Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանություն երեխաների աչքի առաջ և ընդամենը 3,5 տարվա ազատազրկում

Դեկտեմբեր 27,2015 15:43

Դանակի 21 հարվածներով կնոջը դաժանաբար սպանած տղամարդը դատարանի որոշմամբ կկրի մեղմացված՝ երեք ու կես տարվա պատիժ, ինչն ըստ ոլորտի մասնագետների, հերթական անգամ ապացուցում է այն տհաճ իրողությունը, որ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման դեմ ոչ միայն քայլեր չեն արվում, այլև շարունակվում է անպատժելիությունը:

Դեկտեմբերի 24-ին  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում դանակի 21 հարվածներով սպանել էր կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին:

Մուրադյանը նախ ծաղկամանով հարված էր հասցրել կնոջ գլխին, այնուհետև ոտքով հարվածել էր ծնոտին և մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց և 21 դանակի հարվածով սպանել: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: Այս ամենը տեղի էր ունեցել Դիանայի 17 և 14 ամյա դուստրերի աչքի առաջ:Yntanekan Brnutyun

Մուրադյանը դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդել էր իրեն մեղմ դատել՝ 6-12 տարի, իսկ մեղադրողը էլ ավելի է մեղմացրել պատիժը՝ մեղադրանք առաջադրելով քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը: Այս հոդվածը սահմանում է առավելագույնը 4 տարի ազատազրկում:

Մինչդեռ ըստ նախնական մեղադրանքի՝ այս սպանությունը որակվել էր «առանձին դաժանությամբ սպանություն», որը ենթադրում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:Diana Nahapetyan

Մեղադրանքը մեղմվել էր Հայաստանում հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  դատաբժշկական փորձագետ 87-ամյա Էլդա Գրինի երկու կրկնվող եզրակացությունների հիման վրա, ըստ որի՝ սպանությունը կատարած Վոլոդյա Մուրադյանը եղել է հոգեպես խիստ հուզված, այսինքն՝ աֆեկտի տակ: Մինչդեռ մեկ այլ մասնագետ առաջին փորձաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանն աֆեկտի տակ չի եղել, ամբաստանյալի մոտ նկատվել է «հոգեկան բարձր հուզական վիճակ», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել՝ այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։

Դիանա Նահապետյանի իրավահաջորդը՝ մայրը, և վերջինիս ներկայացուցիչը՝ Նաիրա  Մկրտչյանը, համաձայն չեն Գրինի կատարած փորձաքննության արդյունքի հետ: Նրանք կարծում են, որ ճիշտ է առաջին փորձաքննությունը, որի համաձայն՝ մեղադրյալը հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել:

Դատական նիստերից մեկի ժամանակ Նաիրա Մկրտչյանը հոգեբանին հիշեցրել է, որ սպանության վկաներից մեկը՝ տուժող Դիանա Նահապետյանի դուստրը, պատմել էր, որ դեպքից հետո Վոլոդյա Մուրադյանը մի քանի հեռախոսազանգ է կատարել, նստել է մեքենան և հեռացել, ինչը վկայում է աֆեկտի բացակայության մասին, մինչդեռ Գրինը պատասխանել է, որ ժամանակի զգացումը սուբյեկտիվ է, և հնարավոր է, որ վկայի մատնանշած գործողությունները դեպքից անմիջապես հետո չեն կատարվել:

Հատկանշական է, որ Վոլոդյա Մուրադյանը դատական նիստերից մեկի ժամանակ՝ փորձելով ապացուցել, որ մեղմ պատժի է արժանի, ասել է, որ կինը դավաճանում և խայտառակում էր իրեն, իսկ մեղադրողի այն հակադարձմանը, թե «եթե կինդ դավաճանում էր, բաժանվեիր, ոչ թե սպանեիր նրան», Մուրադյանն ասել է, որ կնոջ սիրեկանները ոստիկաններ էին, որոնք իրեն կսպանեին, եթե կնոջից բաժանվեր: Սակայն Դիանայի մայրն ասում է, որ աղջիկը Վոլոդյային պարբերաբար դուրս է հանել տնից և նա ինքն է հետ վերադարձել ու խնդրել իրեն հետ ընդունել:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի ծրագրի համակարգող, սոցիալական աշխատող-հոգեբան Սոնա Հովակիմյանն ասում է, որ նման մեղմ պատժամիջոց նշանակելը անպատժելիության հերթական դեպքն է, որը կարող է նոր հանցանքներ ծնել:

«Փաստորեն տղամարդը կարող է կնոջը դաժանաբար սպանի, բայց դատապարտվի ընդամենը 3 ու կես տարվա ազատազրկման ու հետո էլի ազատության մեջ լինի, ցավոք, ստացվում է, որ արդարադատության համակարգերը խրախուսում են հանցագործության աճին ու չեն ձեռնարկում բավարար միջոցներ կանխարգելման համար»,- ասում է Հովակիմյանը:

Մեղմ պատիժներ ստացել էին վերջին մի քանի տարիների ընթացքում ընտանեկան բռնության մեղավորները: 2014-ի դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց կնոջը՝ 27-ամյա Հասմիկ Խաչատրյանին շուրջ 9 տարի ծեծի ու խոշտանգման ենթարկելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանին: Փաստորեն, տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծած և առողջությանը վնասած  ամուսինն այդպես էլ որևէ օր չազատազրկվեց:

