Լրահոս
Օրվա լրահոսը

«Առցանց լրատվամիջոցի համացանցային տիրույթում արված գրառումների պատասխանատուն լրատվամիջոցն է». ԵԽԽՎ

Հունվար 26,2017 14:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ ընդունվեց Ադել Գամբարոյի հեղինակած «Օն-լայն մեդիա և լրագրություն. մարտահրավերներ, պատասխանատվություն» վերնագրով զեկույցի հիման վրա շրջանառության մեջ դրված բանաձևը:

Այս փաստաթղթով վեհաժողովն առաջարկում է, որպեսզի անդամ պետությունները կազմակերպեն քննարկումներ և մշակեն մեխանիզմներ այն մասին, թե ինչպես կարելի է կանխել «տեղեկությունների խեղաթյուրումը և հասարակական կարծիքի մանիպուլացումը»:

Դառնալով հեռարձակողներին՝ ընդունված բանաձևով կոչ է արվում օգտագործել առցանց մեդիայի բոլոր գործիքները՝ ապահովելով այն, որ իրենց համացանցային ներկայությունը համապատասխանի նույն բարձր չափանիշներին, ինչ հեռարձակման դեպքում:

Զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում նաև ամրագրված է. «Առցանց լրատվամիջոցների համացանցային տիրույթում այսպես կոչված երրորդ անձերի կողմից արված գրառումների պատասխանատվությունն ընկնում է տվյալ լրատվամիջոցի վրա»:

Բանաձևում նաև կոչ է արվում «Լրագրողների եվրոպական ֆեդերացիային և Լրագրողների եվրոպական ընկերակցությանը հորդորել իրենց անդամակցող լրատվական կազմակերպություններին ապահովել համապատասխան խմբագրական չափանիշներ համացանցային տիրույթում»:

Բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվում նաև էթիկական լրագրության սկզբունքների պահպանմանը:

Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը այս քննարկմանը ևս օգտագործեց ԵԽԽՎ հարթակը քննադատություն հնչեցնելու համար հայկական կողմի հասցեին:

Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆատալիևան զեկույցի քննարկմանը հաջորդած ազատ դեբատների ժամանակ հայտարարեց, թե համաշխարհային մակարդակով օն-լայն մեդիան օգտագործվում է՝ որպես գաղափարների տարածման միջոցով հասարակական գիտակցության վրա ազդելու գործիք: Այս գործողությունները հիմնականում ուղղված են հասարակական կարծիք ձևավորելուն, հատկապես սլաքն ուղղված է երիտասարդ սերնդին:

Այնուհետև ադրբեջանցի պատվիրակն անցավ իր «բուն» թեմային: Նա հայտարարեց. «Հակամարտության գոտիներում ճշտված և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն ավելի լուրջ պատասխանատվություն է: Սակայն, ցավոք, ոչ բոլոր կայքերն են հետևում այս կանոններին: Օրինակ՝ հայկական բոլոր առցանց տիրույթներում կարելի է գտնել սուտ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի և դրա պատմական, մշակութային ժառանգության մասին»:

Ադրբեջանցի պատվիրակը, անդրադառնալով վերջին սահմանային իրադարձություններին, հայկական կողմին մեղադրեց կեղծ տեղեկատվության տրամադրման մեջ՝ օգտագործելով «հայկական զինված ուժերի վայրագություններ» արտահայտությունը: Նա նշեց. «Այս ամենը լուրջ խոչընդոտ է հակամարտության լուծման համար, և մի շարք հրապարակումների հիմքում ընկած է արմատականության, անհանդուրժողականության և ծայրահեղական գաղափարների տարածումը»:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանի կողից իրականացվեցին վայրագություններ, մասնավորապես խաղաղ բնակիչներին ուղղված, ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայողների մարմինների խեղումներ և այլն:

Վեհաժողովի կողմից ընդունված մեկ այլ բանաձևում՝ «Վերջ կիբերխտրականությանը և առցանց ատելության խոսքին» վերնագրով, ԵԽԽՎ-ն կոչ է անում անդամ պետություններին խստացնել օրենսդրությունը:

Բանաձևում ամրագրված է. «Այս օրենքները պետք է որպես պաշտպանության հիմք ընդունեն սեռը, գույնը, էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, սեռային կողմնորոշումը, քաղաքական և այլ հարցերի վերաբերյալ անձի կարծիքը, գենդերային ինքնությունը և հաշմանդամությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031