Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք». Դեն Շեխտման

Ապրիլ 14,2016 23:25

Այս օրերին Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրները տպավորված են մեր երկիր կատարած այցով: Նրանք այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել դասախոսություններին՝ աչքի ընկնելով նաև իրենց կարևոր ու տեղին հարցերով:

«Այս օրերին ես շատ մեծ խանդավառություն ու հուզմունք տեսա և´ տղա, և´ աղջիկ ուսանողների շրջանում, ոգևորիչ տրամադրություն ու վերաբերմունք, որի համար շնորհակալ եմ»,- ասաց քիմիայի բնագավառում 2009 թվականին Նոբելյան մրցանակ ստացած Ադա Յոնաթը:

Դեն Շեխտմանը ևս ոգևորված է՝ տեսնելով, որ Հայաստանում կրթությամբ հետաքրքրված այնքան շատ ուսանողներ ու դասախոսներ կան. «Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ հասկացա, որ նա նույնպես շատ է կարևորում զարգացած և որակյալ կրթության դերը: Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք»,- նշեց իսրայելցի գիտնականը:

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Ջոն Ուորենի բնորոշմամբ՝ Հայաստանը հրաշալի ու գեղեցիկ երկիր է, որն ունի շատ ընկերասեր ու հյուրընկալ հասարակություն:

«Ի դեպ, ուրախալի է տեսնել, որ դուք ինքներդ եք պատրաստում ձեր ամենօրյա սնունդը, որը շատ համեղ է: Քանի դեռ նախընտրում եք տնական սնունդը, խնդիր չեք ունենա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որի նախաձեռնողը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն էր: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակ ստացած 5 գիտնականներ՝ Ահարոն Չեխանովեր (Իսրայել), Էյ­-Իշի Նեգիշի (Ճապոնիա), Դեն Շեխտման (Իսրայել), Ադա Յոնաթ (Իսրայել) և Ջոն Ուորեն (Ավստրալիա): Նրանք այս ընթացքում դասախոսություններ կարդացին հայ գիտնականների և ուսանողների համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930