Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Թուրքիայում

Ապրիլ 22,2017 17:59

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Համառոտագիր

-Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չափազանց մեծ կարևորություն ունի Թուրքիայի նախագահի լիազորությունների մեծացման և նախագահի պաշտոնում ցմահ մնալու համար։

-Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Էրդողանի առաջ քաշած «Նոր Թուրքիայի» հիմնաքարն է, որը պետք է ունենա նոր Սահմանադրություն։

-Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բացասական ազդեցություն կունենա «Քրդական հարցի» կարգավորման վրա, Էրդողանին հնարավորություն կտա վարել ագրեսիվ ներքին քաղաքականություն։

-Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բացասաբար կազդի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա, Էրդողանին հնարավորություն կտա վարել ագրեսիվ արտաքին քաղաքականություն։

Նախաբան

2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվեց երկրի պատմության մեջ 7-րդ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն(ՍԲՀ)։ Նախորդ վեց ՍԲՀ-ներն անցկացվել են 1961թ., 1982թ., 1987թ., 1988թ., 2007թ. և 2010թ.։ Դրանք բոլոր դեպքերում հաջողություն են ունեցել՝ բացառությամբ 1988թ.։ 2017թ. ՍԲՀ-ըերրորդն է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիներին (ԱԶԿ-ը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. աշնանը)։ Նախորդ 2ՍԲՀ-ներն անցկացվել են 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին, որոնց պատճառները բխում են 1980թ. Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալիռազմական հեղաշրջումից։ Վերջինիս արդյունքումիշխանության եկած խունտան 1981թ. հունիսի 29-ին ընտրեց 160 խորհրդատուի՝ հանձնարարելով զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ: 1982թ. նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ ավելի քան 91%-անոց աջակցություն: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին (177 հոդվածից փոփոխման ենթարկվեց117-ը):

2003թ. Թուրքիայի վարչապետ դառնալուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՍԲՀ-ների միջոցով լայն պայքար ծավալեց ուժային և դատական կառույցների լիազորությունների սահմանափակման ուղղությամբ։ ԱԶԿ-ի իշխանության ժամանակ առաջին ՍԲՀ-ն անցկացվեց 2007թ. հոկտեմբերի 21-ին՝ վաղաժամ խորհրդարանական ընտրություններում (22.07.2007) ԱԶԿ-ի հաղթանակից (46.58%) և Թուրքիայի 11-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Աբդուլլահ Գյուլի դժվարին հաղթանակից (28.08.2007[1]) քիչ անց։ Ներկայացնենք այդ ՍԲՀ-ի արդյունքները.

Ինչպես տեսնում ենք, ԱԶԿ-ը վստահ արդյունք է գրանցել իր առաջին ՍԲՀ-ում՝ ստանալով գրեթե 70%-անոց աջակցություն։ ՍԲՀ-ի մասնակիցները կողմ արտահայտվեցին, որ այսուհետ Թուրքիայի նախագահին ընտրի ժողովուրդըև ոչ թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ)։

Հարկ է նշել, որ 1923թ. ստեղծված ԹՀ նախագահներին ընտրել է ԹԱՄԺ-ը. բացառություն է կազմել միայն 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Քենան Էվրենը, ով Թուրքիայի նախագահ դարձավ 1982թ. ՍԲՀ-ից ընդամենը 2 օր անց՝ նոյեմբերի 9-ին։ Բացի այդ որոշվեց, որ այսուհետ Թուրքիայի նախագահի լիազորությունների ժամկետը կրճատվում է 2 տարով՝ մինչև 5 տարվա, փոխարենը նա ստանում է վերընտրման իրավունք («5+5»)։ Մինչդեռ հին Սահմանադրությամբ երկրի նախագահնընտրվում էր 7 տարի ժամկետով՝առանց վերընտրման իրավունքի։ Ի դեպ, 2012թ. սկզբին թուրքական ընդդիմությունը պահանջում էր անցկացնել նախագահական ընտրություններ՝ ընդգծելով, որ Աբդուլլահ Գյուլը 2007թ. նախագահի պաշտոնում ընտրվել է 5 և ոչ թե 7 տարով։ Վեճը հասավ ՍԴ, որն էլ հունիսին վճռեց, որ Գյուլը 2007թ. նախագահ է ընտրվել 7-ամյա ժամկետով։ Ուշագրավ է, որ դրա հետ մեկտեղ ՍԴ-ը Գյուլին տվեց վերընտրման իրավունք («7+5»)։ ՍԴ-ի այս որոշման հիմքում ընկած էր 2 հիմնական գործոն։

