Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր». Կարեն Կարապետյան

Փետրվար 22,2017 20:33

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին:

Հանդիպմանը մասնակցել են Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի և Զառիթափ համայնքների ղեկավարները:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ընտրվել են այն 12 համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն, որոնք ունեն  սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպեր: «Ցանկանում ենք ձեզ հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերը,  թե ի՞նչ եք ակնկալում կառավարությունից, ի՞նչով կարող ենք աջակցել, որպեսզի շարունակեք ոգևորված ու ակտիվ աշխատել»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվանից մարզպետերի, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատվելու է նոր մեթոդաբանությամբ, շատ ավելի խորը վերլուծությամբ: «Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում, բայց մենք պետք է ձեզ հետ համայնքում, քաղաքում, պետությունում կարգապահություն ապահովենք: Եթե ցանկանում եք ձեր համայնքը զարգացնել, ապա  ձեր գործառույթները պետք է հստակ կատարեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ենթակառուցվածքների  բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը և համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել ծրագրերը և ցուցաբերել համապատասխան օժանդակություն:  «Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր և հերթով, կոնկրետ խնդիրները լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- նշել է կառավարության ղեկավարը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728