Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քարոզարշավով Գյումրին կթոթափի կրիմինալ քաղաքի համբավը»

Մարտ 31,2017 11:12

Համոզված է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

Նախընտրական քարոզարշավը, որը վաղն արդեն իսկ ավարտվում է, Գյումրիում ու առհասարակ Շիրակի մարզում անցավ առանց արտառոց միջադեպերի ու ինտրիգների, նույնիսկ կարելի է ասել՝ բավական ձանձրալի։ Տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավները լուսաբանելիս՝ նկատեցինք, որ Շիրակի մարզի բնակչության մոտ նկատելի է ծայրահեղ հիասթափություն ու անվստահություն ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ։

Ընդ որում՝ հավասարաչափ հիասթափված են թե՛ իշխանություններից եւ թե՛ ընդդիմությունից։ Ինչպես մի անգամ բնութագրեցին Գյումրու շուկայի առեւտրականները՝ «Բոլորն էլ նույն փուչիկներն են»։ Քաղաքական ուժերից թերեւս միակը, որն աչքի ընկավ հանրահավաքին մասնակցողների մեծ բազմությամբ, «Ծառուկյան» դաշինքն էր, սակայն նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը, հանրահավաքի գալով Գյումրի, միայն այս քաղաքից ստիպված էր իր հետ մոտ 4 տոպրակ օգնություն հայցող նամակներ տանել։ Փաստենք նաեւ, որ որոշ մարդիկ էլ քարոզարշավներին ներկայանում էին ընտրակաշառք ստանալու ակնկալիքով։ Երեք օր առաջ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավի սկսվելուց առաջ տեղի լրագրողներն ականատես եղան, թե ինչպես դահլիճում նստած մի ծերունի իր մասնակցությունը բացատրում էր այսպես. «Եկել եմ, տեսնեմ փող կա՞»։ Երբ զարմանքով իրեն նայեցինք, ծերունին հակադարձեց. «Էնպես եք նայում, կարծես անմեղ գառներ լինեք, ձեզ որ տան, չե՞ք վերցնելու»։

Ինչեւէ, ի՞նչ ընտրություններ են սպասվում Շիրակի մարզում, այստեղ դեր կկատարի,՞ արդյոք, ընտրակաշառքը, ո՞ր քաղաքական ուժերն ու նրանց վարկանիշային թեկնածուները կստանան ձայների մեծամասնություն, եւ, ի վերջո, ինչո՞ւ է ժողովուրդն այսքան հիասթափված։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

«Ի տարբերություն մյուս բոլոր ընտրությունների, երբ որ Շիրակի մարզում բավական աժիոտաժային իրավիճակ էր ստեղծվում, այս ընտրությունները ես կանվանեմ ապատիկ, այսինքն՝ մարդկանց մոտ սարսափելի հուսախաբություն է, նրանք բացարձակ չեն հավատում ոչ մեկին, եւ դրանում մենք կարող ենք մեղադրել եւ՛ իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը։ Ես կառանձնացնեմ եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ գրեթե ոչ մի քաղաքական ուժ չի կարող ձերբազատվել, այսպես ասեմ, «իշխանությունների հաճախորդի» պիտակավորումից։ Այսինքն՝ իշխանությունները, որոնք իրենց առանձին թիմով են հանդես գալիս կամ թիմերով, փորձում են քաղաքական դաշտում գործող բոլոր կուսակցություններին սեւացնել։ Եվ դա անում են իրենց յուրայինների միջոցով, հեռուստաընկերություններով, ԶԼՄ-ներով, հասարակությանը համոզելով, որ նույն այդ ընդդիմադիրները իրենց հաճախորդներն են։ Վառ օրինակ. Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա չի կարող ձերբազատվել այդ պիտակավորումից, երբ որ մարդն ասում է՝ ելնեմ, կախվեմ, որ հավատա՞ք, որ ես իշխանությունների հետ գործ չունեմ։ Գործը հասել է արդեն սրան, եւ սա իշխանությունների շատ գրագետ կազմակերպած ընդդիմադիր դաշտի մարգինալացումն է։ Այսինքն՝ իշխանությունները, չունենալով հենարան հասարակության մոտ, միեւնույն ժամանակ, տարրական ձեւով փչացնում են ընդդիմությանը, որպեսզի հասարակությունը, որը ձայն չի տալու իշխանություններին, միեւնույն ժամանակ ձայն չտա այն ընդդիմադիր ուժերին, որոնք խիստ քննադատում են իշխանություններին։ Շատ հետաքրքիր մտածված խաղ է, որը շատ պրոֆեսիոնալ կերպով իշխանությունները տանում են, եւ ցավոք սրտի, շատ արագ ընդունվում է հասարակության կողմից», -ասում է քաղաքագետը։

