Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևի նվնվոցը»՝ հայկական դիվանագիտության հաղթանա՞կ

Հոկտեմբեր 26,2016 14:09

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման մասին հնչած դիրքորոշումը հայ քաղաքական գործիչները միանշանակ չեն մեկնաբանում:

«Մեդիա կենտրոնում» Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման վերջին փորձին նվիրված քննարկմանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը մտահոգություն հայտնեց, թե ներկայիս իրավիճակից եզրահանգում կարելի է անել, որ 24 տարի տարվող բանակցային գործընթացի հիմքերը չեն նշվել ու զարմանք հայտնեց, թե այդ դեպքում ինչի՞ շուրջ էինք բանակցում:

Այս ֆոնին պարոն Ռուբինյանը նորություն չի համարում այն, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ փոխզիջում հնարավոր է, տարածաշրջանը կարող է ստանալ ինքնավար հանրապետության կարգավիճակ». «Դա ամենևին առաջինը չէ, Ադրբեջանի ղեկավարները ժամանակին ասում էին, թե ԼՂ-ին Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարություն միշտ պատրաստ են տալու»:

Ալիևի հայտարարությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը համարեց հայկական դիվանագիտության հաղթանակ ու շեշտեց, թե առաջին անգամ է, որ ամենաբարձր մակարդակով այդ կարգավիճակին առարկայական անվանում է տրվել. «Կա կարևոր մի հանգամանք, որն անտեսվում է: Ալիևը վերջերս նվնվաց Բաքվում, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա ակնհայտ փաստ է, որ մեր դիվանագիտությունը բավականին լուրջ մակարդակի հաջողություն է արձանագրել: Իսկ համանախագահները ողջունում են նրա հայտարարությունը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք հստակ դիրքորոշում են որդեգրել»:

Պարոն Ռուբինյանը հակադարձեց. «Մի քիչ չափազանցություն է դա հայկական դիվանագիտության հաղթանակ ներկայացնելը: Անհեթեթ է հնչում»:

Դառնալով օրեր առաջ Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն ներթափանցման փորձին ու դրան համարժեք Մինսկի խմբի համանախագահների կողմից դատապարտում չհնչեցնելու փաստին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո էլ չեղան կոշտ գնահատականներ: Պատճառների մասին ՀԴԿ նախագահը նշեց. «Նույն միջնորդները պետք է համապատասխան գործողություն կատարեին, ձևակերպեին՝ ով էր հարձակվողը, ով սկսեց զինված գործողությունները: Այս գործելաոճը, որը համանախագահներն ունեն, այնքան էլ չի համապատասխանում այն ամենին, ինչ կատարվում է մեր սահմանին: Դրանից ելնելով՝ Ադրբեջանը չի թաքցնում, որ եթե չլինի իրենց՝ յոթ տարածքների վերադարձ, իրենք չեն համակերպվի այս իրավիճակի հետ»: Պարոն Սարգսյանն այս իրավիճակի պատճառ համարում է այն, որ անընդհատ Ադրբեջանին ենք տալիս նախաձեռնությունը և միշտ պատասխանողի դերում հանդես գալիս: Մինչդեռ մենք պետք է առաջարկենք ու թույլ տանք, որ համանախագահներն ունենան մի հիմք այդ քննարկումը կազմակերպելու համար: Առ այսօր նման առաջարկով հանդես չենք եկել»:

Դառնալով տարածքների վերադարձի վերաբերյալ քննարկումներին՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ մենք պետք է բարձրացնենք ընդհանրապես տարածքների հարցը, քանի որ մենք Ադրբեջանից ունենք տարածք պահանջելու հարց: Նաև փաստեց, որ անընդհատ խոսվում է ադրբեջանցի փախստականների խնդիրների մասին ու բանակցային գործընթացում չի բարձրաձայնվում հայ փախստականների խնդիրների մասին:

ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը կրկին հակադարձեց. «Հայաստանն ամեն օր կամ օրը երեք անգամ ասում է իր կարծիքը. ԼՂՀ-ն ինքնորոշվել է և որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա մեր հստակ պաշտոնական դիրքորոշումն է»:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ տարածաշրջան այցելած համանախագահները կոշտ հայտարարություններ չարեցին լարվածությունն ավելի չմեծացնելու համար. «Այդ այցի հիմնական նպատակը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչումն էր: Իսկ դիվերսիոն ներթափանցման փորձը նպատակ էր հետապնդում համանախագահության գործառույթը նսեմացնել»:

Կարապետ Ռուբինյանը նկատեց, թե բոլորին, այդ թվում համանախագահներին էլ հայտնի է, որ լարվածություն ստեղծողը Ադրբեջանն է. «Համանախագահները խուսափեցին Ադրբեջանի կողմից լարվածության դրսևորումից, քանի որ ՀՀ-ի կողմից երբևէ դա չի դրսևորվել: Նույնիսկ ապրիլյան խայտառակ ագրեսիայի հետևանքով, երբ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ արվեցին, դրանք ևս մնացին անպատասխան»: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրերին հանձնարարություն տվեց ՀՀ ԱԳՆ-ին, որ համապատասխան պայմանագիր պատրաստվի ԼՂՀ-ի հետ համագործակցության առումով: Սակայն շեշտեց, թե այդ ուղղությամբ ոչինչ չարվեց. «Մեր վարած անատամ քաղաքականությունը ստեղծել է պայմաններ, ուստի բնական է, որ պետք է համանախագահները այդպես էլ իրենց դրսևորեն ու չուզենան լարվածություն ստեղծել»:

Ըստ պարոն Ռուբինյանի՝ այս իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանի կողմից համարժեք պատասխաններ չեն տրվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31