Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ թատերախումբը գործում է «ո՛չ մնջախաղ» սկզբունքով»

Օգոստոս 22,2016 13:00

Հանրահայտ Մարսել Մարսոյի սանի՝ Ժամանակակից եվրոպական
շարժման թատրոնի վառ ներկայացուցիչ Վահրամ Զարյանի դիտարկումները

«Առավոտը» հյուրընկալել էր վերջերս Ծաղկաձորում կայացած Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հյուր, Եվրոպայում պրեմիեր մնջախաղաց հռչակված ֆրանսաբնակ Վահրամ Զարյանին: Փառատոնի ավարտից հետո մեզ հետ զրույցում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանն առանձնացրել էր հենց այս մնջախաղացին՝ նշելով, որ Փարիզում փակվել է Մարսել Մարսոյի դպրոցը, որի վերջին ուսանողներից է եղել Զարյանը: Նաեւ ասել էր, որ Վահրամը թեեւ յուրացրել է հայտնի դպրոցի մնջախաղային ամեն մանրուք, այժմ, սակայն, հիմնովին ժխտում է՝ միտում ունենալով բացել նոր դռներ այս ոլորտում: Պարոն Դադասյանն առանձնացնելով ծաղկաձորյան փառատոնին Վահրամ Զարյանի ներկայացրած երկու մոնոներկայացումները՝ «Mater Replik», «Diptyque», կարծիք էր հայտնել, թե վերջիններս ժամանակակից շարժման թատրոնի իսկապես վառ նմուշներ են:

Հավելենք նաեւ, որ Վահրամ Զարյանն արվեստաբանության թեկնածու է, սովորել է Սորբոնի համալսարանում, պաշտպանել թեզ՝ «Փարաջանովյան ժեստն ու շարժման արվեստը» թեմայով: Մինչ այդ, նա սովորել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում, այնուհետեւ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի արվեստանոցում: Ուսմանը զուգահեռ՝ 1999թ. մնջախաղի այբուբենին ծանոթանում է Ժիրայր Դադասյանի մոտ, ապա շուտով համալրում Մնջախաղի պետական թատրոնի դերասանական կազմը: Այդ տարիներին ներկայացնելով սկսնակ մնջախաղացին, նշվում էր նրա առաջատար դերասան լինելու հանգամանքը: Ընդամենը մեկ-երկու ներկայացումներում հանդես եկավ մնջախաղացը՝ Ժ. Դադասյանի «Թռիչք», «Չարի ծաղիկներ» եւ Յու. Կոստանյանի «Գեներ»:

Թատրոնի կազմում եւ անհատական հյուրախաղերի արդյունքում հայ արտիստին հասցրել էին նկատել եվրոպացի մասնագետները, ինչին հաջորդեց Գերմանիայի Ֆրանկֆուրտի երիտասարդական ժամանակակից թատերախմբի կողմից հրավերը եւ 2001թ. Վահրամը մեկնեց Հայաստանից: Ընդամենը մեկ թատերաշրջան հանդես գալով Ֆրանկֆուրտում, նա ընդունվեց Փարիզի Մարսել Մարսոյի դպրոցը ու, փաստորեն, եղավ աշխարհահռչակ մաեստրոյի վերջին 3 ուսանողներից մեկը:

vahram-zaryan-3 Vahram_Zaryan_2 Vahram_Zaryan_1 vahram-zaryan-4 vahram-zaryan-5
2007թ. հայ մնջախաղացը Մարսոյի դպրոցի իր երկու ընկերների հետ Փարիզում հիմնում է թատերախումբ՝ «Theatre Suspendu», որը ճանաչում է ձեռք բերում Եվրոպայում՝ մասնակցելով մնջախաղի մի քանի հեղինակավոր փառատոների: Իսկ 2009թ. Վահրամ Զարյանը հիմնում է սեփական թատերախումբը՝ «Compagnie Vahram Zaryan», որի նպատակը, ինչպես իր խոսքում ասաց Վահրամ Զարյանը, նոր մնջախաղի եւ ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում գործունեություն ծավալելն է: Խնդրեցինք մանրամասնել «նոր մնջախաղ» արտահայտությունը եւ Ժիրայր Դադասյանի հայտնած միտքը, թե «Վահրամ Զարյանը ժխտում է Մարսոյի դպրոցը, որպեսզի կարողանա բացել նոր դռներ այս ոլորտում»: «Ժամանակակից աշխարհում ոչ միայն մնջախաղացը, այլեւ ստեղծագործողը պետք է ազատ լինի ու զերծ մնա հաստատված կարծրատիպերից:

Իմ թատերախմբի ստեղծագործության հիմքում «ո՛չ մնջախաղ» սկզբունքն է, այսինքն՝ զբաղվելով մնջախաղով, փորձում ենք հեռանալ դասական մնջախաղից, որպեսզի կարողանանք լիարժեք վերադառնալ, «գտնել մեր մարմինը»: Իմիջիայլոց, մնջախաղը վաղուց դինամիկ գործողությունների ցուցադրման շարան չէ: Այսօրվա մնջախաղացը ոչ թե պետք է ջանա ցույց տալ զուտ իր մարմնի ճկունությունը, ֆիզիկական դեմոնստրատիվ վիճակը այլեւս հնացած է: Ի վերջո, հանդիսատեսը գալիս է թատրոն՝ ներկայացում դիտելու, այլ ոչ մարմնի գեղեցիկ շարժումներ, ասենք՝ ակրոբատիկ տարրեր կամ նման աչք շոյող բաներ: Պարոն Դադասյանն իմ արվեստի մասին այդպես է արտահայտվել՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար: Ի վերջո՝ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի իր գործի նկատմամբ ու չբավարարվի ձեռքբերածով, նույնիսկ եթե արժանանա սուր քննադատությունների: Իմիջիայլոց, հենց այդ քննադատություններից է սկսում մտերմությունը, շփումը հանդիսատեսի եւ ժամանակակից արվեստ կոչվածի հետ: Սա է նկատի ունեցել պարոն Դադասյանը ու ավելի տպավորիչ արտահայտել միտքը»,-հայտնեց ֆրանսաբնակ մնջախաղացը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031