Լրահոս
Օրվա լրահոսը

Չափանիշները հստակ չեն

Սեպտեմբեր 09,2016 10:11

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճնշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի համար պատասխանատու է նախագահը: Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»: Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց ասել, որ այդպիսով որեւէ կարեւոր պետական խնդիր լուծվել է, մեծ չափազանցություն կլիներ` խնդիրները, կարծում եմ, խորացել են: Բայց ընդդիմության արձագանքը կառավարության փոփոխությանը ստանդարտ է, այն չի փոխվում արդեն առնվազն 20 տարի:

Ճշմարտության հատիկ այստեղ, իհարկե, կա` վարչապետը, որքան էլ օժտված լինի զանազան անձնական բարեմասնություններով, չի կարող փոխել իրավիճակը: Ողջ ճշմարտությունը, սակայն, այն է, որ մի կողմից՝ մենք արդարացիորեն որեւէ ակնկալիք չունենալով վարչապետի կամ նախարարների փոփոխությունից՝ կարծում ենք, որ այս երկրում ամեն ինչ կախված է նախագահից, եւ բավարար է գա «ազգասեր» մեկը, եւ նա կհանձնարարի բոլոր պաշտոնյաներին չգողանալ, բոլոր գործարարներին` հարկեր մուծել, ադրբեջանցիներին` չկրակել, ռուսներին` մեզ հարգել եւ այլն, որից հետո «ժողովուրդը» կապրի գոհ եւ երջանիկ:

Նման «սպասումներով» ապրելն ու մշտապես հիասթափվելն ունի մեկ այլընտրանք` պահանջել սկզբից ինքդ քեզնից, այնուհետեւ քո մտերիմներից, իսկ հետո նաեւ պետական պաշտոնյաներից` ընդհուպ մինչեւ նախարարները, վարչապետը եւ նախագահը` համապատասխանել բարոյական եւ պետական որոշակի չափանիշներին: Եթե ես դրանց մեջ չեմ տեղավորվում, եթե ես ինքս համեստ չեմ, շահամոլ եմ, խաբեբա եմ, ապա իրավունք չունեմ նույնը պահանջելու ուրիշներից, մասնավորապես, իշխանավորներից` զուտ այն պատճառով, որ ես «ժողովուրդ» եմ, իսկ նրանք «շեֆեր» են: Թե չէ՝ ստացվում է` «սրանք գողանում են, թողեք` մենք էլ գողանանք»:

Այլ հարց է, թե ինչ ենք մենք հասկանում «բարոյական եւ պետական չափանիշներ» ասելով: Այդ «պարամետրերը» մեզ համար մինչեւ վերջ հստակ չեն: Այդ չափանիշների մեջ մտնո՞ւմ են, օրինակ, «Գազպրոմի» հետ կապված բիզնեսները: Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը. արդո՞ք այստեղ շահերի բախում չի առաջանում: Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի եւ, հետեւաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում կատարել վարչապետի պարտականությունները:
Չափանիշները, մի խոսքով, անորոշ են: Այս պարագայում առաջին պլան են մղվում մակդիրները` ազգասեր, ոչ ազգասեր, ժողովրդի մատից փուշ հանող կամ մտցնող: Նման աշխարհընկալմամբ մենք հեռու չենք գնա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարինե says:

    “Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի եւ, հետեւաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում կատարել վարչապետի պարտականությունները:” խանգարում է ???? Շատ մեղմ է ասված։ Սա Հայաստանի ինքնիշխանության մի շատ մասի կորուստ է։ Սա ուղղակի խայտառակություն է։ Թվում էր դժվար թե Հովիկ Աբրահամյանից ավելի վատ բան լիներ Հայաստանի համար։։ Բայց խնդրեմ՝ շատ ավելի վատը կարող լինել։ Մարդ լրիվ հուսահատվում է։

    • Jora Dzadza says:

      Մի հուսահատվի, քույրիկ ջան: Բա որ Լիսկան կամ գեներալ Մանվելը լինէի՞ն: Մանավանդ, որ ժամանակվոր բան է`մինչև հաջորդ ընտրությունները (հուսով եմ, նոր սահմանադրությունը հիշում եք): Իսկ Հովիկը պետք է կազմակերպի ճիշտ ընտրություններ: Չնայած, ինչքան հասկանում եմ, կազմակերպելու կարիք էլ չկա:

  2. Պետրոսյան says:

    Հարգելի Արամ:
    Մենք ապրում ենք դարաշրջանում, այն է ուրիշի բնում դնելով այնուհետ բույնը հիմնովին քանդելով և այդ տեսակին բազմանալուց զրկելով, իսկ բազմանուուոուուում են ու հարստանում, իրենց շահի համար օգտագործելով իմ քո պետության ռեսուրսները: Կկուն է, կառավարությունն է, վարչապետն է արդյունքում մենք ենք, որ զրկվելով բնից բռնում ենք պանդխտության ճանապարհը՝ ուրիշի հողում ապահով հույսով: Պետք է ունենանք ամուր, օրեքով պաշտպանված կառավարություն և քո ասած «բարոյական եւ պետական չափանիշներով» օժտված ղեկավարներ, որոնք պետական շահը կգերակայեն սեփականից և միևնույնն է եթե կախված է օրենքով ենթարկվելու, իսկ մեր պարագայում նաև խնամիա-օլիգարխիական կապերով, ապա որքան ուզում ես փոխի տեղադրողին նոր տեղադրող կգտնի:

  3. Jora Dzadza says:

    Չափանիշները լավ էլ որոշակի են, պետք չի լողոզել: Օրինակ, պարսկական գազը Հայաստանի “վրայով” տեղափոխելու խնդիրը սկզբունքային էր Հայաստանի համար: Վարչապետի նոր թեկնածուն ամեն ինչ արեց, որ Հայաստանը դուրս մնա խաղից`ի օգուտ ՌԴ շահերի: Դրանից հստակ էլ ի՞նչ եք ուզում: Կարծում են գազպրոմի այդ տղան ռուսական անձնագիր պետք է ունենա, դժվար թե նա ամեն ամիս “ռեգիստռացիա” էր անում Մոսկվայում: Եվ ի՞նչ ունենք: Հայաստանի շահերը “ծախող” այս ղարաբաղցի տղան մնացել է վարչապետի միակ թեկնածու: Սրանից հստակ էլ ի՞նչ:

  4. Տիգրան says:

    Օրենքները պիտի փոխվեն, ոչ թե պաշտոնյաները: Ես եթե չունեմ էնքան փող, որ օրենքով պարտադրված գույքահարկ մուծեմ, ո՞նց անեմ: Եթե ես չունեմ էնքան փող, որ ինձ նվիրած պայթած, տրաքած հնամաշ ավտոն մաքսազերծեմ, ո՞նց անեմ: Եթե ես չունեմ էնքան փող, որ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար պետական տուրք մուծեմ դատարան դիմելու համար, ո՞նց անեմ: Թե՞ ես պիտի՛ ունենամ էդքան փող: Եթե ունե՛մ էդքան փող, ուրեմն ամեն ինչ լավ է, ու ինձ համար մեկ է, թե ով կլինի վարչապետ կամ նախագահ: Իսկ եթե չունեմ էդքան փող ու օրենքներն էլ սրանք են, է չեղա՞վ, որ ինձ համար մեկ է, թե ով է վարչապետ կամ նախագահ: Հետեւաբար՝ օրենքները պիտի փոխվեն, գույքահարկ, մաքսատուրք, պետական տուրք…առաջին հերթին սրանք պիտի վերանան: Իսկ եթե սրանք կան ու ես չեմ կարողանում մուծեմ գույքահարկ ու դրա պատճառով տնիցս պիտի վտարի պետությունս ու ինձ բոժմ սարքի, է ինձ ինչ, թե կաշառակերություն երկրում կա թե չէ, կամ թե շատ հարուստները ազնվորեն մուծում են իրենց հարկերը, թե չէ:

