Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնեցված հայտարարությունների տրամաբանությունը

Հունվար 23,2017 23:13

Աստանայի բանակցությունների նախօրեին Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորող ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բաշար ալ Ջաաֆարիի հայտարարությունը լուսարձակներ է խլում. ըստ Ջաաֆարիի՝ Թուրքիան Սիրիայի գերիշխանությունը ոտնահարող, ահաբեկչական կազմակերպություններին աջակցող եւ խաղաղ լուծումը արգելակող պետություն է, հետեւաբար դրա հետ երկխոսություն չպիտի կատարենք։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական դեսպանի, այսինքն` պաշտոնական Դամասկոսի նախապայմանային այս մոտեցումը բավական կոշտ է եւ բացարձակ։ Դիվանագետների օգտագործած բառապաշարում նման բացարձակ հաստատումները կատարվում են հազվագյուտ պարագաներում, երբ մոտ ապագայում հետդարձի կամուրջները տեսանելի չեն լինում։

Հիմա փորձենք դիտարկել, որ հետդարձի կամուրջները` Դամասկոս-Անկարա հավանական  երկխոսության առումով տեսանելիության նախադրյալներ պարփակո՞ւմ են իրենց մեջ։

Պարզ է, որ Անկարան, Մոսկվայի եւ Թեհրանի առընթեր Աստանայի համաժողովը հովանավորող երկրների շարքում է։ Անկարան, այս դեպքում համաձայնությամբ առնչակից կողմ է տարածաշրջանային առումով աշխարհաքաղաքական տարողությամբ ընթացող բանակցություններին։

Աստանայից բեկումնային մեծ համաձայնություն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական չի թվում, մանավանդ, որ Աստանան չսկսած արդեն որոշվել է փետրվարի սկզբին Ժնեւում շարունակել բանակցությունները, ինչը որ նաեւ ենթադրել է տալիս, որ այս  օրերին հիմնական խաղաղության համաձայնություն չպիտի գոյանա։ Սակայն Աստանան, Մոսկվա-Թեհրան-Անկարա առանցքի  հանգրվանային ձևավորման ամրագրումն է, Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ։ Վաշինգտոնի կողմից ոչ թե հատուկ պատվիրակ ուղարկելը, այլ տեղի դեսպանի մասնակցությամբ բավարարվելը նշանակություն ունի այն տպավորությունը թողելու, որ Վաշինգտոնը դուրս չի մնացել բանակցային գործընթացից, բայց մասնակցում է  տեղի դեսպանի մակարդակով, ինչը որ դարձյալ նշանակում է, որ հանգուցալուծումը դեռևս չի գտնվում մեծ համաձայնության շեմին։

Իհարկե, Ջաաֆարի հայտարարությունը քաղաքականորեն հարցադրումներ է առաջացնում։ Անկարան ամրագրվել է իբրեւ հովանավոր, որի հետ, սակայն Դամասկոսը մերժում է բանակցել շատ ծանր ամբաստանություններ հղելուց հետո։ Սիրիայի  ներկայացուցչի փոխանցմամբ սիրիական գերիշխանություն խախտելը ուղղակի ակնարկ է թուրքական ներխուժումներին սիրիական տարածք։ Անկարան ոչ միայն աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք թափանցել են սիրիական տարածք, այլ ուղղակի ներխուժել մի քանի հանգրվանով։

Միջազգային օրինաչափություն է դարձել տարբեր առիթներով վերհիշեցնելը, որ ահաբեկիչների հետ բանակցությունները բացառվում են։ Ահաբեկիչների հետ վերաբերվում են միայն չեզոքացման կամ վերացման գործողություններով։ Միջազգային ընտանիքը դեռ չէ ճշտել, որ ահաբեկչական կազմակերպություններ հովանավորող պետությունների հետ ի՞նչ եղանակներով կհարաբերվեն։

Բայց հայտարարությունները տարբեր են, գետնի վրա առնված զինվորաքաղաքական քայլերը` տարբեր։ Դամասկոսը այս դեպքում Անկարային համարում է ահաբեկչական պետություն, մինչ Դամասկոսը հովանավորող պետությունը`Մոսկվան համաձայնել է, որ Անկարան Աստանայում խաղաղասիրական  դերակատարությամբ առնչակից կողմ հանդիսանա համաձայնության գոյացման։

Իսկ քաղաքական գործընթացներում չի բացառվում, թեժացում-հանդարտեցում օղակային շղթայի հյուսվածքային տրամաբանությունը։ Մանավանդ այս պայմաններում, պաշտոնական Դամասկոսը նման թեժացման եւ բացարձակացման չի գնում առանց Մոսկվայի հետ համաձայնեցման։

Ուրեմն, Մոսկվայի ուղերձը ուղղվել է Անկարային։ Եթե Անկարան Մոսկվայի ճշտած շրջագծից դուրս գալու փորձեր անի, սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման մեջ դերակատարություն ունենալու հնարավորությունները կկորցնի եւ բանակցող հիմնական կողմի հետ երկխոսության հավանականությունը կզրոյանա։ Անկարան եւս պարզորեն հասկանում է, որ իր դեմ կատարված Դամասկոսի հայտարարությունների հնչեղության չափը Մոսկվան է ճշտում։ Այդ պատճառով էլ սիրիական գործող վարչակարգի եւ նույնիսկ նախագահի հեռացումը իբրեւ պահանջ այսօր չի արծարծվում Անկարայի կողմից։

Աստանայով չեն ավարտվում բանակցությունները. Աստանայով սկսվում են։ Թեժ հայտարարությունները կամ առաստաղի բարձրացումները դեռևս նոր ելեւէջներ կունենան:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031