայությունն է, որ մենք պետք է գնանք և կանգնենք նրանց կողքին, որպեսզի այդ կեղծ ընտրություններում նրանք կարողանան հաղթել: Արդյունքում՝ գիտակցելով կամ չգիտակցելով՝ Հայաստանի քաղաքացիները մասն են կազմում այս ողջ կեղծարարության և իրենց մասնակցությամբ օգնում են կեղծ ընտրությունների ճանաչմանը և անօրինականության օրինականացմանը:

Ներքոստորագրյալներս, սակայն, կարծում ենք, որ մասնակցությունը շարունակաբար կեղծվող ընտրություններին իրականում պետական հանցագործության զանգվածային լեգիտիմացում է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ «ընտրությունները» նշանակված են, սակայն ընտրողներ չկան, այսինքն՝ քաղաքացիները հրաժարվում են ֆորմալ ձևով մասնակցել կեղծ ընտրություններին: Ընտրությունները կեղծողները կմնան մերկ՝ իրենց կողմից օգտագործվող վարչական ռեսուրսի, մեռած հոգիների, Հայաստանից վաղուց արտագաղթած և քաղաքացիությունից հրաժարված կեղծ անունների հետ միասին։ Միայն քաղաքական այսպիսի բոյկոտի շնորհիվ հնարավոր կլինի քողազերծել ակնհայտ կեղծիքը և քաղաքացիական ճնշման շնորհիվ ստիպել բոլոր միավորներին մշակել ու գործադրել ժողովրդի քաղաքական մասնակցությունն ապահովող և ոչ թե շահագործող մեխանիզմներ։

Հաշվի առնելով վերը նշված քաղաքական բոյկոտի սկզբունքը՝ մենք այսուհետ հրաժարվում ենք մասնակցել կեղծվող ընտրությունների լեգիտիմացման կոլեկտիվ հանցագործությանը:

Որպես մեր իրավունքից բխող քաղաքական ակցիա՝ մենք ոչ միայն չենք մասնակցում ընտրություններին, այլև հրապարակավ նախապես հայտարարում ենք այդ մասին՝ որպես ընդվզման գիտակցված գործողություն: Մենք միաժամանակ պահանջում ենք ընտրողների ցուցակները կազմելու և հաստատելու պարտականությունը կրող պաշտոնյաներից հանել մեր անուններն ընտրացուցակներից և չօգտագործել մեր անունները կեղծ գործընթացն առաջ տանելու մեջ: Միաժամանակ, մենք իրավունք ենք ձեռք բերում չընդունելու որևէ ընտրության/հանրաքվեի արդյունքները և պատասխանատվության ենք կանչելու բոլորին, ովքեր օրինականացնում են այս գործընթացը և հերթական անգամ խախտում են մեր իրավունքները:

Գործընթացի դելեգիտիմացումն առաջին հերթին նշանակում է հանրության կողմից հստակ վերաբերմունք և գնահատական այդ անօրինական պրոցեսին:

Ուստի որպես աշխատող մեխանիզմ՝ մենք այս երկրի տերերին առաջարկում ենք քաղաքական բոյկոտի ենթարկել կեղծվող ընտրությունները և մասնավորապես առաջիկա ոչ լեգիտիմ սահմանադրական հանրաքվեն։ Առաջարկում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը՝ ընտրացուցակներում փոփոխություններ կատարելու վերջին օրը, դիմել իրենց գրանցման վայրի անձնագրային բաժին, գլխավոր ոստիկանություն և կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով ընտրացուցակներից հանել իրենց անունները։ Ուղարկված նամակների կրկնօրինակը յուրաքանչյուր քաղաքացի կարող է փոխանցել մամուլին և տարածել սոցիալական ցանցերով՝ այսպիսով հրապարակայնացնելով քաղաքական բոյկոտը։ Միաժամանակ քաղաքացիները կարող են դեկտեմբերի 6-ին գնալ ընտրատեղամաս և ընտրամատյանից ջնջել սեփական անուն ազգանունը:

Թույլ չտալով օգտագործել մեզ որպես կեղծիքի կառուցման կարևորագույն տարր՝ մենք կնպաստենք կեղծիքի փլուզմանը, իսկ մեր ընտրական իրավունքի վերականգնումը մենք կարող ենք ցանկացած պահի իրականացնել, երբ առկա լինի սահմանադրական կարգը։

Ընտրացուցակներից դուրս գալու պահանջի տիպային նամակի կարելի է ծանոթանալ ֆեյսբուքյան Դելեգիտիմացում խմբում։

ՀՀ քաղաքացիներ՝

Արման Յարալյան

Արփինե Գալֆայան

Աննա Շահնազարյան

Գոռ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդպես կարելի է և ճիշտ կլինի վարվել սովորական՝ տեղական և համապետական իշխանական մարմինների ընտրության դեպքում, իսկ հանրաքվեի պարագայում ներկայացված առաջարկը, մեղմ ասած, խելագարություն է: Ժողովրդին զրկել կամարտահայտության իրավունքից և հնարավորությունից ոչ մի դեպքում չի կարելի: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, միևնույնն է, կայանալու է, և դուք ձեր այս կոչով ուղղակի պառակտում, անգործության եք մատնում ժողովրդի մի հատվածին: Շատ ավելի խելամիտ վարված կլինեիք, եթե ՀՀ քաղաքացիներին կոչ անեիք անպայման մասնակցել հանրաքվեին և իշխանափոխության պահանջով անվավեր դարձնել քվեաթերթիկները: «Այո»-ի և գուցե նաև «Ոչ»-ի լցոնումներ և այլ կեղծարարություններ դեկտեմբերի 6-ին նույնպես կլինեն, բայց եթե իշխանափոխության պահանջ պարունակող անվավեր քվեաթերթիկները, ժողովրդի ակտիվ մասնակցության շնորհիվ, բավականաչափ մեծ քանակ կազմեն կամ ավելի շատ լինեն մյուս երկու տարբերակներից, ապա բոլորի համար առավել քան ակնհայտ կդառնա, որ ժողովրդի հավաքական կամքը հենց իշխանափոխությունն է, այլ ոչ թե սահմանադրություն փոխելը: Իշխանական թևի կեղծարարությունները կարող են ի չիք դառնալ միայն անվավեր քվեաթերթիկներով զանգվածաբար արտահայտված ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՄԲ հանրաքվեի պաշտոնական հարցադրումն անպատասխան թողնելով: Միակ արդյունավետ, օրինական և անխոցելի լուծումը դա է:

    Անհարկի ու անհիմն թերահավատություն մի՛ դրսևորեք հանրաքվեի անվավեր քվեաթերթիկների նկատմամբ: Համաձայն գործող «Հանրաքվեի մասին օրենքի»՝ դրանք օժտված են նույնպիսի օրինականությամբ և ուժով, ինչպիսիք ունեն մյուս երկու՝ դրական և բացասական, քվեները:
    Ուստի մեր նշանաբանը պետք է լինի իշխանափոխության պահանջ պարունակող`
    «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»

    ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30