Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ առաջարկվեց 500.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարճել իմ դեմ գործը». Արտակ Գալստյանը (Վանոյի Արտակ) դիմել է Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 09,2016 11:17

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Արտակ Գավրուշայի Գալստյանից

Բաց նամակ

Հարգելի՛ մեծարգո նախագահ,
Սույն քրեական գործով հենց հարուցման պահից ՀՔԾ ղեկավարության կողմից իմ հադեպ ակնհայտ հաշվեհարդար տեսնելու մտադրության մասին նախկինում բաց նամակով դիմել եմ Ձեզ: Սույն գործը մամուլի կողմից անվանվեց «Անալիտիկի» գործ, սակայն այսօր արդեն փաստ է, որ ոչ մի «Անալիտիկի» գործ էլ գոյություն չունի, այլ գոյություն ունի «Վահրամ Շահինյանն ընդդեմ Արտակ Գալստյանի» քրեական գործ, որի հարուցման միակ նպատակը անձնական նպատակներով վրեժխնդրությունից դրդված ինձ հետ հաշվեհարդար տեսնելն է և ունեզրկելը:

Առավել մեծ հանցանք է ՀՔԾ ղեկավարության կողմից, իրենց ապօրինությունները արդարացնելու նպատակով Ձեր անվան շահարկումը:
Հեռու լինելով այն մտքից, որ Դուք կարող եք ինչ-որ առնչություն ունենալ իմ հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդմանը՝ դիմում եմ Ձեզ և ներկայացնում եմ ՀՔԾ-ի կողմից իմ հանդեպ իրականացվող գործողություններից մի քանիսը, որոնք որ առկա են քրեական գործում: Կալանավորումիցս մոտ 10 օր անց ինձ առաջարկվեց 500.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց երեք օրում կարճել իմ հանդեպ հարուցված քրեական գործը:
Այդ մասին մեկուսարանում ես հայտնեցի ինձ այցելած քննիչին՝ հետաքրքրվելով արդյոք իրենք տեղյակ են այդ գործընթացից: Քննիչի կողմից իմ հայտնածի հետ կապված ոչ մի գործողություն չձեռնարկվեց:

500.000 ԱՄՆ դոլար կաշառք տալուց ես հրաժարվեցի, այդ ժամանակ ինձ առաջարկվեց հրաժարվել Կ.Բաբակեխյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցից և կեղծ ցուցմունք տալ պետական այլ պաշտոնյայի օգտին, որը նույնպես ներգրավված է եղել «ֆինանսական բուրգի» գործով: Դիմացը ինձ առաջարկվեց ազատություն, տրվեց ժամանակ մինչև կալանքիս ժամկետի երկարացումը: Այս մասին ես նույնպես հայտնեցի քննիչին, սակայն ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այս՝ դիմացս միայն լռություն էր: Նրանց կողմից ոչ մի միջոց չձեռնարկվեց: Այդ ընթացքում ինձ ուղղակի տեքստով բացատրվեց, որ եթե ես չհամաձայնվեմ, ապա ՀՔԾ-ի կողմից նեղություն կտրվի իմ ընտանիքի անդամներին, բիզնեսիս, իմ պաշտպանին, նա կզրկվի արտոնագրից և նույն պես կկալանավորվի:
Եվ իրոք խուզարկվեց եղբորս տունը, հարցաքննության կանչվեց եղբայրս և տղաս, ստուգում նշանակվեց գրավատանը, որտեղ ես տնօրեն էի: Թե ինչ կապ ունեին իմ հարազատները իմ քրեական գործի հետ անհասականալի էր: Հստակ էր միայն մի բան, որ այն սպառնալիքները, որ ինձ տալիս էին իրենց պահանջների չկատարման դեպքում, շատ արագ իրականացվում էր ՀՔԾ-ի կողմից:

Տեսնելով, որ քննիչներին այս ապօրինինությունների մասին հայտնելը ոչինչ չի տալիս՝ դրանց մասին հայտարարեցի կալանքիս ժամկետը երկարացնելու դատական նիստի ժամանակ: Սակայն նորից ոչ մի գործողություն ՀՔԾ-ի կողմից չիրականացվեց:
Ընդհակառակը պահանջ առաջադրողները ինձ սպառնացին, որ կբարձրացվեն իմ կյանքի ընթացքում կատարված բոլոր գործարքները և կհասնեն նրան, որ ինձ մեղադրանք կառաջադրեն խարդախությունների մի քանի դրվագով և կդատապարտեն 10 տարվա ազատազրկման: Ստիպված արդեն գրավիս միջնորդության ժամանակ իմ հանդեպ կատարվող ապօրինությունների մասին տվեցի գրավոր հայտարարություն:

