Վանաձորում Սեյրան Օհանյանը շոգեքարշի անեկդոտը պատմեց (Տեսանյութ)

Վանաձորում Սեյրան Օհանյանը շոգեքարշի անեկդոտը պատմեց (Տեսանյութ)

«Մենք դոփում ենք տեղում, եթե ոչ, ապա հետ ենք գնում: Դրա հիմնական պատճառը կառավարման մշակույթի բացակայությունն է, հեռանկարային պլանավորման բացակայությունը, որոշումների ընդունման արագությունը, մարտավարական որոշումների ընդունման սկզբունքները, գաղափարական աշխատանքի բացակայությունը: Եւ, ի վերջո նաեւ հասարակ ժողովրդի հետ շփվելու ունակությունները, որովհետեւ մեծ անջրպետ է առաջացել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: Ամենակարեւորը հաշվետվողականության բացակայությունը ժողովրդի առջեւ, թե այս տարիների ընթացքում մենք ինչ ենք կատարել,- այսօր Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանը առաջընթաց ու զարգացումը չի ապահովում:

Նա գտնում է, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունն անհրաժեշտություն է: Նրա կարծիքով երկրի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանություն:

«Իշխանափոխությունը անհրաժեշտություն է նաեւ այն առումով, որ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական էլիտաների, թե թիմերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, եւ նաեւ հաշվի առնելով բացթողումները, բացասականը, յուրաքանչյուր նոր թիմ վստահությունն է ձեռքբերում  ժողովրդի առջեւ եւ գնում արժանապատիվ ձեւով կառավարելու»:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ իրենց թիմը իրականացնելու է մի շարք բարեփոխումներ: Իսկ իրենք վճռական են տրամադրված. «Մենք բարեփոխումներ ենք իրականացնելու: Մենք բանակային կարգ ու կանոն ենք հաստատելու, հատկապես այն ոլորտներում, որ արատավոր երեւույթներ կան: Շարք ենք կանգնեցնելու ոչ թե ժողովրդին, այլ այն մարդկանց, ովքեր որ կանգնած են այդ արատավոր երեւույթների գլխին»:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շոգեքարշի անեկդոտը պատմեց. «Մեր երկրում միայն մայրաքաղաքն է զարգանում: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնելու տարածքների համաչափ զարգացմանը: Մենք ձեր հետ միասին պետք է թափը բազմապատկենք, բազմապատկենք այն հայտնի վանաձորյան հումորի նման, որը ես լսել եմ այստեղ:

Կիրակի օրը երկաթգծի կայարանի մի խումբ տարեց մարդիկ այգում կանգնած նայում են, թե ինչպես է շոգեքարշը կամաց-կամաց քաշում վագոնները:  Քաշելու ժամանակ տարեցներից մեկն ասում է «սա քաշիլ չի, սա քաշիլ չի»: Իսկ երբ այդ գնացքը թափ է առնում, տարեցներից մեկն է ասում է. «սա սհե, որ գնաց, կանգնիլ չի»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք