Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Շիրակի մարզի «ֆավորիտ» թեկնածուները

Մարտ 30,2017 15:32

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ու նրանց վարկանիշային թեկնածուներից որո՞նք շանսեր ունեն առավելագույն ձայներ հավաքելու Շիրակի մարզում և կոնկրետ Գյումրիում։ «Իմ դիտարկմամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն չի ստանա Գյումրիում, սակայն գյուղական վայրերում ընտրությունների վերահսկողության միջոցով կկոմպենսացնի այն բացասական սալդոն ձայների առումով, որը կունենա Գյումրիում։ Կոնկրետ Գյումրիում կպարտվի ԲՀԿ-ին, սակայն գյուղական վայրերում հաղթանակի շնորհիվ՝ Հանրապետականը կհաղթի մարզի կտրվածքով։ Գյումրիում ընդդիմադիր կուսակցությունների մեջ չունենալով խարիզմատիկ վարկանիշային թեկնածուներ՝ ձայների մեծ մասը կրկին կգնան «Ծառուկյան դաշինքին»։ Ճիշտ է՝ նրանք կորուստներ կունենան ընտրազանգվածի պահով, գիտեք, որ նախկին ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուներ կային, որոնք աշխատում էին և՛ իրենց, և՛ կուսակցությանը ձայներ բերելու։ Ընդդիմադիր ընտրազանգված ունեցող այս քաղաքում չկան համապատասխան ընդդիմադիր թեկնածուներ, դրա համար հաստատ համոզված եմ, որ հանրաճանաչ ընդդիմադիր կուսակցությունները Գյումրիում և Շիրակի մարզում շատ դաժան պարտություն կկրեն, ինչպես դա եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Մեր ընդդիմադիր ուժերը գերադասեցին իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացնել հիմնականում Երևանում, Շիրակի մարզը կարելի է ասել նորաթուխ քաղաքական գործիչներով են ներկայացված, որոնք այս քարոզարշավի ընթացքում ոչ մի ակտիվությամբ աչքի չընկան»։

Քաղաքագետի կանխատեսմամբ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը բավական ձայներ կտանի Շիրակի մարզում՝ շնորհիվ Հովհաննես Մարգարյանի ու Արթիկի տարածաշրջանը ներկայացնող թեկնածու՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի։ Իսկ դաշնակցության ճակատագիրը, Գագիկ Համբարյանի բնութագրմամբ, կախված է Վարագյան եղբայրներից։

Գագիկ Համբարյանը առանձնացրել է այսպես ասած «ֆավորիտ թեկնածուների», որոնց մեջ և ընթանում է ընտրապայքարը. նրանք են՝ ՀՀԿ- վարկանիշային ցուցակից՝ Ֆելիքս Ցոլակյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Մուշեղ Պետոյանը, «Ծառուկյան Դաշինքից» Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանն ու Հունան Պետրոսյանը և ՀՅԴ-ից՝ Խաչատուր Վարագյանը։

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031