Նա այս հարցում ժողովրդին չի մեղադրում, քանի որ իրականում քաղաքական զարգացումներին ծանոթ մտավորականներն անգամ կարող են շփոթել, թե ովքեր են «Բաղրամյան 26-ի հաճախորդները», ովքեր՝ իրական ընդդիմադիրները։ Ժողովրդի անտարբեր վերաբերմունքի օբյեկտիվ պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ մարդիկ համոզված են՝ ընտրությունների միջոցով փոփոխության հասնել հնարավոր չէ։ «2008 թվականի նախագահական ընտրություններով եւ մարտի մեկի դեպքերով արդեն ապացուցել են, որ իրենց համար բացարձակ միեւնույն է ժողովրդի ձայնը։ Իրենք ինչպես ուզեն, այնպես էլ կդասավորեն ընտրությունների արդյունքը։ Այսինքն՝ պետք է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա՞ նախագահ, թողնում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, եթե պետք է, որ Սերժ Սարգսյանը գա նախագահ, ուրեմն դնում են Սերժ Սարգսյանին ու վերջ։ Դրա համար էլ ժողովուրդն այս տարիների ընթացքում հուսախաբ է եղել, որ ի տարբերություն հարեւան Վրաստանի կամ ժողովրդավար այլ երկրների՝ մեզ մոտ հնարավոր չէ ընտրությունների միջոցով որեւէ փոփոխության հասնել»,- ասում է Գագիկ Համբարյանը։

«Շիրակի մարզում գզվռտոցը քաղաքակիրթ բնույթ կրեց»

Մենք Գագիկ Համբարյանին նաեւ հարցրեցինք, թե կարելի՞ է արձանագրել, որ նախընտրական շրջանում մշտապես կրիմինալ դեպքերով աչքի ընկող Գյումրին այս անգամ ռեկորդ սահմանեց իր խաղաղ քարոզարշավով։

Մեր զրուցակցի բնութագրմամբ, Շիրակի մարզում եղել է գզվռտոց, սակայն այն արտաքուստ տեսանելի չէր, ներքին էր ու քաղաքակիրթ բնույթ էր կրում։ Ըստ նրա, Հանրապետական կուսակցության ներսում առկա հենց այդ գզվռտոցի արդյունքում էլ խաղից դուրս հանեցին Բալասանյան ընտանիքին։

«Խաղից հանեցին Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, որը ուզում էր առաջին քայլերը կատարել քաղաքականության մեջ եւ կարող էր մեծ խնդիրներ ստեղծել հավանական անցողիկ թեկնածուների համար՝ եւ՛ Մարտուն Գրիգորյանի, եւ՛ Ֆելիքս Ցոլակյանի, եւ՛ Արման Սահակյանի։ Եվ Սամվել Բալասանյանի ընտրազանգվածը նախկին 35 ընտրատարածքում մնաց ազատ, ու թեկնածուները հայտնվեցին ազատ լողի մեջ։ Այժմ էլ Բալասանյանները ում ուզեն, նրան էլ կհարեն, այդ վակուումը, որը ստեղծվեց Բալասանյան ընտանիքի դուրս մնալուց այս ընտրություններին, լրացվում է նույն ՀՀԿ-ի կամ այլ քաղաքական ուժերի կողմից։ Ես կարող եմ իմ ուրախությունը հայտնել, որ որոշ թեկնածուներ, որոնք աչքի են ընկել անպարկեշտ, սկանդալային կեցվածքով, այս անգամ իրենց բավական զուսպ պահեցին։ Եվ դա պայմանավորված էր նրանով, որ նրանք այժմ իշխանությունների մեջ չեն, դաբրո չունեն իշխանություններից, որ կարողանան սանձարձակություններ գործել թե՛ Գյումրիում, թե՛ Շիրակի մարզի գյուղական վայրերում», -ասում է Գագիկ Համբարյանը։

