Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պատգամ Թուրքիային

Մարտ 14,2017 10:54

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102 -րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ- ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ, իսկ ապրիլի 1-ից Բոստոնի հարավ-արևելյան ճեպընթաց մայրուղու վրա` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց Մեծ եղեռնը:

«2017թ-ի ապրիլը համարվում է աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների և Հոլոքոստի հիշատակման ամիս, և այդ առիթով մեր վահանակներով կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների:

2016 թ-ին Հռոմի պապը այցելելով Հայաստան` եղավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդում` անձնապես խոնարհվելով և հարգելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Վահանակը արտացոլում է պատմական այն պահը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին Պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ աշխարհի անունից խաղաղության պատգամ է հղում Թուրքիային դեպի Մասիսը թևածող աղավնիների տեսքով` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է «Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2015թ-ին բարձրացրել է հարյուր վահանակ` նվիրված ցեղասպանության հարյուրամյակին, ինչպես նաև երախտագիտության վահանակներ Գերմանիային` Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նրա` 2015 թ-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի սուրբ պատարագի մատուցման և այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը անվանելու համար:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

1996 թ-ից ի վեր՝ վերջին քսան տարիների ընթացքում, Դանիել Վարուժան Հեճինյանը ծավալում է ամենամյա գործունեություն՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծածավալ ցուցապաստառներ և հանրությանը ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով նրա միջազգային ճանաչմանը։

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը ձոնված է աշխարհի խաղաղության բոլոր պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։

 

Հեղինե Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031