Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսավորման կարգի պարզաբանման կարիք կա

Հոկտեմբեր 07,2016 13:00

Ներառական կրթության քաղաքականության իրականացման
ընթացքը մշտապես պետք է գտնվի ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում

2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որով Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը: Այս հեղափոխական օրենքն աստիճանաբար, մարզ առ մարզ, պետք է իրականություն դառնա մինչեւ 2025 թվականն ու մշտապես գտնվի լիազորված պետական մարմնի ուշադրության կենտրոնում: Այս ուսումնական տարում ԿԳ նախարարի հրամանով հանրապետության 6 մարզերի եւ Երեւանի 78 դպրոցներ սկսեցին իրականացնել ներառական կրթություն:

Սեպտեմբերի 23-29-ը ներառյալ, 3-ժամյա գործնական հանդիպումներ եմ ունեցել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի մոտ 70 դպրոցների տնօրենների հետ, որտեղ 2016-2017 ուստարում կսկսեն իրականացնել ներառական կրթություն: Այդ մարզերի մարզպետարանների կրթության վարչությունների կողմից ներառական կրթություն իրականացնող բազմամասնագիտական թիմի կազմերի վերաբերյալ, որպես ցուցում, տրվել են տարբեր հաստիքացուցակներ: Օրինակ, Վայոց ձորի մարզպետարանի տված «Հանրակրթական ուսումնական հաստատությունում ներառական կրթություն իրականացնող մասնագետների եւ նրանց վարձատրության գործակիցների (ըստ տվյալ ֆինանսական տարվա սահմանված աշխատավարձի չափի) կողմնորոշիչ ցանկ» վերնագիրն ունեցող, ոչ մեկի կողմից չստորագրված թղթի վրա գրված է, որ դպրոցը կարող է ունենալ Կոորդինատորի (համակարգող) հաստիք, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության կողմից 14.10.2010թ. N1391-Ն որոշմամբ ընդունված Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկին, որտեղ նման հաստիք նախատեսված չէ: Այս որոշմամբ այդ պարտականությունը դրված է հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի վրա, սակայն պարզ չէ, թե եթե փոքր դպրոց է եւ չունի այդ հաստիքը, ապա այդ պարտականությունը տնօրենի՞ վրա է դրվում, թե՞ ուսումնական գծով փոխտնօրենի: Իսկ Արարատի մարզում բանավոր ասել են այն մասին, թե ինչ հաստիքներ պետք է ունենա ներառական կրթություն իրականացնող դպրոցը եւ չեն ասել «հատուկ մանկավարժ» հաստիքի մասին, որը շատ կարեւոր հաստիք է: Շիրակի մարզում, Երեւանի քաղաքապետարանում էլ տարիներ շարունակ տարբեր նորմատիվներով են առաջնորդվում:

Իհարկե, ուսումնական հաստատությունները ՊՈԱԿ-ներ են եւ ՀՀ կառավարության 25 օգոստոսի 2005 թվականի N 1365-Ն որոշմամբ. «հաստատության տնօրենի կողմից կազմվում են հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը եւ դրանք, հաստատության խորհրդի առաջարկությամբ, ներկայացվում են պետական կառավարման համապատասխան մարմին` հաստատման»: Սակայն բոլորս գիտենք, որ ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրենի թույլ չեն տալիս ինքնակառավարվել, կառավարման ոչ մի խորհրդի որոշում առանց մարզի կամ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետի գրչի միջամտության, չի հաստատվում, առավել եւս՝ ներառական կրթության հաստիքներին վերաբերող տողերում: Վերոնշյալ որոշման մեջ ներառական կրթության ֆինանսավորման մասին էլ կա ընդամենը մեկ կետ.
«10. Հանրակրթական դպրոցներում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ`
ա) այլ մանկավարժների (հատուկ մանկավարժ, դաստիարակ, հոգեբան եւ այլն) եւ խոհարարի, լվացարարի հաստիքները սահմանվում են հաստատությունների համար նախատեսված կարգով` ըստ տիպերի սահմանված խմբերի խտության` հավասար թվով երեխաների առկայության դեպքում: Եթե երեխաների թիվը չի գերազանցում հաստատությունների համար սահմանված խմբերի խտության կեսից ավելին, ապա սահմանվում է 0,5 միավոր.
բ) սնունդը, ջուրը եւ էլեկտրաէներգիան տրվում են հաստատությունների երթեւեկող երեխաների համար սահմանված չափաքանակով, իսկ տրանսպորտային ծախսերը` ուսումնառության ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտով մեկանգամյա երկկողմ երթեւեկության արժեքի չափով.
գ) մյուս ծախսերը կատարվում են հանրակրթական դպրոցների համար սահմանված չափաքանակով»:
Այս որոշման ընդունումից անցել է 10 տարուց ավելի ժամանակ եւ այն չի վերանայվել: Այստեղ կան հասկացություններ, որոնք անհամատեղելի են հանրակրթական դպրոցների առօրյայի հետ: Օրինակ՝ «երթեւեկող երեխաներ», որը վերաբերում է գիշերօթիկ դպրոցների չգիշերող երեխաներին կամ հաստիքներ (խոհարարի, լվացարարի), որոնք չեն վերաբերում հանրակրթական դպրոցներին: Մեկ այլ խնդիր. գյուղական դպրոցների տնօրենները հարցնում են՝ գյուղում չկա քաղաքային տրանսպորտ, ինչպե՞ս վարվեն տրանսպորտի գումարի հետ, նույն հարցն ունեն քաղաքի այն դպրոցների տնօրենները, որտեղ սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի երեխա դպրոցին մոտիկ ապրելու պատճառով չի օգտվում տրանսպորտից, դրա փոխարեն մեկ ուրիշ երեխայի ծնող նրան դպրոց բերում եւ տանում է տաքսիով ու տնօրենը չի կարող անհատական մոտեցում ցուցաբերել՝ հակառակ օրենքի անհատական մոտեցում դրսեւորելու տրամաբանությանը: Կարծում եմ՝ այս որոշումը լուրջ վերանայման կարիք ունի: Կառարկեն ինձ, ասելով, թե յուրաքանչյուր մարզ համընդհանուր ներառման անցնելիս օրենքով կլուծվեն այս խնդիրները, այո, իհարկե, սակայն համընդհանուր ներառումը, լավագույն դեպքում, կավարտվի 2022-25-ին, իսկ մինչ այդ՝ այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում: Ելնելով վերոնշյալից, կարծում եմ՝ ԿԳ նախարարությունը կարող է հստակեցնել ոչ միայն ներառական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների վերաբերյալ հանձնարարականը, այլեւ լուծում առաջարկել տնօրենների բարձրացրած վերոնշյալ խնդիրներին: Մեկ այլ հարց եւս, հենց այսօր մարզի դպրոցներից մեկի տնօրենը հարց է տվել ինձ, թե հոգեբանն ու սոցիալական մանկավարժը դպրոցի բոլո՞ր սովորողներին ծառայություններ պիտի մատուցեն, թե՞ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին, որովհետեւ նրանց աշխատավարձը «ներառական կրթության ֆինանսավորում» տողից է տրվում: Պատասխանը տալիս է մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի մասին ՀՀ կառավարության 14.10.2010թ. N1391-Ն ընդունած որոշումը, որտեղ հստակ գրված է, որ նրանք պետք է բավարարեն դպրոցի բոլոր սովորողների հոգեբանական ու սոցիալական կարիքները, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներինը: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները ֆինանսավորման կարգի պարզաբանման կարիք ունեն, խնդրեմ լսեք նրանց:

 
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ

«Առավոտ»

06.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31