Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ հազարավոր ընտանիքներ չե՞ն ստանա ապակոդավորող սարքեր

Փետրվար 05,2016 18:45

«Անալոգային հեռարձակումը Հայաստանում կանջատվի միայն այն ժամանակ, երբ մեր սոցիալապես անապահով քաղաքացիներն արդեն ապահովված կլինեն թվային հեռարձակման ընդունիչ սարքերով»,- «Դեբատ» բանավեճի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Նրա փոխանցմամբ՝ հիմա հանրապետության ողջ տարածքում ընթանում է քաղաքացիներին սարքերի տրամադրման գործընթացը, որից հետո լրացուցիչ կհայտարարվի անալոգային հեռարձակման անջատման ամսաթվի մասին:

Գ. Ամալյանի խոսքով՝ Հայաստանը չէր կարող խուսափել հեռուստատեսության թվայնացումից. «2015 թվականից արդեն ոչ մի երկրում չի արտադրվել անալոգային հեռուստացույց: Եթե որևէ երկիր ինչ-ինչ պատճառներով ուզում է դուրս մնալ ընդհանուր գործընթացից, ապա ստիպված է ինքն իր համար արտադրել և´ հեռուստացույցներ, և´ հաղորդիչ սարքեր, և´ հեռուստաարտադրության այդ բարդ ոլորտին առնչվող մնացած սարքերը»,- ասաց Գ. Ամալյանը՝ հավելելով, որ շատ շուտով մենք այլևս հնարավորություն չենք ունենա որևէ խանութից անալոգային հեռուստացույց ձեռք բերելու, քանի որ դրա արտադրությունն ամբողջ աշխարհում է դադարեցվել»:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 48.733 ապակոդավորող սարք է ձեռք բերվել, որից 2000-ը տրամադրվելու է ԼՂՀ բնակչությանը:

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանին մտահոգում է այս սարքերի սակավությունը. «2009 թվականին ընդունած հայեցակարգում Կառավարությունը նախատեսել էր, որ Հայաստանի շուրջ 150 հազար անապահով ընտանիք սուբսիդավորում կստանա, որպեսզի ձեռք բերի այդ ապակոդավորող սարքերը, որը թույլ կտա թվային հեռարձակման դեպքում շարունակել ընդունել հեռուստաազդանշանը: Տարբեր տարիների տարբեր թվերի մասին էր խոսվում: Որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե այդ սարքերից քանիսն են մեզ պետք, տարբեր հարցումներ ենք ուղարկել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օրինակ, մեզ պատասխանեցին, որ Հայաստանում 130 հազար անապահով ընտանիք կա: Ի՞նչ է ստացվում: Մենք հիմա ունենք 48.733 սարք, որից 2000-ը տրամադրվելու է ԼՂՀ-ին: Պարզ հաշվարկով կարելի է տեսնել, որ եթե լրացուցիչ խմբաքանակների ներկրում նախատեսված չէ, ուրեմն պետք է ենթադրել, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ չեն ստանա ապակոդավորող սարքեր»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Հավելենք, որ սարքերի բաժանումը նախատեսվում է ավարտել մինչև մարտ ամիսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29