Դրանից հետո սպառնալիքները իրականացան: ՀՔԾ-ի կողմից իմ գործի շրջանակներում ապօրինի վարույթ սկսվեց պաշտպանիս նկատմամբ, ծանուցագիր ուղարկվեց նրա հորը, սկսեցին ուսումնասիրել տղայիս վարկային գործերը, նա նորից կանչվեց հարցաքննության , քննություն սկսվեց տարիներ առաջ իմ կողմից կատարված քաղաքացիաիրավական գործարքների շուրջ, սկսեցին կանչել գործարքի կողմ հանդիսացող մարդկանց և հորդորել, որ ցուցմունք տան իմ դեմ: ՀՔԾ-ի ցինիզմը և շտապողականությունը իմ դեմ ինչ-որ կեղտ գտնելու հասավ այն աստիճանի, որ նրանց կողմից փորձ արվեց հարցաքննել մորաքրոջս, որը մահացել է 10 տարի առաջ, իսկ քննիչը հորդորում էր քրոջս, որ իմ դեմ ցուցմունք տա:
Հարկ եմ համարում նշել, որ բոլոր գործարքներս եղել են տարիներ առաջ, քաղաքացիաիրավական բնույթի , մեծ մասով առկա են դատարանի վճիռներ և կարճման որոշումներ, այսինքն առկա են քրեական վարույթը բացառող հանգամանքներ:
Սակայն ՀՀ օրեսնդրությունը արգելք չէ ՀՔԾ ղեկավարության համար, մանավանդ երբ խոսքը վերաբերվում է նրանց անձնական վրեժխնդրությանը և ամբիցիաներին: Հենց այս պահին էլ ապօրինի քննությունը շարունակվում է:

Այն, որ իմ հանդեպ ՀՔԾ ղեկավարությունը վաղուց էր պլանավորել հաշվեհարդար տեսնել, վկայում է այն հանգամանքը, որ դեռևս 2015թ-ի դեկտեմբեր ամսին ՀՔԾ պաշտոնյաները առանց իմ դեմ քննվող քրեական գործի առկայության, իմ հեռախոսային վերծանումներով այցելել են իմ ծանոթներին և փորձել տեղեկություններ ստանալ իմ մասին, հայտարարելով նրանց, որ իմ հեռախոսները գաղտնալսվում են: Այդ ամենի մասին լավագույն ապացույցն է նաև Ա.Հովհաննիսյանի հայտարարությունը, որ դեռևս 06.05.2016թ-ին՝ իր կալանավորումից հետո իրեն տարել են ՀՔԾ վարչության պետերից մեկի մոտ, որը իրեն ցույց է տվել իր սեղանին դրված մի քանի թղթապանակ, վրան դրված իմ նկարը, հայտարարել է, որ բավարար նյութեր ունեն հավաքած իմ դեմ, որ միևնույնն է ես դատվելու եմ, քանի որ անձնական խնդիրներ ունեմ ՀՔԾ պետ Վ.Շահինյանի հետ: Անիին առաջարկվել է ցուցմունք տալ իմ դեմ և դրա դիմաց փոխել խափանման միջոցը:
Այս ամենը ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս 2015թ-ին ՀՔԾ-ն ապօրինի նյութեր է նախապատրաստել իմ դեմ, ապօրինի հանել վերծանումներ, գաղտնալսել իմ հեռախոսազանգերը:

Մեծարգո նախագահ, նամակումս միտումնավոր կերպով չեմ նշում մարդկանց անունները, որպեսզի նրանք ճնշումների չենթարկվեն ՀՔԾ-ի կողմից, փաստերը չխեղաթյուրվեն, սակայն ՀՔԾ-ից բացի ցանկացած այլ քննչական մարմնի կներկայացնեմ և անուններ և փաստեր: Ավարտելով նամակս խնդրում եմ Ձեզ նախագահական վերահսկողություն սահմանել սույն քրեական գործի նկատմամբ, առաջին հերթին Ձեր անվան շահարկումը ՀՔԾ-ի կողմից դադարեցնելու և օբյեկտիվ, առանց անձնական քենախնդրույթամբ քննության ընթացքը ապահովելու նպատակով:

Արտակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930