Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարելու են, որ ուսման վարձերը նվազեն

Նոյեմբեր 02,2016 22:30

«Մենք ենք» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Պողոսյանը`իրենց ծրագրերի մասին

Կրթական համակարգի հետ կապված ի՞նչն է դժգոհություն առաջացնում ձեզ մոտ, որ ընդդիմանում եք: Ուսման վարձերի հետ կապված խնդիրը հիմա՞ է սրվել:

-Իրականում այս դժգոհությունը խոր արմատներ ունի և նոր չէ, որ առաջացել է: Յուրաքանչյուր ուսումնական տարի սկսում ենք «հաճելի» բարեփոխումներով, որոնք հիմնականում դրսևորվում են ուսման վարձերի բարձրացման տեսքով։ Տրամաբանական կլիներ, եթե բարձրացումը համապատասխաներ մատուցվող կրթական որակին և մեր բնակչության միջին եկամտային չափին։ Սակայն իրականությունը այլ է: ԲՈՒՀ-երը դարձել են փող գանձող մարմիններ, ու քանի որ արտագաղթի պատճառով ուսանողության թիվը քչանում է, ֆինանսական «բացը», հավանաբար, փորձում են ուսման վարձերի բարձրացման միջոցով ծածկել: Իսկ եթե մակրոմակարդակի դիտարկում անեմ կրթական համակարգի վերաբերյալ, ապա պատկերը հետևյալը կլինի. ունենք կոռումպացված, կուսակցականացված, ավելի ճիշտ՝ իշխանակցված ու իր գլխավոր ֆունկցիան չկատարող հիմնարկներ:

Կրթության որակի մասին այս պայմաններում դժվար է դրական խոսել: Իհարկե՝ կան առանձին բացառություններ որոշ ԲՈՒՀ-երի առանձին ֆակուլտետների մասով, բայց այդ բացառությունները ավելի շատ են ընդգծում իմ նկարագրած պատկերը: Մենք համոզված ենք, որ ցածրորակ կրթական համակարգն ուղղակի հարված է պետության հիմքերին: Մեր բողոքն, ըստ այդմ, նաև ընդհանուր կրթական ոլորտի բարեփոխումների համար է: Ուսման վարձերի հարցը մեր պահանջում առանձին դետալ է: Մենք դեմ ենք ուսման վարձերով ԲՈՒՀ-երը բիզնես կենտրոնի վերածելուն: Ի դեպ, կրթական ոլորտի «կոմերցիալիզացիային» և ուսանողության համար ծանր պայմաններ ստեղծելուն նպաստեց նաև ուսանողական վարկեր կոչվածը: Բայց սա առանձին թեմա է:

Ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում պայքարել ուսման վարձերի իջեցման համար:

-Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր հարթակները: Կփորձենք ներգրավել շահագրգիռ շրջանակներին: Ակնկալում ենք մամուլի աջակցությունը, ինչպես նաև ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվածությունը, քանզի համոզված ենք, որ ոչ միայն ուսանողության, այլ նաև իրական մասնագետների համար էլ է մտահոգիչ կրթական ոլորտի այսօրվա վիճակը և կրթության «կոմերցիալիզացիան»: Կարծում եմ՝ բոլորին էլ պետք է հետաքրքրեն մեր պահանջները, քանի որ կրթության ոլորտը բոլորին է առնչվում: Հայ ընտանիքներում ընդունված է, որ ծնողները, ժողովրդական լեզվով ասած, իրենց բերանից կտրում են ու զավակներին ուսման են տալիս: Տպավորությունս այնպիսին է, որ հայ ժողովրդի այդ հատկանիշը հաշվի առնելով են անընդհատ բարձրացնում ուսման վարձը՝ «Միևնույն է գումար կճարեն, կբերեն, կտան» համոզվածությամբ:

Ի՞նչ առաջարկներ ունեք, փորձե՞լ եք դրանք ներկայացնել կառավարությանը: Համընդհանուր բարեփոխումների ֆոնին ձեր առաջարկները, միգուցե ընդունվեն եւ գործարկվեն:

-Մենք մեր պահանջները և առաջարկությունները ներկայացնում ենք մամուլով, սոցիալական ցանցերում: Թեմայի շուրջ կազմակերպելու ենք սեմինար-քննարկումներ, նաև այլ տիպի միջոցառումներ և ակցիաներ: Եթե, ինչպես դուք եք նշում, բարեփոխումներ են արվում, ապա մեր հրապարակայնորեն հնչեցված պահանջներին կարող են ընթացք տալ: Միայն ուրախ կլինենք: Կարևորը խնդրի լուծումն է: Մեր երկրի անվտանգության համար բանակից ոչ պակաս կարևոր է կրթական համակարգի արդիականացումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930