Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հորդորում է Տեր-Պետրոսյանի առաջարկած գեղեցիկ հնարքն անել ու Ադրբեջանին մեկուսացնել

Փետրվար 21,2017 15:36

«60 հոգի՝ 60 կոճակ պառլամենտում նստել է ու ոչինչ չի արել ու ոչինչ չանելու այդ քաստինգը հիմա ավելի ուժեղացել է: Միլիոններ ծախսել՝ ոչինչ չանելու համա՞ր: Պատգամավորներ կան, որ ուզում են կոճակը միացնել, չգիտեն կոճակի տեղը: Անորակին, տգետին խորհրդարան տանելու շքերթը ավելի է շատացել, ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են այստեղից այնտեղ՝ մենակ հայտնվեն այդ աթոռի վրա»,- այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսպես ներկայացրեց նախընտրական իրավիճակը՝ Հայաստանում:

Նա ասաց, որ միակ դառը դեղը, անալգինը, որ տալիս է գլխացավ ունեցող հայ հասարակությանը՝ ՀԱԿ-ն է, որն ասում է դառը իրականությունը, դառը հաբեր եւ ցավոտ ներարկումներ է անում՝ առողջացնելու համար. «Մեր իշխանությունները, թղթախաղի նման մտել են մեյդան ու կրվելու են մինչեւ վերջ»:

Թե ինչ ռեսուրսներ ունի ՀԱԿ-ը հաղթելու եւ ինչ ակնկալիքներ ունեն՝ Արամ Մանուկյանն ասաց. «Թող իշխանությունը մեր ծրագիրն իրականացնի, թող մենք խորհրդարանում չլինենք»: Նշենք, որ խոսքը Խաղաղության ծրագրի մասին է: Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք ձայն կունենան, ինքը լավատես է, մի բան հստակ է՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանելու:

Արամ Մանուկյանն անդրադարձավ ՀԱԿ-ի Խաղաղության ծրագրին. «Պարզունակ այն բանը, որ մերոնք Ադրբեջանին հայհոյում են, գոռում են՝ ես նրա…թուրքը, Ալիեւը, տեսեք ում ենք զիջելու…Ժողովուրդ ջան, մեր պատերազմը այս պահին այնքան թուրքի հետ չի, ինչքան միջազգային կառույցների: Եթե ՌԴ-ն, միջազգային կառույցները որոշել են, որ այս խնդիրը պետք է լուծվի, դու դիվանագիտություն պետք է խաղաս, նրանց կողմն անցնես, որ Ադրբեջանը մենակ մնա»:

Ըստ նրա, եթե Հայաստանը հայտարարի, որ ես խաղաղության լուծման կողմնակից եմ, Ադրբեջանը մենակ է մնալու ու այս դիվանագիտությունը չեն հասկանում քաղաքական ուժերը. «Սա հնարք է՝ գեղեցիկ հնարք: Սրանով դու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը ուժեղացնում ես: Քո վրա չեն հարձակվի այն դեպքում, երբ միջազգային կառույցների հետ դու համահունչ ես քո ծրագրերով: Ադրբեջանին թողնում ես մեկուսացված այս դեպքում: Այն, որ բոլորն ասում են՝ ի՞նչ երաշխիք Ադրբեջանի համար, չկա՛ երաշխիք, բայց այն երաշխիքը, որ այս դեպքում Ադրբեջանը մենակ է մնում՝ ակնհայտ է: Սա գեղեցիկ հնարք է»:

Արամ Մանուկյանը հարցադրում արեց՝ ապրիլին ի՞նչ եղավ ձեր կարծիքով՝ մենակ Ադրբեջա՞նն էր, թե՞ թույլտվություն կար. «Չհամաձայնելը բերում է հակադարձությունների: Մենք ամբողջ պատերազմի ժամանակ հաջողություն ունեցել ենք, որովհետեւ միջազգային կառույցների հետ համահունչ էինք աշխատում, ՌԴ-ի հետ համահունչ էինք աշխատում՝ ռուսական 4 մլրդ դոլար զենքով էինք աշխատում: Հլը հիշեք, էլի, դուք այսօր այս իշխանությունով կարո՞ղ եք հաց, զենք, սալյարկա, մազութ բերել Թուրքիայով: Չե՛ք կարող: Խաղաղության ծրագիրը պետք է, որ պահպանենք այն, ինչ ունեցել ենք, այդ 8 հազար կմ-ը կդառնա ոչ ադրբեջանական տարածք: Դրա միջոցը սա է՝ ունենալ համախոհներ դրսում՝ միջազգային աջակցություն, հետո դու շահում ես բոլոր մնացած առումներով՝ դիվանագիտական, քաղաքական, ընտրական, դեմոգրաֆիկ, ամեն ինչով»:

Նա ասաց, որ լուծումը պետք է լինի փոխզիջումային ու խելոք է նա, ով դրանից շահում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ ասում էր՝ դու պետք է ստորագրես այն պահին, երբ կրած ես, երբ դու ես ձիու վրա, ոչ թե նա: Այս պահին, եթե մենք ձիու վրա էլ չենք, ապա բոլոր դեպքերում ունենք բաներ, որը խաղաքարտային է, կարող է աշխատել, որի հաշվին դու կարող ես վաստակել Ղարաբաղի ինքնուրույնություն կամ ՀՀ-ին կպած լինելու, միասնական լինելու հարցը: 10 տարի հետո չես ունենալու այն, ինչ ունես այսօր ու վայ ես տալու, հայի հետին խելքն ենք ասելու: Ո՞նց կարելի է սա չհասկանալ ու գնալ հոգեբանական հեքիաթների, թիթեռի նման մտածել»:

Արամ Մանուկյանը կանխատեսում է, որ մարդիկ կլինեն, կասեն սա պարտվողական է, վախկոտություն է, բայց պետք է 100-ից պահել գոնե 90-ը. «Վանոն ասում էր՝ 100 ավտոմատ Ղարաբաղում առնելու փոխարեն 90 ավտոմատ առեք, 10 ավտոմատի փողով բացատրեք ինչի համար է այդ 90 ավտոմատը: Մենք կաղում ենք մեր ժողովրդին ճշմարտությունն ասելու համարձակությունից, չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728