Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտականորեն չի հիմնավորվել` Ամուլսարի հանքը շահագործելով Ջերմուկի ջրերին վտանգ կլինի՞, թե՞ ոչ (Տեսանյութ)

Հունվար 30,2017 14:53

Վայոց ձորի Գնդեվազ համայնքում շահագործվող Ամուլսարը, որից «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի արտահանել, լուրջ հետազոտության չի ենթարկվել` արդյոք Ջերմուկի ջրերի վրա հանքի շահագործումը վտանգավոր հետեւանքներ չի՞ թողնի: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեցին փորձագետ-բնապահպանները` «Սիվիլ վոյս» հ/կ-ի կազմակերպած քննարկման ժամանակ:

Ըստ նրանց՝ կառավարության ծրագրերն իրար հակասում են, քանի որ մի կողմից հայտարարում են, թե էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն եւ էկոտուրիզմ են զարգացնում, մյուս կողմից` հանքը շահագործելով վտանգի տակ դնում տարածքի այգիների բերքն ու բարիքը, որն այլեւս չի լինելու էկոլոգիապես մաքուր, եւ տուրիստական կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքն իր բուժիչ ջրով:

Վտանգի տակ են հայտնվելու նաեւ Սեւանա լիճն ու Կեչուտի եւ Սպանդարյանի ջրավազանները:

Փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքերով, գիտականորեն հիմնավորված, մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկներ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի ներկայացրել, բայց թե ինչ կլինի տարիներ հետո, երբ տեղի ունենա լանդշաֆտի փոփոխություն, մարգաբացում, հողածածկույթի փոփոխություն, տոննաներով հողի տեղաշարժ լինի եւ քիմիական նյութեր օգտագործվեն այդ տարածքում` արդյոք կապ չի՞ առաջանա այդ ժամանակ Ջերմուկի հանքային ջրերի եւ Ամուլսարի հանքավայրի գոտու ջրերի միջեւ:

Մանրամասները` տեսանյութում

Սեյրան Մինասյանի հավաստմամբ, հանքի շահագործմամբ բերքի որակի անկում կլինի, ինչը «կչեզոքացնի բոլոր սոցիալական, դրական սպասելիքները, որոնք կապվում են հանքի շահագործման հետ»:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ Ամուլսարի տարածքում 34 տեսակի կենդանի կա, որոնցից երկուսը` մուֆլոնը եւ բեզոարյան այծը կարմիր գրքում գրանցված են: Հարյուրավոր բուսատեսակներից էլ 26-ն են «Կարմիր գրքում» գրանցված: Ոստի, Սիլվա Ադամյանի խոսքերով, նման դեպքերում օրենքում պարզ գրված է, որ արգելվում է որեւէ գործողություն, որը կվնասի կենդանական եւ բուսական աշխարհին:

Բնապահպան, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի ներկայացմամբ էլ, Ամուլսարը եւ նրան հարակից հանքային դաշտերը միմյանց հետ փոխկապակցված են, «Լիդիան Արմենիան» նորանոր տարածքներ է վերցնելու:

Եվ, չնայած, ընկերությունը հերքում է այնտեղ ծծմբաթթվի առկայությունը, սակայն, խորհրդային տարիներին կատարված հետազոտությունն, ըստ պարոն Գալստյանի, փաստում է, որ այնտեղ կան ծծմբաթթվի պաշարներ, ինչը խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

«Լիդիան Արմենիա»-ն ի պատասխան բնապահպաններին եւ նաեւ կառավարությանը ներկայացրած ծրագրով, հավաստիացնում է, որ

ոսկու կորզումն իրականացնելու է տարալվացման հարթակում եւ որ  շինարարության եւ դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում իրականացնելու է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, ծրագրի շինարարության տարբեր փուլերում բացվելու են մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա համայնքների աշխատուժով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031