Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կենտրոնաձիգ պետական համակարգն ավելի ընդունելի է հայ արիականների համար

Օգոստոս 25,2016 13:50

Ճիշտ է, Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ ԼՂՀ-ն հայտարարել է ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները, սակայն առկա իրավիճակում հասկանալի է, որ փաստացի Արցախը դեռ անկախ պետություն է եւ պետք է ունենա անկախ պետության գործառույթներ: Այլ իրավիճակ կլիներ, եթե անգամ հայ արիականների կոչին արձագանքեին քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հայրենակցական ու մշակութային միությունները, հոգեւոր ու այլ կազմակերպությունները Հայաստանում եւ Սփյուռքում:

Այս դեպքում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը, հայտարարելը այլ խորհուրդ կստանար եւ կազդեր ինչպես հայ քաղաքական մյուս ուժերի, այնպես էլ միջազգային կոչված հանրության վրա: Ինչեւէ, դեկտեմբերի 1-ին կլրանա Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 28-ամյակը, եւ արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումները կարող են հանգեցնել այլ իրավիճակի: Իսկ ԱրցախԼՂի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել, ինչը աններելի է:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ Հայ Արիական Միաբանությունն իր տեսակետների հետ ներկայացրել էր նաեւ ամբողջական Սահմանադրության նախագիծ, որտեղ ազգ եւ հայրենիք բնածին երեւույթները առաջնային դիրքում են, որից էլ բխում են մարդու եւ պետության իրավունքները: Մեր՝ հայ արիների Սահմանադրությունում, Հայաստանի տարածքում (որի մասն է նաեւ Արցախը) ազգային իրավունքն է գերակա միջազգային իրավունքի վրա՝ հակառակ ՀՀ եւ ԼՂՀ ներկա ու բարեփոխված սահմանադրությունների տարբերակների:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ Սահմանադրական դատարանում կայացած հանդիպմանը որոշակի քննարկվեց նաեւ Հայ Արիական Միաբանության Ազգային Սահմանադրության նախագիծը եւ պիտի նշել, որ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումները տվեցին որոշակի արդյունքներ՝ բարեփոխումների ձեւակերպումները ազգայնացնելու ուղղությամբ: Ինչեւէ, մեր սահմանադրական նախագիծը արցախյան բարեփոխումների ժամանակ այլեւս ի ցույց չդրվեց, քանզի այսօր Արցախի ու արցախցիների համար ավելի բարդ խնդիրներ կան, որ հրատապ միջազգային լուծման կարիք ունեն

Մի բան, այնուամենայնիվ, ուրախացնում է, որ արցախցին ձգտում է կենտրոնաձիգ եւ ամուր պետություն հիմնել:

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման կարգ, ինչն ավելի նախընտրելի է մեզ համար, քան եղավ ՀՀ սահմանադրական փոփոխությունների դեպքում՝ խորհրդարանական համակարգի անցումով: Նկատի առնելով ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որին հավանություն է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում, պետք է ասել, որ այն ավելի կենտրոնաձիգ համակարգի է տանում պետաքաղաքական համակարգը, քան ՀՀում կայացած սահմանադրական բարեփոխումների դեպքում եղավ: ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» եւ «Հանրաքվեն» բաժիններից, որոնցում նախատեսվող բարեփոխումները դեռ լիարժեք ազգային պետական համակարգի անցում համարել չի կարելի, ինչպես ՀՀ սահմանադրական բարեփոխումների դեպքում էր: Ուստի՝ այս հարցերում խորանալու նպատակ չդրվեց մեր կողմից:

Բայց հայեցակարգի «Կառավարման համակարգը» ողջունելի է, այս բաժնում առանձնակի նշվում են ներկայիս կիսանախագահական համակարգի թերությունները, ինչի մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է ՀՀ կիսանախագահական դեռ գործող համակարգի ժամանակ: Այո, համաձայնել է պետք նախաձեռնողների հետ այն հարցում, որ «կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանության երկակիությունն իր արտացոլումն է գտել նաեւ ԼՂՀ Սահմանադրությունում»: Թեեւ ի տարբերություն ՀՀ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության՝ ԼՂՀ նախագահն «ավելի ուժեղ դիրք ունի կառավարության նկատմամբ, սակայն, կրկին համաձայն ենք նախաձեռնողների ձեւակերպման հետ, որ «դա չի երաշխավորում գործադիր իշխանության միասնականությունն այնպիսի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, եւ որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման եւ իրագործման հրատապությունը առանձնակի կարեւորություն են ստանում»:

