Լրահոս
Օրվա լրահոսը

Մանր խորամանկություն

Հունիս 29,2016 10:00
byuje

Ընտրական օրենսգրքի` որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ այդ կետերից հրաժարվելու` ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվեն էլ է դրան «նպաստում»` ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Իհարկե, իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի` 1 միլիոն 300 հազար Հայաստանում չեղած «ընտրողով», եւ առանց նկարահանումների` կեղծարարների «շրջիկ խմբերով»: Դա նաեւ հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում` տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք` ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողը չեք տալիս, ի՞նչ անենք:

Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, որ միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին` ընտրությունները կազմակերպելու համար: Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել` դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա:

Եթե ես սրտանց ուզում եմ, որ որեւէ մեկը նյութական կամ ոչ նյութական ներդրում անի իմ նախագծին` լինի այն քաղաքական թե կոմերցիոն, ապա ես պարտավոր եմ ինքս, իմ ուժերի սահմաններում կատարել իմ սեփական ներդրումը: Ինչպես ասում են ամերիկացիները՝ no involvement – no commitment` եթե որեւէ ձեւով չես մասնակցում, ապա չես կրում որեւէ պատասխանատվություն: Այո, մեր` Հայաստանի ռեսուրսները խիստ սահմանափակ են, բայց եթե պետությունը ոչ մի հավելյալ կոպեկ չի ուզում դնել որեւէ գործի, տվյալ դեպքում` արդար ընտրությունների համար, ապա միջազգային դոնորների մտքով կարող է անցնել` «ի՞նչ է, դա մե՞զ է ամենաշատը պետք»: Հենց այդ պատճառով է, ի դեպ, որ շատ միջազգային ծրագրեր իրականացվում են, այսպես ասած, «համաֆինանսավորման» սկզբունքով: Եթե իշխանության ներկայացուցիչները դոնորներին ցույց տան, թե արժանահավատ արդյունքներով ընտրություններ իրենց առանձնապես պետք չեն, որ դա ընդդիմության «խաղալիքն է», որը մենք նրան տվել ենք` բազմաթիվ պնդումներից հետո, ապա «փող ճարելը» բավականին դժվար կլինի:

Իհարկե, կարող է որեւէ մեկն ասել` եթե պետությունը ավելորդ 2-3 միլիոն եվրո ունենա, հենա զենք կառնի: Համաձայն չեմ. արդար ընտրություններ անցկացնելը Հայաստանի անվտանգության խնդիր է: Ուրիշ հարց, որ ոչ բոլորս ենք դա հասկացել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Ճարպակալած ուղեղի բջիջները իվիճակի չեն հասկանալու, որ ամենաուժեղ զենքն արդար ընտրություններն են։Համ էլ էտ 2-3 միլիոնը պահում են կեղծ նույնականացման քարտեր շրջանառության մեջ դնելու համար։Ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար։Գերագույնը ասեց չէ՞․․․․

  2. gib.gibindus says:

    Սուտ չխոսելու, կամ չխաբելու համար փող ենք պահանջում: Արդեն վերջն է: Մարդկանց այս խմբի (այսինքն մեր) կարծիքը, որը “ի հայտ կգա” ընտրություններով, որևէ մեկին հետաքրքիր է՞: Դժվար թե:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930