Մեր զրուցակցի կարծիքով, այս քարոզարշավով Գյումրին վերջապես կթոթափի կրիմինալ քաղաքի անունը։ «Գյումրեցիների խոսքերով ասած՝ շատ անհավես քարոզարշավ ստացվեց։ 100-ից ավելի թեկնածուներ կան, բայց մենք ընդամենը 10-12 թեկնածուների ունկնդրեցինք ԶԼՄ-ներով, թե մյուսները ինչ քարոզարշավ են վարում, դժվար է պատկերացնել, որովհետեւ հասարակությունը չտեսավ։ Իրենք էլ շատ ակտիվ չգտնվեցին, որովհետեւ համոզված են, որ այն ֆավորտիները չեն, որ կարող են վարկանիշային ցուցակով անցնեն։ Մենք երեւի թե այս քարոզարշավով թոթափենք կրիմինալ հայրաքաղաք պիտակավորումը, որը, ցավոք սրտի, հանրապետական ԶԼՄ-ներում շատ հաճախ է կիրառվում Գյումրիի պարագայում։ Հուսով եմ, կձերբազատվենք այդ տերմինից»,- հույս է հայտնում Գագիկ Համբարյանը։

Ընտրակաշառքը Գյումրիում քիչ ազդեցություն կունենա

Գագիկ Համբարյանը «Առավոտի» հետ զրույցում նաեւ համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառք երեւույթը Գյումրիի ընտրողների վրա շատ քիչ ազդեցություն կունենա։ Այս մասին, ըստ նրա, արդեն փաստել են վերջին մի քանի ընտրությունները։ «Գյումրեցին կարող է վերցնել ընտրակաշառքը ու գնալ, ընտրել նրան, որին ինքը ցանկանում է»,- ասում է քաղաքագետը։ Այնպես որ, ըստ նրա, ընտրակաշառքով խորհրդարան անցնելու հաշվարկ կատարած թեկնածուները կարող են եւ խաբվել։

