Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. Իշխանություն ուշքն ու միտքը Ազգային ժողովը զավթելը կամ վերազավթելն է

Օգոստոս 16,2016 21:07

«Շատ ամոթալի բան է, որ իշխանությունը ընտրական բարեփոխումը պայմանավորում է օտար երկրների կամ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակության հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ այն տեխնիկական միջոցները, որոնք իշխանությունը ակնկալում է ունենալ որեւէ խնդիր չեն կարգավորում, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ մնացել են անլուծելի. «Իշխանությունը իր տեխնիկական միջոցներով մեր եւ միջազգային հանրության աչքը փակելու ճանապարհն էր բռնել շատ վաղուց, եւ դա չի լուծում հարցը: Դա չի լուծում կայուն մեծամասնության հարցը, դա չի լուծում երկու ձեւով քվեարկության արատավոր մեխանիզմի հարցը, կոալիցիոն կուսակցություններին անդամակցելու ինչ-ինչ սահմանափակումների հարցը:

Այդ ֆանտաստիկ, արհեստական, կեղծ համակարգը, որ հորինել են վերարտադրման համար, ոչ մի կերպ չեն կարգավորվում տեխնիկական միջոցներով: Գումարած՝ տեղամասերում դիտորդական եւ լրատվամիջոցների հսկողության մեխանիզմները շոշափելի կերպով իշխանությունը թուլացրել է, թուլացրել է ԶԼՄ-ների դիրքը, եւ այլն, եւ այլն, եւ այլն … Այսինքն՝ այդ տեխնիկական միջոցները՝ վա՜յ, չեղավ, փող ճարենք, փողը չեղավ, վա՜յ չի լինի, ուրեմն՝ ազատ, արդար ընտրությունների ճակատագիրը հարցական է … դրանք բլեֆի ժանրից է»:

Նկատառմանը, թե այս դեպքում գումարը կար, Լեւոն Բարսեղյանը ասաց, որ իշխանության նպատակը ազատ, արդար ընտրություններ իրականացնելը չէ. «Իր նպատակը իշխանության վերարտադրությունն է ամեն գնով: Հիմա այս մանր ժուլիկության կամ խուլիգանության միջոցով ուզում է թոզ փչել ուղղակի ե՛ւ փող տվողի, ե՛ւ հայ ժողովրդի աչքերին, թե տեսեք-տեսեք իբր ինչ-որ գործ ենք անում, չի ստացվում: Ուղիղ իրեն պետք է հարցնել՝ ա՜յ, ընկե՛ր, եթե փողը կա, ինչո՞ւ այդ մի տեխնիկական լուծումը չեք իրականացրել կամ չեք իրականացնում, ինչո՞ւ եք մեղքը գցում ինչ-որ լեհական ընկերության վրա: Փորձեք կապվել լեհական ընկերության հետ եւ պարզել՝ ինքը կարո՞ղ է այդ գործն այդքան գումարով անել, թե՞ ոչ: Լա՛վ, եթե չի կարող անել, վերջ ի վերջո դուք պետությո՞ւն եք, թե՞ պետություն չեք՝ պիտի դրսից փող լինի, որ անեք»:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ շատ մեծ է ռիսկը, որ իշխանությունները եւս մեկ անգամ կկեղծեն ընտրությունները, որպեսզի Հանրապետական կուսակցությանը պահեն իշխանությունում: Նա համարում է, որ եթե մի արտակարգ կամ ճակատագրական բան տեղի չունենա Հայաստանում, մեծ է հավանականությունը, որ իշխանությունները վերարտադրվելու են. «Իրավապահ համակարգը դարձել է իշխանապահպան համակարգ, դատարանները վաղուց իշխանությանն են, անցած բոլոր ընտրությունների ժամանակ իշխանությունը քրեականների, ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով, զանազան հնարքներով կեղծել եւ ապականել է ընտրությունների ընթացքը, խոչընդոտել է մարդկանց ազատ կամաարտահայտմանը  եւ մնացել է անպատիժ:

Սահմանադրական դատարանը մշտապես պաշտպանել է իշխանությանը: Հիմա որեւէ կամք չտեսանք մենք, անգամ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը շարունակեց իր ապօրինությունները, հոկտեմբերին կերեւա՝ տեղական ընտրությունների ժամանակ ինչ վարք կդրսեւորի, ես շատ կասկածամիտ եմ, որ իշխանությունը ուղղվել է:

Եվ հիմա ռեպրեսիվ ալիքի վրա՝ «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո, իշխանությունը կփորձի Գյումրիում, Վանաձորում վերարտադրվել, դա իրեն, իհարկե՛, չի հաջողվի, բայց կփորձի: Ամբողջ ուշքն ու միտքը Ազգային ժողովը զավթելը կամ վերազավթելն է: Կասկածամիտ եմ, եթե պարզվի, որ սխալվում եմ՝ հազար ներողություն: Այնպիսի բան է իշխանության որակի կամ վարքի փոփոխությունը, որ մարդիկ արագ նկատում են: Հիմա տեսնում եմ՝ բանտերում քաղաքական բանտարկյալներ են՝ Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Սանասարյան, մյուսները, որեւէ գործողություն չեն ձեռնարկում, որ տեսնենք՝ սրանք բարեփոխվում են: Չկա նման բան. Սերժ Սարգսյանի կլանը սարսափում է առանց իշխանության մնալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Շատ ճիշտ մեկնաբանություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031