Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Ռուսաստանը կարո՞ղ է իրեն նման շքեղություն թույլ տալ՝ թշնամանալ Ադրբեջանի հետ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 13,2016 07:41

Ռուսաստանի «ոչ միանշանակ» արձագանքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրությանը, հատկապես ադրբեջանական զինուժը ռուսական արտադրության զանգվածային ոչնչացման միջոցներով ապահովելու «շահավետ գործարքը» շարունակելու մասին հայտարարությունների խորապատկերում, տարակուսանքի եւ ընդվզման լուրջ ալիք է բարձրացրել մեզանում։

   Այս մասին է  հարցազրույցը ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

-Խնդիր չունեմ պաշտպանելու Ռուսաստանի կեցվածքը կամ դիրքորոշումը՝ դա իրենց պետական դիրքորոշումն է, բայց կուզենայի՝ մի փոքր ավելի լայնախոհ լինենք եւ սեւ-սպիտակի հարթության վրա չդիտարկենք այս ամենը։ Մինչեւ ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելը փորձենք հասկանալ նաեւ այդ կեցվածքի դրդապատճառները՝ մոտիվացիան։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ուզում եմ հարց տալ։ Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանն իր միակողմանի աջակցությունն է հայտնում հայկական կողմին եւ, ինչպես մեր որոշ տաքգլուխներ են ասում՝ ամբողջությամբ կատարում է ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Ոմանց դա երեւի թե դուր կգար՝ այսպես ասած, «ցաված սրտերին» սպեղանի կդառնար, բայց արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է իրեն նման շքեղություն թույլ տալ, այսինքն՝ թշնամանալ Ադրբեջանի հետ։ Ի՞նչ կլիներ դրանից հետո։

Կլիներ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը միանգամից կհայտնվեն նույն դաշտում՝ ամբողջությամբ կմեկտեղեն իրենց նպատակները, ուժերը եւ գործողությունները։ Գուցե նույնիսկ դառնան մեկ պետություն, որովհետեւ Ադրբեջանն այլ տարբերակ չի ունենա դիմակայելու «ռուսական սպառնալիքին» եւ ապահովելու իր ազգային, պետական անվտանգությունը։

-Իսկ մի՞թե այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը նույն «մեխին» չեն խփում՝ մի դեպքում բացահայտ, մյուս դեպքում՝ թիկունքից աջակցելով Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու արեւմտյան ծրագրերին։

-Իհարկե Ադրբեջանը հիմա էլ է իր գործողությունները համաձայնեցնում մեծ եղբոր հետ, բայց Ռուսաստանի հետ թշնամանալու դեպքում ամբողջովին կսերտաճի Թուրքիային, հնարավոր է՝ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ես ոչ թե փորձում եմ արդարացնել Ռոգոզինի հայտարարությունը Ադրբեջանին զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումները շարունակելու մասին, այլ ընդամենը փաստում եմ իրողությունը։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ եթե մենք Ռուսաստանից ստացել ենք համապատասխան սպառազինություն՝ մեկ միլիարդ դոլարի զենք եւ արդիական տեխնիկա, Ս-300, Ս-400, «Ուրագան», «Սմերչ», «Գրադ» կայանքներից սկսած, վերջացրած «Իսկանդեր» հրթիռային համալիրով, որ տարածաշրջանի երկրներից ոչ մեկը չունի, բացի մեզանից, հարց եմ տալիս՝ իրավունք ունե՞նք դժգոհելու։

Երրորդ՝ 200 միլիոն դոլարի ռուսական վարկի դիմաց մեր մասնագետները արդեն գնացել եւ տեղում ընտրել են զենքի տեսակները, որ ուր որ է՝ պետք է գան Հայաստան։ Ինչո՞ւ ենք չտեսնելու տալիս այս ամենը։ Չեմ հասկանում՝ խո՞սքն է կարեւոր, թե՞ գործը։ Կարծում եմ, կարեւորը գործն է՝ արդյունքը։

Բանը հասել է նրան, որ, կներեք արտահայտությանս, որոշ թափթփուկներ կամ սադրիչներ ասում են՝ Ռուսաստանն ինքն է հրահրել այս պատերազմը, որպեսզի հետո կանգնեցնի եւ ցույց տա, թե ով է տարածաշրջանի «տերը»։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930