Ո՞ր քաղաքական ուժերն ու թեկնածուները կհաղթեն Շիրակի մարզում

Մենք քաղաքագետից հետաքրքրվեցիք նաեւ, թե ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու թեկնածուները ի՞նչ շանսեր ունեն Շիրակի մարզում։ «Գյումրին վերջին մի քանի ընտրություններին աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով։ Ընդդիմադիր կուսակցությունների մեջ չունենալով խարիզմատիկ թեկնածուներ, որոնց վարկանիշային ցուցակով կառաջադրեին Շիրակի մարզում, ձայների մեծ մասը կգնան կրկին «Ծառուկյան» դաշինքին։ Գյումրիում «Ծառուկյան» դաշինքը բավական ուժեղ դիրքերի վրա կլինի։ Ճիշտ է՝ նրանք կորուստներ կունենան ընտրազանգվածի պահով. գիտեք, որ նախկին ընտրություններում ԲՀԿ-կան թեկնածուներ կային, որոնք աշխատում էի եւ՛ իրենց, եւ՛ կուսակցության համար ձայներ բերելու։ Ընդդիմադիր ընտրազանգված ունեցող այս քաղաքում չկան համապատասխան ընդդիմադիր թեկնածուներ, դրա համար հաստատ համոզված եմ, որ հանրաճանաչ ընդդիմադիր կուսակցությունները Գյումրիում եւ Շիրակի մարզում շատ դաժան պարտություն կկրեն, ինչպես դա եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Մեր ընդդիմադիր ուժերը գերադասեցին իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացնել հիմնականում Երեւանում։ Շիրակի մարզը, կարելի է ասել, նորաթուխ քաղաքական գործիչներով են ներկայացված, որոնք այս քարոզարշավի ընթացքում ոչ մի ակտիվությամբ աչքի չընկան։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ովքե՞ր են ֆավորիտները, հիմնական պայքարը կընթանա հետեւյալ քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչների միջեւ. Հանրապետական կուսակցությունից վարկանիշային ցուցակով անցնելու համար պայքարում են Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը, Մուշեղ Պետոյանը, «Ծառուկյան» դաշինքից Վարդեւան Գրիգորյանը, որը, իմ կարծիքով, ոչ մի խնդիր չունի խորհրդարան անցնելու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները Շիրակի մարզում ունեն բավական ուժեղ երկու թեկնածուներ՝ Հովհաննես Մարգարյանը ու Արթիկի տարածաշրջանը ներկայացնող թեկնածուն՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը։ Նշեմ, որ եւս մեկ անձ կա, որը կարող է ձայներ բերել իր հովանավորյալ կուսակցությանը, Խաչատուր Վարագյանն է, որը կրկին Արթիկի տարածաշրջանից է եւ պաշտպանելու է ՀՅԴ-ին։ Հիմնական պայքարը իմ թվարկած անձանց մեջ է»։
Ըստ քաղաքագետի, առաջին հորիզոնականները կզբաղեցնեն այս գործիչների թիկունքում կանգնած քաղաքական ուժերը։

«Իմ դիտարկմամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն չի ստանա Գյումրիում, սակայն գյուղական վայրերում ընտրությունների վերահսկողության միջոցով ՀՀԿ-ն կկոմպեսացնի այն բացասական սալդոն ձայների առումով, որը կունենա Գյումրիում։ Կոնկրետ Գյումրիում կպարտվի ԲՀԿ-ին, սակայն գյուղական վայրերում հաղթանակի շնորհիվ կհաղթի մարզի կտրվածքով»,- կանխատեսում է մեր զրուցակիցը։

Շիրակի մարզում ՀՅԴ-ի ճակատագիրը կախված է Վարագյան ընտանիքից

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է, որ ՀՅԴ-ի՝ Շիրակի մարզում ձայներ հավաքելը բացառապես կախված է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանից ու վերջերս Շիրակի փոխմարզպետ նշանակված, ՀՀԿ-ից դուրս եկած ու Դաշնակցության վարկանիշային ցուցակով առաջադրված Խաչատուր Վարագյանից։ «Տեսաք, թե ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն, ունենալով մարզպետ, ունենալով վարչական ռեսուրսներ, ինչ խայտառակ պարտություն կրեց։ Չեմ կարծում՝ այս անգամ էլ Դաշնակցությունը Գյումրիում մեծ հաջողության հասնի։ Ամբողջ ռեսուրսները ներդնելով՝ Գյումրիում իրենք հավաքեն առավելագույնը 2500 ձայն։ Որոշակի շանսեր Շիրակի մարզում կարող է ունենալ ՕՐՕ-ն՝ ի դեմս Հովհաննես Ասոյանի, բայց չեմ ասում ձայները շատ մեծ կլինեն։ Հիմնականում պայքարը ընթանալու է այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք համապատասխան թեկնածուներով են ներկայացված, կարող են ձայներ բերել, այսինքն՝ հասարակությանը երեւացող թեկնածուներ են», -ասում է մեր զրուցակիցը։
Ըստ նրա, Շիրակի մարզը վարկանիշային ցուցակով առավելագույնը 4 պատգամավոր կունենա խորհրդարանում։

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031