  5. Մարդամեկ says:

    Եթե խոսքը գնում է Առաջին նախագահի մասին , միշտ նա «իրավացի է». Սա դառնում է արդեն ծիծաղելի, քանի որ շարունակությունը դեռ չկարդացած արդեն կռահում էս «հնդկական կինոների նման».
    Իսկ ինչ վերաբերվում է կերակրատաշտի բարոյական չափանիշներին ապա Հովանես Թումանյանը վաղուց է ասել , ով ուժեղ է նա էլ տանում է.

  6. Ruben says:

    Հարգելի ղարաբաղցինե՛ր,
    թասիբ ունեցեք, լքեք Երեւանը,
    գնացեք Ղարաբաղ,
    գնացեք, պահեք ձեր երկիրը,
    մեր տասը հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը դրեցին
    Ղարաբաղի համար…

  7. Հ.Շ. says:

    քանի որ նորէն այլ երկիրների հետ բաղդատականի խօսք կա,
    ուրեմն ահա պարզաբանումը՝

    աշխարհում չկայ մի երկիր, ուր գոյութիւն չունենան անձեր որոնք, շնորհիւ իրենց պետական պաշտօնին, անձնական գետնի վրայ օգտվին, գրպանեն անձնական շահեր, որ այլաւէս չէին ստանալու

    տարբերութիւնները հետեւեալներն են՝

    . Հայաստանը փոքր երկիր է, եւ այդ երեւոյթը աւելի խոշոր է երեւում այդտեղ

    . Հայաստանը նորածին երկոր է, եւ անոր բնակչութիւնը լաւատեղեակ եւ իրապաշտ պատկերացում չունի թէ ինչպէս կ’ըլլայ երկիր մը

    . Հայաստանում, վերոյիշեալ պետական անձիքը շատ բացայայտ, ակհնհայտ կերպով են անում այդպէս (այն աստիճան որ ,կարծես թէ դիտմամբ է…)

    . Հայաստանում այդ անձիքը շատ են ցուցադրում իրենց այդպէս ձեռք բերած շահերը (այս մէկը հաւանաբար դիտմամբ, «նոր հարուստի» ծանօթ հոգեբանությամբ)

    . Հայաստանում այդ անձիքը անհագ ու անկուշտ են, երբեք չեն գոհանում իրենց ստացած անձնական շահերով, եւ առիթ չեն տալիս որ «ներքեվի խավերից» ուրիշներ ալ մի քիչ օգտվեն…

    մինչդեռ այլ երկիրներում, այդպիսի անձեր խոհեմօրէն զսպում են իրենց ագահութիւնը, եւ տորթը միանգամից, լրիվ լափելու եւ դեռ ափսեն ալ լիզելու տեղ, թոյլ են տալիս որ անկէ փոքր շերտեր հասնին նաեւ ուրիշներին, փշրանքները հասնեն մինչեւ իսկ ամենաներքեւ՝ ժողովուրդին, եւ այսպէսով, նվազ խնդիրներ ունեն Օրէնքի հետ եւ նաեւ չափավորում են ժողովրդային դժգոհութեան աստիճանը

    ամէն անգամ որ կը հոլովէք թէ երանի՜ դառնայիք «նորմալ երկիր», մտածեցէք նաեւ այս մասին… (ամերիկացիները կ’ասեն՝ be careful what you wish for…)

    շատ բաներ կան որ պէտք է սրբագրվին Հայաստանում, սակայն եթէ այդ կատարվի այլ երկիրների օրինակի հիման վրայ, յուսախաբութիւնները լինելու են հարատեւ, եւ հետզհետէ դեռ աւելի ծանր (այո, եղածից դեռ աւելի ծանր… որովհետեւ, երբ որ այդ լուսաւոր եւ մակերեսային բաղդատականների պատրանքն ալ չմա, հետո ի՞նչ…)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930