Նախ նշենք, որ ՍԴ-ը բանակի հետ միասին Էրդողանի (երկրի իսլամականացման) դեմ պայքարի միջնաբերդերից է, և նրա համար ավելի նախընտրելի էր երկրի նախագահի պաշտոնում տեսնել չափավոր հայացքներով, կանխատեսելի Գյուլին, քան բռնապետական հակումներով, անկանխատեսելի Էրդողանին։ Բացի այդ ՍԴ-ն իր տվյալ քայլով հուսով էր հետագայում պառակտում առաջացնել ԱԶԿ-ի՝ Գյուլի ու Էրդողանի համակիրներիներսում։

Արդյունքում, Թուրքիայում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2014թ. օգոստոսին (2007թ. նախագահական ընտրություններից 7 տարի անց), որոնց ժամանակ ժողովուրդը ԹՀ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեց երկրի նախագահ (Էրդողան)[1]։ ՍԲՀ-ի մյուս կարևոր կետն այն էր, որ 1 տարով նվազեցվեց պատգամավորների լիազորությունների ժամկետը՝ 5 տարուց մինչև 4 տարվա։ Բացի այդպատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 30-ից նվազեցվեց մինչև 25-ի:

ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանի երկրորդ ՍԲՀ-ն անցկացվեց 2010թ. սեպտեմբերի 12-ին, որի արդյունքները ներկայացվում են ստորև։

Երկրորդ աղյուսակը վկայում է ԱԶԿ-ի կողմից իր երկրորդ ՍԲՀ-ը նույնպես հաջող հաղթահարելու մասին՝ թեև աջակիցների թիվն այս անգամ տոկոսային հարաբերակցությամբ նվազել է։ Այս ՍԲՀ-ի հիմնական կետերն առնչվում են Սահմանադրական դատարանի, Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի (HSYK) անդամների թվաքանակը մեծացնելուն (Էրդողանը ձգտում էր դրանով մեծացնել իր համակիրների թիվն ընդդիմադիր այդ կառույցներում, նրանց աստիճանաբար ենթարկեցնել իրեն),  քաղաքական կուսակցությունների դեմ քրեական գործերի հարուցումը և դրանց փակման գործընթացները բարդացնելուն (2008թ. ՍԴ-ում մեկ քվե չբավականացրեց ԱԶԿ-ը փակելու և նրա ավելի քան 70 կարկառուն ներկայացուցիչներին, այդ թվում նաև երկրի նախագահ Գյուլին ու վարչապետ Էրդողանին 5 տարով քաղաքականությամբ զբաղվելուց զրկելու համար), պետական հանցագործություններում մեղադրվող զինծառայողների գործերը ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական դատարաններում քննելուն և այլն:

Հիշատակման արժանի է այն, որ այս ՍԲՀ-ի արդյունքներով Սահմանադրությունից վերացվեց 15-րդ ժամանակավոր հոդվածը, որով հնարավոր եղավ քրեական պատասխանատվության ենթարկել 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին[1]: Արդեն 2012թ. հունվարին  Անկարայի դատարանն ընդունեց94-ամյա Քենան Էվրենիև ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) նախկին հրամանատար86-ամյա Թահսին Շահինքայայի դեմ գործը(ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները մահացած էին), ինչը նշանակում էր, որ նրանք պետք է կանգնեին դատարանի առջև։ Դա աննախադեպ իրադարձություն էր ԹՀ պատմության ընթացքում, որ նախկին նախագահը կանգնի դատարանի առջև (2014թ. ամռանը դատարանը Քենան Էվրենին և Թահսին Շահինքայային դատապարտեց ցմահ ազատազրկման)[2]:

Հարկ է նշել, որ Թուրքիայի քրդերը 2010թ. ՍԲՀ-ին աջակցեցինհիմնականում հենց 1980թ. հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն հասնելու համար։ Բանն այն է՝ կան կարծիքներ, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) 1984թ. Թուրքիայում իր զինված պայքարը սկսել է հենց տվյալ հեղաշրջումից հետո երկրի քրդերի դեմ սկսված զանգվածային բռնությունների հետևանքով։ Ի դեպ, ՍԲՀ-ն անցկացվեց ԹՀ ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց (սեպտեմբերի 12), որով Էրդողանը ցանկանում էր ցույց տալ, որ անգամ երեսնամյա վաղեմությունը խնդիր չէ ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու համար, ինչը պետք է դաս հանդիսանար նաև մյուսների համար և արդյունքում բացառեր նոր ռազմական հեղաշրջումները։

2017թ. ՍԲՀ-ով առաջարկված փոփոխություններ

ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանիառաջին ՍԲՀ-ի անցկացումից մոտ 10 տարի անց Թուրքիայում անցկացվեց նոր ՍԲՀ։ Թուրքիայում նոր ՍԲՀ-ի մասին քննարկումները սկսվեցին 2011թ. խորհրդարանական ընտրություններից առաջ և մեծ թափ հավաքեցին 2014թ. օգոստոսին Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո։ Նախագահի կարգավիճակ ունեցող Էրդողանը քանիցս հայտարարեց, որ «Թուրքիայի ընթացիկ Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի կարիքներին, որ հին Թուրքիան այլևս գոյություն չունի,և Նոր Թուրքիան կարիք ունի նոր Սահմանադրության»:

2016թ. դեկտեմբերին իշխող ԱԶԿ-ն ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ԹԱՄԺ-ին ներկայացրեցին սահմանադրական բարեփոխումների համատեղ նախագիծը, որն առնչվում էր 21 հոդվածի։ Արդյունքում ՍԲՀ-ի հանձնաժողովը մերժեց դրանցից 3-ը՝ թողնելով մնացյալ 18-ը։ 2017թ. հունվարի 9-15-ին ԹԱՄԺ-ում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների քվեարկության առաջին փուլը, իսկ հունվարի 18-21-ին՝ երկրորդ փուլը։ Երկրորդ փուլին մասնակցեց 488 պատգամավոր, որին կողմ քվեարկեց 339-ը, դեմ՝ 142-ը, 5 քվե դատարկ էր, ևս 2 քվե՝ անվավեր[3]։ Դա բավարար էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու համար (պահանջվում էր առնվազն 330 քվե՝ ԹԱՄԺ-ի 3/5-ը)։

Նախ նշենք, որ, թեև ԹԱՄԺ-ն ունի 550 պատգամավոր, քվեարկությանը կարող էր մասնակցելառավելագույնը 537 պատգամավոր.քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) 11 պատգամավոր գտնվում է կալանքի տակ և մեղադրվում ահաբեկչություն սատարելու մեջ։ Բացի այդ քվեարկելու իրավունք չուներ ԹԱՄԺ-ի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը:Նա տվյալ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, և նրան փոխարինել էր տեղակալ, ԱԶԿ-ական Ահմեթ Այդընը, ով նույնպես զրկված էր քվեարկելու հնարավորությունից։ Սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ են արտահայտվել ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը (սակայն ոչ բոլոր պատգամավորները): ԱԶԿ-ը ԹԱՄԺ-ում ունի 317, իսկ ԱՇԿ-ը՝ 39 մանդատ (ընդհանուր՝ 356 մանդատ)։ Քեմալական «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ), որը ԹԱՄԺ-ում ամենամեծ ընդդիմադիր ուժն է (133 պատգամավոր), ինչպես և խոստացել էր, դեմ էքվեարկել։ ԺԴԿ-ի մնացյալ 48 պատգամավորները (59-ից) բոյկոտել են քվեարկությունը։