Կարեւոր է, որ ԼՂՀ նախագահը գործադիր իշխանության միանձնյա ղեկավարն է, չնայած Արցախի պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր, որ խորհրդարանական ինչ-որ ուժեր համագործակցեն այս կամ այն երկրի իշխանությունների հետ՝ նրանց պատվերով, բայց առավել հանգիստ է, երբ ներքին հսկողությունը կենտրոնաձիգ պետության ղեկավարի վրա է սեւեռված միայն, որի սխալի դեպքում միահամուռ ընդվզում կառաջանա, առանց այս կամ այն քաղաքական ուժի միջոցով այս կամ այն օտար երկրի կամքի դրսեւորման: Ցավոք, ՀՀ-ում սա կդառնա կիրառելի տարբերակ:

Կարեւոր է նաեւ, որ ԼՂՀ նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով եւ Հանրապետության նախագահի ու ԱԺ-ի ընտրություններն անցկացվում են նույն օրը: Հնարավորինս պահպանված է համարժեքությունը նախագահի եւ Ազգային Ժողովի հարաբերություններում, ԱԺ-ն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, նաեւ իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին եւ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է ԱԺ նախագահը: ԼՂՀ նախագահն էլ իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը, որի դեպքում տեղի են ունենում ԼՂՀ նախագահի եւ ԱԺ-ի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Տրամաբանական է, որ Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին, ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու երկրի նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Այն հանգամանքը, որ նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընտրվել երկրի նախագահ, կարծես ընդունված կարգ է դարձել աշխարհի մակարդակով, սակայն սա վիճարկելի հարց է: Եթե Արցախն ունենա նվիրյալ նախագահ, ով կպաշտպանի երկիրն ու բոլորին, եւ ում կպաշտպանեն նաեւ բոլորը, ապա սա կարող է ոչ նպաստավոր կետ դառնալ: Այստեղ գուցե նաեւ ներքին մի համոզմունք կա, որ երբեք նման ճանաչումով գործիչ չի լինի (ինչը երբեք բացառել չի կարելի), բայց այս կետի առկայությունը ավելի շատ միջազգային ասպարեզում բռնատիրական համակարգ ճանաչվելու վտանգից խուսափելու հետեւանք է:

Hayastan_Arcax_qartez

Վիճարկելի է նաեւ այն, որ ԼՂՀ նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները: Այս տրամաբանությունը բխում է այն փոփոխությունից, որ այդուհետ Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով: Բայց սա նույնպես վիճարկելի է: Իսկ որպեսզի Արցախն ունենա նվիրյալ նախագահ, ով կպաշտպանի երկիրն ու բոլորին, եւ ում կպաշտպանեն նաեւ բոլորը, հենց այն միտքն է դրված, ինչը նշվեց վերեւում, որ բացի կուսակցական գործունեությունից պետք է զարկ տալ նաեւ անհատական կամ խմբային գործունեությանը: Միայն այս դեպքում կուսակցականացվելուց խուսափող անհատը կամ խումբը, որոնց համար իսկապես կուսակցությունը հայրենիքն ու ազգն են, կկարողանան օգտվել երկրին առավելագույնս ծառայելու հնարավորություն ստանալու իրավունքից: Հայ Արիական Միաբանությունը այս մասին խոսել է նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ:

Ամեն դեպքում, Հայ Արիական Միաբանությունն աջակից է Արցախը ուժեղ պետություն դարձնելու եւ արցախահայության ապահովությանն ու զարգացմանը նպաստելու բոլոր ձեռնարկումներին եւ պատրաստ է դրան նպաստել նաեւ իր ուժերի ներածին չափով: Բայց մեզ համար Արցախը այլեւս Հայաստանի 12-րդ մարզն է, ինչպես ճանաչել է Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը: Եվ մեկ անգամ եւս կոչ ենք անում Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական, հասարակական եւ այլ ուժերին՝ ընդունել նման որոշումներ եւ բոլորով դիմել ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորումը հաստատելու համար, ինչը կդառնա առաջին ամուր քարը՝ Հայոց միասնական պետությունը Հայկական լեռնաշխարհում վերակերտելու ճանապարհին…

Աշխարհի հերթական վերաբաժանման ընթացքն է եւ մենք ազգովի պիտի պատրաստ լինենք ինչպես դիմակայման, այնպես էլ՝ հակահարձակման:

 

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031