Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսնացուն մանկատնից. կարծրատիպեր կոտրող հարսանիք

Մայիս 23,2016 18:00

Հարսի ճերմակ զգեստը համառորեն խանգարում է Անիին արագորեն շարժվել այն սենյակում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տասը տարիները: Հայացքն անհանգիստ է, սակայն երջանիկ, աչքերում վախ է ու պատասխանատվություն, ջերմությամբ ու սիրով լցված ժպիտը ծորում է դեմքից:

Հայելու առաջ ևս մեկ անգամ հարդարում է մազերը, թարմացնում շրթներկը ու ինքն իրեն խոստովանում.

«Ես այսօր կավելացնեմ այն աղջիկների թիվը, ովքեր կարողացան կոտրել հասարակության կարծրատիպերը, դառնալով ընտանիքի լավ հարս, կին, մայր: Տարիներ առաջ ասում էին, որ մանկատան աղջիկներին հարս չեն տանում, բայց հիմա, երբ եկել է իմ ժամանակը, կարող եմ ասել, որ ես այդ շարքին չեմ պատկանում: Այսօր ես գտել եմ իմ երկրորդ կեսին, երջանիկ եմ և իմ ամուսնությամբ ևս մեկ անգամ կնպաստեմ հասարակության գիտակցության փոփոխմանը»:

8. 7 6

30-ամյա Անի Առաքելյանը «Մեր տունը» կազմակերպության ամենաառաջին սաներից է: Համալրում է այն 15 աղջիկների շարքերը, ովքեր հարս են գնացել «Մեր տունը» ՀԿ-ից:

Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած աղջիկներից նրանք, ովքեր ցանկություն են ունենում շարունակելու ուսումը, իրենց հետագա կյանքի հինգ տարիներն անցկացնում են Էջմիածնում գործող այս կազմակերպությունում: Կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանն ասում է. երբ բացում էր «Մեր տունը», երբևէ մտքով չէր անցնում, որ կգան իրենից աղջիկ ուզելու, բայց կյանքը ցույց տվեց հակառակը: Գործունեության տասը տարիների ընթացում արդեն ամուսնացրել է 15 աղջիկների, ունեն 17 թոռնիկ:9.

«Անիին շատ ենք սիրում, կարծում եմ Անիին ոչ թե հարս են տանում, այլ աղջիկ»,-ասում է Կարապետյանը:

Հուզված հարսնացուն փորձում է պատմել ինչպես է ծանոթացել ապագա ամուսնու հետ:

«Մեր մասին հոդված էին գրել «Առավոտ»-ում «Հարսնացուն մանկատնից. «Էդ էր մնացել, ես մանկատնից հարս բերեմ», այս խոսքերը դեռ հաճախ են հնչում, բայց տաբուն կոտրվել է» վերնագրով: Փեսացուս, ով ապրում է Ամերիկայում կարդում է այդ հոդվածը և ասում, որ ուզում է ամուսնանալ մանկատան աղջկա հետ, ով ապրում է «Մեր տունը» հկ-ում: Գտնում են մեր տվյալները, նայում լուսանկարները: Նարեկը միանգամից ինձ է ընտրում: Հիմա, երբ հարցնում եմ ինչո՞ւ ինձ ընտրեցիր, ասում է, որ իմ մեջ շատ հարազատ բան է տեսել»,- հուզմունքից բառերն իրար խառնելով պատմում է Անին:

Սկայպով որոշակի շփումներից հետո, առաջին անգամ հանդիպում են 2015 թվականի ապրիլի յոթին: Անին խոստովանում է. մոտիկից տեսնելուց հետո Նարեկին ավելի շատ է սկսում սիրել:

Անին փոքրուց մեծացել է Գավառի մանկատանը: 20 տարեկանում տեղափոխվել «Մեր տուն»: Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է: Ունի մայր, երեք եղբայր և քույր, սակայն կապ հարազատների հետ գրեթե չկա:
2014 թվականի սեպտեմբերի 24-ին լույս տեսած հոդվածում Անին նշում է, որ մարդու գեները մեծ նշանակություն ունեն, և եթե մարդուն դուր է գալիս անբարոյականությունը, կարող է անգամ ամենագեղեցիկ ընտանիքից էլ փախչել:

«Էն որ ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց իմ դեպքում ընկել է, որովհետև մամաս այն կարգավիճակում չէ, որում ես կարող եմ հետագայում լինել, այսինքն` ես հաստատ ո´չ կնմանվեմ մորս, ո´չ էլ հորս, Աստված չանի: Նա լքել է ինձ: Իսկ ընտանիքներում ամենավատը նա է, որ տանում են տուն ու մեկ էլ հանկարծ երեսովդ տալիս, թե մանկատան երեխա ես, անգամ իմ ներկայությամբ եմ լսել «մանկատան որբ» արտահայտությունը: Եթե դեմ են, ավելի լավ է հենց սկզբից չուզեն, քան թե տանելուց հետո երեսով տան` «այդ չէի՞ր, ա´յ որբ»: Կարծում եմ` դա ինձ հետ չի պատահի, կարծում եմ` այնպիսի տղայի կընտրեմ, ով իմ երեսով երբևիցե չի տա»,-նշել է Անին երկու տարի առաջ տված հարցազրույցում:

