Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում լավ աշխատատեղերը՝ դրսից եկածներին

Մարտ 21,2017 15:29

Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում գործարկվել են տարբեր հիմնարկներ, տասնյակ առողջարաններ եւ հանգստյան տներ: Սակայն բնակչությամբ ավելի փոքր Դիլիջանի տարածաշրջանից աշխատանք փնտրողների թիվն ավելի մեծ է, քան՝ Տավուշի մարզի մյուս տարածաշրջաններում: Այս ֆենոմենը հասկանալու համար գրավոր հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Մարզպետը պատասխանել է. «2017թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ցուցանիշների համեմատականի համաձայն՝ ամենամեծ թվով աշխատանք փնտրող (2304) հաշվառված է Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում: Այս փաստը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնք ներկայացվում են ստորեւ:

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը նախորդ 2 տարիների համեմատ աճել է, որը պայմանավորված է զբաղվածության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներով: Այսպես, 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով ներդրվեց 4 նոր ծրագիր, եւ էականորեն փոփոխվեցին գործող 7 ծրագրի իրականացման պայմանները, որը քաղաքացիների շրջանում մեծացրեց հետաքրքրությունը զբաղվածության պետական գործակալության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ:

Տավուշի մարզի մյուս բնակավայրերի համեմատությամբ Դիլիջան համայնքի գյուղական բնակչությունը փոքրաթիվ է, իսկ հողագործությունն ու անասնապահությունը թույլ է զարգացած, ի տարբերություն մյուս բնակավայրերի գյուղական համայնքների, որտեղ գյուղացին հիմնականում զբաղվում է իր տնտեսությամբ, Դիլիջանի գյուղական համայնքների բնակչությունը նույնպես դիմում եւ հաշվառվում է զբաղվածության տարածքային կենտրոնում:

Այսպես միայն՝ 2016թ. սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման եւ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերում ընդգրկվելու նպատակով գյուղական համայնքներից շուրջ 300 անձ դիմեց և հաշվառվեց զբաղվածության կենտրոնում: Դիլիջանի աշխատաշուկան շատ ավելի ակտիվ է, քան մարզի մյուս բնակավայրերի աշխատաշուկաները, որով ևս պայմանավորված է Դիլիջանի աշխատանք փնտրողների ակտիվությունը:

Դիլիջանի տարածաշրջանում հիմնականում զարգացած են սպասարկման, առևտրի եւ տուրիզմի ոլորտները՝ որտեղ գործող շուրջ 3 տասնյակ առողջարանների և հանգստյան տների աշխատանքները հիմնականում կրում են սեզոնային բնույթ և յուրաքանչյուր սեզոնի ավարտից հետո քաղաքացիները կրկին հաշվառվում են կամ, գործող օրենսդրության համաձայն, մնում են հաշվառման մեջ զբաղվածության տարածքային կենտրոնում՝ այլ կայուն աշխատանք գտնելու նպատակով: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանքը եւս. Դիլիջանում գործող գործատուների գերակշիռ մասը զբաղվում է փոքր բիզնեսով, որտեղ աշխատողների թվաքանակը կազմում է 1-3 աշխատող, իսկ գործող այնպիսի խոշոր գործատուներ, ինչպիսիք են Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոնը, «Այբ» դպրոցը, Թումոյի մասնաճյուղերը, Դիլիջանի միջազգային դպրոցը, իրենց հիմնական աշխատակազմերը օբյեկտիվ պատճառներով համալրել են ոչ Դիլիջանի քաղաքացիներով, Դիլիջանից հիմնականում աշխատում են տեխնիկական սպասարկման ոլորտում»:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031