«Իգլան», Սամվել Բաբայանն ու ԱԺ ընտրությունները

«Իգլան», Սամվել Բաբայանն ու ԱԺ ընտրությունները

«Մարդիկ պետք է ազատվեն վախից»: Այս մտքի հեղինակն ՕՐՕ դաշինքի առաջին «Օ» Սեյրան Օհանյանն է, ով քարոզարշավի ընթացքում զարմանքով նկատել է, որ ՀՀ քաղաքացիներից շատերն իշխանություններին չեն սիրում, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել: Մենք էլ զարմանում ենք Սեյրան Օհանյանի զարմանքի վրա. ցանկացած մարդ իրավունք ուներ այս երևույթի վրա զարմանալ՝ բացառությամբ Սեյրան Օհանյանի, ով նույնպես մեր իշխանություններին չի սիրում, բայց այդ մասին միայն վերջերս է  բարձրաձայնում:

Շատերս անհամբեր էինք սպասում այս ընտրությունների քարոզարշավին, ենթադրելով, որ հետաքրքիր ու բովանդակալից ելույթներ կլինեն: Բայց, կարծում եմ, շատերիդ կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ մեր սպասումները չարդարացան: Այն, ինչ ասում են Սեյրան Օհանյանն ու մյուս թեկնածունները վախի և այլևայլ բաների մասին, ընտրողներին առանձնապես չի հետաքրքրում, որովհետև ընտրողները, ընտրվողներից ոչ պակաս, ուզում են ռեալ օգուտ ստանալ ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից, այլ ոչ թե բացարձակ ճշմարտություններ լսել վախի և խոհափիլիսոփայական այլևայլ երևույթների մասին, և եթե տեղը գա ու հարկ լինի, մեր ընտրողներն իրենք կարող են բարոյախրատական խորհուրդներ տալ մեր ընտրվողներին, և ժամանակ առ ժամանակ հենց էդպես էլ անում են, և ընրողների հետ մեր ընտրվողների հանդիպումները շատ հաճախ վերածվում են յուրօրինակ խոսքուզրույցի ու բանավեճի, որտեղ, եթե նախապես տեղյակ չլինես, կդժվարանաս կռահել թե՝ կողմերից որն է ընտրողը և որը՝ ընտրվողը, այնքան որ՝ մակարդակների տարբերությունը նկատելի ու զգալի չէ: Ավելին. շատ հաճախ ընտրողն է ընտրվողին հուշում, թե ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերել: Իսկ որ մեր երկրի վիճակն առանձնապես փայլուն չէ, դա նույնիսկ իշխանական կուսակցության ներկայացուցիչներն են հասկանում ու ըմբռնում, ու նաև այդ է պատճառը, որ հանրապետական թեկնածուներն էլ, ընդդիմադիրներից ոչ պակաս, ընտրողներին փոփոխություններ են խոստանում: Ինչ վերաբերում է «վախ» հասկացողությանը, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի նախընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ միայն ՕՐՕ-ի առաջնորդ Սեյրան Օհանյանը, այլև ՕՐՕ դաշինքի շարքային անդամներից շատերն էլ են վերջնականապես ազատագրվել վախից: Էլ չենք խոսում անձամբ Սամվել Բաբայանի մասին, ով պաշտոնապես ՕՐՕ-ի ներկայացուցիչը չլինելով՝ ամեն ինչ անում էր, որ տվյալ դաշինքը պաշտոնապես ներկայացնողները հիմնավորապես ազատագրվեն վախ կոչված արատավոր ու ամոթալի զգացումից:

Հարկ ենք համարում նշել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած երանոսյանական իրադարձությունները բոլորին ձեռնտու էին՝ բացառությամբ հանրապետականների, և հատկապես ու առանձնապես ընդդիմությանն էին ձեռնտու, և ամենևին պատահական չէ, որ Ջրառատ գյուղի իրադարձություններին անմիջապես արձագանքեցին Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» Վարուժան Ավետիսյանը, ովքեր Ջրառատի այդ բախումների կապակցությամբ ողջունեցին ու խրախուսեցին ՕՐՕ-ին ու անձամբ Սեյրան Օհանյանին, ում ելույթները Ջրառատի դեպքերից հետո առավել խրոխտ ու առավել վճռական դարձան: Բայց, այսուհանդերձ, ՕՐՕ-ի շրջանակներում ամենահամարձակն ու համարձակության առումով ամենազիլն Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ելույթներն էին, որոնց համեմատությամբ Սեյրան Օհանյանի ելույթները կարելի է միանգամայն կոռեկտ և նույնիսկ ինտելեկտուալ համարել, և, փաստորեն, պաշտպանության երկու նախկին նախարարներն իրենցից կախված ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց դաշինքակիցներն ընդհանրապես մոռանան՝ ինչ բան է վախը: Եվ, պետք է ասել, դա նրանց հաջողվում էր, և այս երկուսի համարձակությունն ու քաջությունն ամբողջապես փոխանցվել են Օսկանյանին ու Արմեն Մարտիրոսյանին, ովքեր, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ՕՐՕ դաշինքի օրինական ու առաջատար անդամներն են և, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ԱԺ պատգամավոր դառնալու հույսեր են փայփայում:

Իսկ ի՞նչ հույսեր է փայփայում անձամբ Սամվել Բաբայանը՝ ՕՐՕ-ի հետ կապված, դժվարանում եմ ասել: Բայց ենթադրում եմ, որ դրանք միանգամայն ռեալ հույսեր են: Ընդ որում՝ նույնպես ընտրությունների հետ կապված: Ավելի ճիշտ՝ ընտրությունների արդյունքների: Այնպես որ, ապրիլի 2-ից հետո շատ ու շատ նորանոր բաներ կիմանանք: Նաև կիմանանք՝ թե ինչքանով է իրական Սամվել Բաբայանի և «Իգլայի» կապը:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

25.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք