Սամվել Բաբայանի դեմ որեւէ մեկը ցուցմունք չի տվել, եղել է առերեսում

Սամվել Բաբայանի դեմ որեւէ մեկը ցուցմունք չի տվել, եղել է առերեսում

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դռնփակ նիստով նրա կալանավորման որոշման դեմ  բողոքի քննությունն էր: Դատարանը վճիռը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ ներմուծելու առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:

Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանում Սամվել Բաբայանը վստահեցրեց, որ ինքը իրեն մեղսագրվող արարքները չի կատարել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՕՐՕ դաշինքն ասում էր, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է, իսկ դուք խուսափում էիք ասել՝ քաղբանտարկյալ է, թե ոչ: Ավետիս Քալաշյանը պատասխանեց. «Ես ոչ թե խուսափել եմ ասելուց, ես հստակ ասել եմ, որ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռեւս որեւէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»:

Մամուլում հրապարակումներ կան, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, հարցին՝ դուք ի՞նչ ակնկալիք ունեք՝ փաստաբանը պատասխանեց. «Աստված տա»:

Ավետիս Քալաշյանն ասաց, որ «Իգլայի» խողովակի դատաձգաբանական փորձաքննությունն ավարտվել է եւ եզրակացությունը հետեւյալն է՝ այն հանդիսանում է «Իգլա» տեսակի ռազմամթերք, որպես զենք չի կարող կիրառվել, որովհետեւ անհրաժեշտ մասերը բացակայում են: Այս եզրակացության վերաբերյալ որեւէ առարկություն չի եղել:

Փաստաբանն ասաց, որ Սամվել Բաբայանի դեմ որեւէ ցուցմունք չկա: Եղել է  միայն առերեսում, որի ընթացքում վստահեցրել են, որ Բաբայանը որեւէ առնչություն չունի այդ հանցանքների հետ: Ավետիս Քալաշյանը հարցին՝ դուք ասել եք, որ Սամվել Բաբայանը ինչ-որ առնչություն, այնուամենայնիվ, ունի այդ Իգլայի հետ, բայց փակագծերը չբացեցիք, թե ինչ առնչության մասին է խոսքը, հիմա փակագծերը կբացե՞ք՝ նա պատասխանեց, որ՝ ոչ: Թե ինչի՞ց է դա կախված՝ փաստաբանն ասաց. «Իմ պաշտպանյալի շահերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք