Լրահոս
Օրվա լրահոսը

Կմնա՞ Թեւան Պողոսյանը «Ժառանգության» հետ

Փետրվար 04,2016 21:15

«Նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու ցանկություն դեռ չունեմ: Ունեմ պարտավորություններ, որոնք ստանձնել եմ 2012 թվականի  նախընտրական ծրագրի իրականացման ճանապարհին: Փորձելու եմ ամեն ինչ անել`ինչը որ իմ ուժերի մեջ է, կյանքի կոչել: Դեռ կա ժամանակ, կսպասեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը`պատասխանելով դիտարկմանը`քաղաքական դաշտում արդեն իսկ վերադասավորումներ են ընթանում. որտե՞ղ է ինքն իրեն տեսնում:

Նա, այսպես ասած, բանակցությունների գործընթաց կմտնի, հավանաբար, 2017-ի սկզբներից. «Երբ արդեն կմեկնարկի նախընտրական փուլը, ըստ այդմ, ըստ ներկայացված պատկերի` ի՞նչ ուժեր, հնարավորություններ, ուղղվածություններ կլինեն, կկարողանամ մտածել` իմաստ կա՞ շարունակել, ինչ-որ մեկին միանալով: Պետք է տեսնել նաեւ ո՞ր ուժերն են պատկերացնում ինձ`իրենց շարքերում»: Հակառակ պարագայում, մեր զրուցակիցը որեւէ խնդիր չի տեսնում իր նախկին`հանրային աշխատանքին վերադառնալու համար. «Ես վերադառնալու տեղ ունեմ»:

«Իմ պարտավորությունները հանգիստ կկատարեմ, կվերջացնեմ…ցանկացած պարտավորություն, որը ես երբեւէ ստանձնել եմ, սիրել եմ կատարել սկզբունքային ձեւով, պատասխանատվությամբ»:

Մեր զրուցակցի պատկերացումներով, ՀՅԴ-ՀՀԿ նոր դասավորությունը, որի վերջնական ձեւաչափը հայտնի կդառնա մի քանի օրերի ընթացքում, կլինի դաշտի մեկ ուղղությունը: «Անցած տարի մի քանի նոր կուսակցություններ ստեղծվեցին`երիտասարդ առաջնորդներով: «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ կոալիցիաներ չի ձեւավորելու, բայց ընտրություններին մասնակցելու է: Տեսնենք թե «Լուսավոր Հայաստանը» եւ «Ալյանսը» ինչպես կտանեն իրենց ուղղությունը: ՕԵԿ-ը վերափոխվեց «Հայկական վերածնունդի»`տարբեր կառույցների միավորումով: ԲՀԿ-ն կգնա առանձին: Կարծում եմ, դեռ կլինեն էլի միավորումներ եւ ես հուսով եմ, որ մենք կունենանք ոչ միայն ներքին քաղաքականության զարգացման տեսլականներով միավորումներ, այլ նաեւ արտաքին քաղաքական վեկտորի առաջ մղման տեսլականներով: Ինձ թվում է շատ հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են, որտեղ քաղաքական դաշտի սերնդափոխության առաջին նշանները կնշմարենք: Ես շատ ուրախ եմ, որ գալիս է գիտակցությունը, որ երիտասարդները պետք է վերցնեն պատասխանատվությունը»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք`իսկ «Ժառանգությանը» տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, մեր զրուցակիցն ուղղակի պատասխան չտվեց: Նա կարծում է, որ «Նոր Հայաստանի» շրջանակներում «Ժառանգությունն» էլ պիտի փորձի ինչ-որ ուղղությամբ առաջ շարժվել: «Կարծում եմ, «Ժառանգությունն» առանձին չի գնա, համագործակցության ինչ-որ մոդելներ պիտի դիտարկեն»: Այդ համագործակցության մեջ Թեւան Պողոսյանն իրեն դժվարանում է ասել`տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: «Խնդիրը միայն իմ մեջ չի: Ես ազնվորեն պահպանել եմ բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք եմ բերել «Ժառանգության» հետ: Նաեւ «Ժառանգությունն» ինքն էլ պիտի որոշում կայացնի`տեսնո՞ւմ է ինձ իր մեջ: Ինչ-որ մի պահի ես որոշեցի վերադառնալ իմ նախկին աշխատանքին, գրեցի իմ դիմումը, ինձ խնդրեցին չգնալ այդ քայլին: Ես, անպայման, կառչած չեմ ինչ-որ բաներից»,-ասաց նա`հավելելով, որ իր պատկերացումների տեսլականը կիսող ուժի հետ միշտ էլ պատրաստ է համագործակցել. «Դեռ ժամանակ կա: Կտեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29