Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 14-ին

Փետրվար 24,2017 17:48

2017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը: Դատական նիստին ներկայացել էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Նախագահող դատավոր Հ. Այվազյանը նշեց, որ Ս. Մելիքյանի կողմից դատարան է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ու դրա ուժի մեջ մտնելու մասին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը: Միաժամանակ Ս. Մելիքյանը  նշեց, որ որոշումը ներկայացնում է որպես լրացուցիչ ապացույց և խնդրեց այն գնահատման առարկա դարձնել դատական ակտ կայացնելիս: Գ. Առուստամյանի ներկայացուցչի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ դա վկայում է ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափ լինելու մասին: Դատարանը, հետազոտված համարելով գործով ձեռք բերված ապացույցները, անցավ ամփոփիչ ճառերի ներկայացման փուլին:

Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց հայցը՝ համոզմունք հայտնելով, որ ապացուցվել է Գ. Առուստամյանի կողմից ոստիկանության ծառայողին վիրավորելու փաստը, և վկայակոչեց իրավախախտման վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից քննված այլ գործեր, որոնց շրջանակներում կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտերով անձինք ենթարկվել էին վարչական պատասխանատվության: Միաժամանակ, Ս. Մելիքյանը նշեց, որ բացակայում են հակընդդեմ հայցը բավարարելու հիմքերը, ուստի խնդրեց ամբողջությամբ բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ մերժել Գ. Առուստամյանի հակընդդեմ հայցը:  Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ ճառում ներկայացրեց Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության վերաբերյալ պնդումներ: Ընդգծեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը օրենքի խախտմամբ կազմելու հանգամանքը, քանզի դրանում նշված չէ այն արարքի էությունը, որը կատարել է Գ. Առուստամյանը: Բացի դրանից՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը  հնարավորություն չի տալիս հասկանալու, թե որ գործողությունն է վիրավորել համարվում և այս պարագայում պատասխանողի գործողություններն ընդգրկվել են ազատ գործելու իրավունքի շրջանակներում, ինչից բխում է, որ բացակայում է Գ. Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև Գ. Առուստամյանի կողմից արարքը դիտավորությամբ չկատարելու մասին, նշելով, որ վերջինս չի իմացել, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունների կատարման մեջ գտնվող կոնկրետ ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զինծառայողի հասցեին է հնչեցնում այդ արտահայտությունը: Հակընդդեմ հայցի առնչությամբ Տ. Սիրադեղյանը նշեց, որ հակընդդեմ պատասխանողը, կրելով ապացուցման բեռը, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող բավարար հիմքեր և ապացույցներ չներկայացրեց: Իսկ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ նշեց, որ այն չի կարող դիտարկվել որպես ապացուցման կարիք չունեցող, ավելին, դրա հիմքում դրված է վարույթն իրականացնող մարմնի ներքին համոզմունքը, որը չի կարող նույնացվել դատարանի ներքին համոզմունքին: Ավելին՝ կողմը գրավոր ապացույցը պետք է ներկայացնի կոնկրետ փաստի հաստատման համար, իսկ այս դեպքում այն ներկայացվել է գործողությունների իրավաչափությունը հիմնավորելու համար: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը միջնորդեց ամբողջությամբ մերժել Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը և ամբողջությամբ բավարարել Գայանե Առուստամյանի՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցը:  Դատարանը գործի դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2017 թ. մարտի 14-ը՝ ժամը 17:30:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728