Այսօր արդեն, սեփական ընտանիքը կառուցելու գործում առաջին քայլերն անող Անին ասում է. մարդու ներսում մայրական զգացմունքները ամենազգայուն են, իր ներսում այդ տեղը դատարկ է մնացել, սպասել է, փնտրել երկար ժամանակ:

««Մեր տունը» լրացրեց այդ պակասը: Ես նույնիսկ չէի սիրում ու չէի հարգում իմ ծնողներին, բայց այստեղ ինձ հղկեցին, ես սովորեցի հարգել նրանց: Ինձ ասում էին, եթե նրանց ատում ես, չես սիրում, ինքդ քեզ ես վատություն անում, ես իսկապես փոխվեցի ու փոխվեց նաև աշխարհը: Ես աստիճանաբար նրանց ներեցի, իսկ հիմա իմ կյանքում մի նոր ժամանակ է սկսվում»,- ասում է Անին:

Տիգրանուհի Կարապետյանը Անիի ամուսնությունը բացառիկ դեպք է համարում, քանի որ լրատվամիջոցը մեծ դեր է խաղացել Անիի ճակատագրում:

«Անին ինքը այլ տեսակի մարդ էր, ու չէր հավատում երջանկությանը ընդհանրապես, հիմա պետք է ասեմ նաև, որ լրագրողի ներդրումն էլ կար այդ գործում: Հենց նրա շնորհիվ կարծես Անիի կյանքը սկսեց դասավորվել, նաև Աստծո նախախնամությունն էր: Բոստոնում հանդիպել եմ տղայի ծնողներին, տպավորություններս դրական են, տղան էլ հանգիստ, լավ մարդ է: Ու չեմ կարծում, որ կարող է մեկ օր այնպես պատահի, որ Անիին երեսով տան, որ մանկատան երեխա է, կամ որբ է մեծացել: Ասեմ, որ մենք մեր աղջիկների թիկունքում ենք: Նրանց բոլորին ասել եմ, ես միայն այստեղ չեմ Ձեր կողքին, այլ նաև այս պատերից դուրս»,-նշում է կազմակերպության նախագահը:

Անին ասում է. ընտրել է Նարեկին, իսկ դա նշանակում է՝ ընտրել է նաև Նարեկի ընտանիքին:

«Նարեկն ասում էր.«Կգա՞ մի օր, որ դու իմ մամային մամա ասես»: Ես ասում էի, հա իհարկե պետք է ասեմ, ես ոչ միայն այդ խոսքի, այլ նրա սիրո ու ջերմության կարիքն ունեմ: Հավատացեք ես արդեն ասել եմ. մամ ջան»,- պատմում է Անին:

Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ նշում է. ընտանիքը այս աղջիկների համար կարևոր ու գերակա արժեք է, մյուս կողմից էլ աղջիկները իրենք են ընտանիք լցնում:

«Ու ոչ թե այն պատճառով, որ իրենք չեն ունեցել, այլ այն որ «Մեր տան» համառ ջանքերով նրանց սովորեցնում են լցնել ընտանիքը, այստեղ մի ամբողջ թիմ է աշխատում, որ աղջիկը այստեղից դուրս գալուց հետո կարողանա այդ առաքելությունը իրականացնել: Աղջիկներն իրենք էլ ջանք ու եռանդ չեն խնայում ճիշտ ընտանիք կառուցելու համար: Ես հավատացած եմ, որ հասարակությունը պետք է ամեն կերպ այդ կարծրատիպը կոտրի, որովհետև ընտանիքը պետության ամրության հիմքն է, նրանք հրաշալի մայրեր են դառնում: Հասարակությունը պետք է ընդունի նրանց: Սերը ամեն ինչի դեղամիջոցն է»,-ասում է հոգեբան Մեհրաբյանը:

Տասը տարիների ընթացքում Անին իր 14 ընկերուհիներին ճանապարհել է դեպի ընտանեկան կյանք: Ասում է, որ բոլորի համար «սիրտը խփել է», հուզվել է ու անհանգստացել:

«Հուզվում էինք, որ գնում են «Մեր տնից», հուզվում էինք, որ ունենալու են իրենց ընտանիքները, վախ լինում էր բոլորի մեջ՝ կկարողանա՞ն հարմարվել: Էս պահին ինձ մոտ էլ կա, հանկարծ ինչ-որ բան այնպես չանեմ, չասեմ…,- «Մեր տուն»-ը ամեն ինչ տվել է մեզ, որպեսզի մեզ լիարժեք ու կայացած մարդ զգանք: Ամենակարևորը հոգատարություն ու սեր, որն էլ հետագայում տալիս ենք մեր ընտանիքներին, մարդկանց ու աշխարհին»

Հյուրերը հավաքվել են, շուտով ժամանում է փեսացուն՝ հարազատների հետ: Հնչում է ավանդական դհոլն ու զուռնան: Անիից դժվարությամբ են բաժանվում, նա բոլորի սիրելին է:

«Անին իմ աղջիկն էր, շատ եմ սիրում նրան»,-Անին գրկախառնված, արցունքների միջից ասում է Տիգրանուհի Կարապետյանը,-«Երջանկություն իրենց»:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031