2012-ին էլ շուրջ մեկ ու կես տարի տևած դռնփակ դատավարությունից հետո Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 4 տարվա ազատազրկման դատապարտել Հայկանուշ Միքայելյանին, ով իր որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ հարսին՝ Մարիամ Գևորգյանին, տասը ամիս շարունակ դաժան ծեծի էր ենթարկել: Զիրոյանն էլ նույն մեղադրանքով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Սակայն նրանք երկուսն էլ համաներմամբ ազատ էին արձակվել:

Վոլոդյան և Դիանան թեև օրինական ամուսիններ չեն եղել, բայց շուրջ 8 տարի միասին են ապրել, սակայն, թե՛ Դիանայի մայրն ու երեխաները, թե՛ հարևաններն ասում են, որ նրանց հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն եղել: Դիանայի մայրը՝ 58-ամյա Վալյա Նահապետյանն ասում է, որ դստեր տանը վեճն անպակաս է եղել, Վոլոդյան մշտապես անտեղի խանդել է կնոջն ու վեճերի առիթ ստեղծել: Սակայն երիտասարդ աղջկան կորցրած կնոջ համար այսօր առավել կարևոր է այդ բոլոր վեճերին ու մոր սպանությանն ականատես եղած թոռների ճակատագիրը, որոնք մոր սպանությունից տարիներ անց էլ դեռևս ուշքի չեն եկել կատարվածից:

Դիանայի ավագ դուստրը պատմել է, որ դեպքի օրը գիշերը ժամը չորսին արթնացել է մոր բղավոցներից, փորձել է մորն օգնել փախչել, սակայն Վոլոդյան հարվածել է: Աղջիկն ասել է, որ քրոջ հետ խնդրել են Վոլոդյային, որ մորը հանգիստ թողնի, հետո դուրս են վազել տնից, օգնություն են խնդրել հարևաններից, սակայն որևէ արձագանք չստանալով, վազել են  Ոստիկանություն, որտեղ միայն մեկ ու կես ժամ անց են արձագանքել:

Վալյա Նահապետյանն ասում է, որ այս դաժան սպանության ականատես եղած թոռները դեռևս շատ լարված են, ագրեսիվ, մտածում են ինքնասպանության կամ էլ` իրենց մորը սպանած մարդուց վրեժ լուծելու մասին:Valya Nahapetyan -mother of killed Diana Nahapetyan

«Շատ ծանր է Դիանայի երեխաների վիճակը, թեև անցել են որոշակի հոգեբանական աջակցության փուլ, երբ դեպքը նոր էր տեղի ունեցել, սակայն տեղի ունեցածը շատ մեծ հետք է թողնելու նրանց հոգեկան առողջության վրա, բացի այդ մշտապես կրելու են այդ անարդարության զգացումը»,- ասում է հոգեբան Սոնա Հովակիմյանը:

Մասնագետները նշում են, որ ընտանիքում բռնության առկայությունը երեխաների մոտ շատ հաճախ հանգեցնում է նաև մոդելի կրկնության, այսինքն` հավանականությունը մեծ է, որ հետագայում բռնություն տեսած և ենթարկված անձն ինքը դառնա բռնարար:

Կանանց աջակցման կենտրոնի ղեկավար Հասմիկ Գևորգյանն ասում է, որ բռնությունը չկանխարգելելով վերարտադրում ենք բռնարարի նոր սերունդ:

«Դեպքերի հետքերով, երբ ուսումնասիրում ենք բռնություն կիրառած անձանց կյանքը, մանկությունը, պարզվում է՝ ինքը նույնպիսի ընտանիքում է մեծացել»,- ասում է Գևորգյանը:

Ընտանեկան բռնության՝ երեխաների վրա թողած ազդեցության, թերևս ամենավառ օրինակը 2011-ին տեղի ունեցած ահասարսուռ դեպքն էր՝ մոր կողմից երկու մանկահասակ երեխաների սպանությունը:  34-ամյա Ռոզա Ալոյանը իր ձեռքերով, խոհանոցի պատի կախիչից կախել էր 6 և 4 տարեկան որդիներին: Ըստ մասնագետների՝ Ալոյանի այս դաժանությունը մանկական տարիքում ապրած ցավի և ողբերգության հետևանքն էր: Ըստ դատախազության տվյալների` Ռոզա Ալոյանի մայրը կացնահարվելով սպանվել էր ամուսնու կողմից, որից հետո 12-ամյա Ռոզան երկու քույրերի և եղբոր հետ տեղափոխվել էր մանկատուն: Հետագայում նրա եղբայրն էլ ինքնասպան էր եղել:

«Եթե դիտարկենք, որ սոցիալական վարքը սերնդե սերունդ վերարտադրվում է, միանշանակ կարող ենք ասել, որ բռնությունը բռնություն է ծնում ու բռնարարները հիմնականում հենց իրենք են ենթարկվել բռնության իրենց ընտանիքներում»,-ասում է Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև հակառակ իրավիճակը,- լինում են նաև դեպքեր, երբ բռնության ենթարկվածները կամ դրա ականատեսները դառնում են շատ ընկճված, վախենում են հասարակությունից, խուսափողական վարք են ունենում այլ տղամարդկանցից: Պաշտպանողական հոգեբանություն են ունենում»:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը: 

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

OSI NEW ARM copy

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031