Նշենք, որ ԹԱՄԺ-ում սահմանադրական բարեփոխումների հաստատման համար անհրաժեշտ էր 367 քվե (ԹԱՄԺ-ի 2/3-ը), և թեև ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի ուժերը չբավականացրեցին դրա համար, սակայն, ընդհակառակը, բավականացրեցին, որ այն դրվի հանրաքվեի։ Այս 2 ուժերի դաշինքի հիմքում ընկած է 3 հիմնական գործոն. ա) ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը շատ հարցերում ունեն նմանատիպ խիստ դիրքորոշումներ (օրինակ, քրդերի հանդեպ), և շատերը դժվարանում են ասել, թե այժմ որն է Թուրքիայի առավել ազգայնական կուսակցությունը՝ ԱԶԿ-ը՞, թե՞ ԱՇԿ-ը։ բ) ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով նախկինում շարունակ աչքի էր ընկնում Էրդողանին քննադատելով, վերջին շրջանում չի զբաղվում նման գործունեությամբ։ Պատճառներից մեկն առաջին կետն է, սակայն կա նաև երկրորդ կետը. վերջին շրջանում Թուրքիայում գրանցված զանգվածային բռնությունները վախեցրել են Բահչելիին, ով չի ցանկանում հայտնվել վանդակաճաղերից այն կողմ։ գ) ԱԶԿ-ը որոշեց չհատել Բահչելիի (ԱՇԿ) սահմանած «կարմիր գիծը»[4]. չփոփոխել Սահմանադրության առաջին 4 հոդվածները, որոնք առնչվում են պետության հանրապետական կառուցվածքին, դեմոկրատական, աշխարհիկ, իրավական ու սոցիալական բնույթին, տարածքային ամբողջականությանը, պետական դրոշին, լեզվին, մայրաքաղաքին, օրհներգին։

Ինչ վերաբերում է ԺՀԿ-ի դեմ քվեարկելուն, նշենք, որ ԺՀԿ-ի, ինչպես նաև ԹՀ հիմնադիրը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է, ով կանխորոշել է պետության աշխարհիկ բնույթը և դրա պահպանումը վերագրել է զինվորականներին։ Էրդողանն էլ աստիճանաբար երկիրը տանում է դեպի կրոնապետություն, սուլթանություն, ցանկանում է ձերբազատվել «աթաթուրքյան Թուրքիայից» և անցում կատարել «էրդողանական Թուրքիային», որին էլ միտված են սահմանադրական բարեփոխումները։ ԺԴԿ-ի դիրքորոշումը նույնպես հասկանալի է. քրդերի զգալի մասը չի ցանկանում Էրդողանի լիազորությունների շեշտակի մեծացում, ով վերջին շրջանում ծանր սպառազինություն է սկսել կիրառել քրդաբնակ շրջաններում։

Փետրվարի սկզբին սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացվեց Էրդողանի հաստատմանը[5]։ Նա այն հաստատեց փետրվարի 10-ին, որով և տրվեց ՍԲՀ-ի գործընթացի մեկնարկը[6]։ Այժմ ներկայացնենք առաջարկվող սահմանադրական հիմնական բարեփոխումները։

-Պատգամավորների թիվը 550-ից հասցնել 600-ի (75-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ այս դեպքում կաճի նահանգներին հատկացված պատգամավորական մանդատների թիվը, և դրանով կմեծանա նրանց ներգրավվածությունը քաղաքականությունում։ Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայի բնակչությունը կանոնավորապես աճում է մոտ 1 մլն-ով, և պատգամավորական մանդատների քանակական աճը կհամապատասխանի Թուրքիայի բնակչության թվաքանակին։

-Պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25-ից նվազեցնել մինչև 18-ի և տվյալ դեպքում նրանց ազատել զինծառայությունից (76-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ սա քաղաքականությունում նոր հնարավորություններ կբացի երիտասարդության առջև, որն արդեն կկարողանա ոչ միայն ընտրել, այլև ընտրվել։ Այս դեպքում երիտասարդների կարծիքներն ավելի շատ կարտացոլվեն քաղաքականությունում, նրանք քաղաքական փորձ ձեռք կբերեն վաղ տարիքից, իսկ քաղաքականությունը կստանա մեծ դինամիկա։Նշենք, որ Էրդողանն այստեղ շեշտը դնում է երիտասարդությանը հրապուրելու վրա, որը ներկայացնում է մեծ ընտրազանգված և լինելու է էրդողանի «Նոր Թուրքիայի» հենասյուներից մեկը։

Առաջարկվում էր նաև կուսակցական ընտրացուցակում ստեղծել «օժանդակ պատգամավորի» կարգավիճակ (78-րդ հոդված)։ Ընդգծվում էր, որ օժանդակ պատգամավորներն անհրաժեշտ են այն դեպքում, եթե պատգամավորը մահանում, զոհվում էկամ էլ չեղարկվում է նրա պատգամավորական մանդատը։ Սակայն ՍԲՀ-ի հանձնաժողովի որոշմամբ այս կետը հանվեց։ Նշենք, որ օրինակ, 2015թ. սկզբին ԹԱՄԺ-ը 550-ի փոխարեն ուներ 535 պատգամավոր, քանի որ 4 պատգամավոր մահացել կամ զոհվել էր, 10-ը դարձել էր քաղաքապետ, իսկ Ռեջեփ Էրդողանն ընտրվել էր երկրի նախագահ[7]։

-Պատգամավորի լիազորությունների ժամկետը 4 տարուց հասցնել 5 տարվա, խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացնել 5 տարին մեկ անգամ և նույն օրը (77-րդ հոդված)։ Նախագահը կշարունակի ընտրվել ժողովրդի ուղիղ կամարտահայտությամբ՝ 2 փուլով (եթե նախագահը չկարողանա հաղթել առաջին փուլում, ապա կանցկացվի երկրորդ փուլ)։ Ընդգծվում է, որ 1 օրում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացմամբ Թուրքիայում կհաստատվի հնգամյա անդադար կայունություն, ժողովրդի օրակարգը ծանրաբեռնված չի լինի տարբեր ընտրություններով, կնվազի վաղաժամ ընտրությունների անցկացման հավանականությունը, առաջին պլան կմղվի կոնսենսուսի միջոցով ճգնաժամերի կարգավորման մշակույթը։

Նշենք, որ ինչպես 2015թ. նոյեմբերին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է Դևլեթ Բահչելին, վերջին 20 ամսում Թուրքիայում անցկացվել է 4 ընտրություն, ինչը բեռ է երկրիև ձանձրալի՝քաղաքացիների համար։ Բահչելին այստեղ նկատի է ունեցել 2014թ. մարտին ու օգոստոսին անցկացված ՏԻՄ ու նախագահական ընտրությունները և 2015թ. խորհրդարանական երկու ընտրությունները։ Այս առումով խորհրդարանական ու նախագահական ընտրությունները մեկ օրում անցկացնելն իսկապես զերծ կպահի նման ծանրաբեռնվածությունից և կապահովի կայունություն, ազատ կարձակի իշխող ուժի ձեռքերը։ 2016թ. թուրքական մամուլը գրեց, որ 1923թ.-ից ցայժմ (93 տարում) Թուրքիայում ձևավորվել է 65 կառավարություն, այսինքն միջինը 1.5 տարում 1 կառավարություն։ Համեմատության համար նշվում էր, որ ԱՄՆ-ը 228 տարում ունեցել է 45 նախագահ։

-Նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրություններն անցկացնել 2019թ. նոյեմբերի 3-ին (ժամանակավոր 21-րդ հոդված), եթե իհարկե հետագայում որոշում չկայացվի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Ընդգծվում է, որ միաժամանակ երկու ընտրություն անցկացնելը կբերի կոնսենսուս և ներդաշնակություն։ Նշենք, որ 2019թ. 1 տարում երկրում անցկացվի միանգամից 3 ընտրություն։ Ինչ վերաբերում է նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրությունների անցկացման համար հենց նոյեմբերի 3-ն ընտրելուն, ապա դա պայմանավորված է նրանով, որ ԱԶԿ-ն իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

-Ուժեղացնել ԹԱՄԺ-ը, ըստ որի՝ այսուհետ օրենսդրական նախաձեռնություններով պետք է հանդես գա ԹԱՄԺ-ը, և ոչ թե կառավարությունը (87-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ այդպիսով օրինաստեղծման հարցում առաջին պլան կմղվի ԹԱՄԺ-ի կամքը, կպահպանվեն ԹԱՄԺ-ին իրազեկելու ու խորհրդարանական վերահսկողության ուղիները, խորհրդարանական լսումները, հետաքննություններն ու գրավոր դիմումների մեթոդները, կառավարության անդամները պարտավոր կլինեն 15 օրում պատասխանել ԹԱՄԺ-ի գրավոր հարցերին։ Եթե ԹԱՄԺ-ն օրենք ընդունի և նախագահը մերժի այն, ապա խոսքը ԹԱՄԺ-ինն է, որը, օրենքն ընդունելով ձայների բացարձակ մեծամասնությամբ (301 քվե), կկարողանա այն ուղարկել հետ (այսինքն նախագահին)։ Բացի այդ առաջին անգամ ԹԱՄԺ-ին շնորհվում է HSYK անդամներ ընտրելու իրավունք։ Նշենք, որ նախագահական ապարատին զուգահեռ ԹԱՄԺ-ն ուժեղացնելը նույնպես բխում է Էրդողանի շահերից, ով գիտակցում է, որ այն, ինչ դեյուրե չի կարող անել նախագահի կարգավիճակով, կկարողանա անել ԹԱՄԺ-ի միջոցով, ուր խոշորագույն ուժը, ըստ ամենայնի, կլինի իր գլխավորած կուսակցությունը։

-Նախագահը չի խզում կապերն իր կուսակցության հետ, այսինքն նա կարող է մնալ կուսակցական (101-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ ժողովրդի կողմից նախագահին ուղիղ ընտրելն առաջացնում է նախագահի քաղաքական ուղիղ պատասխանատվություն, իսկ նախագահի կուսակցական լինելը նրա համար ստեղծում է քաղաքական ամուր հիմք, կուսակցական կառույցներն ու խողովակները նրան հնարավորություն կտան ավելի հեշտ շփման մեջ լինել ժողովրդի հետ և մշակել միասնական քաղաքականություն, որ դա նախագահին չի խոչընդոտիաշխատել մյուս բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և լինել ողջ ժողովրդի նախագահ։ Նշենք, որ սա Էրդողանի համար ամենաառանցքային կետերից է։ 2014թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանը հարկադրված եղավ հրաժարական տալ ԱԶԿ նախագահի պաշտոնից, որում նրան փոխարինեցնախկին վարչապետԱհմեթ Դավութօղլուն (Թուրքիայում սովորաբար վարչապետ էր դառնում իշխող կուսակցության նախագահը)։ Թեև նախագահական ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարում էր, որ եթե նախագահ ընտրվի, ապա ԱԶԿ-ը չի պառակտվի, ինչպես եղավ Թուրգութ Օզալի («Մայր Հայրենիք») կուսակցության դեպքում, երբ Օզալը դարձավ նախագահ, սակայն իրականում ԱԶԿ-ը պառակտվեց և զգալիորեն թուլացավ։ Արդյունքում, Էրդողանը սկսեց խախտել Սահմանադրությունը և 2015թ. քարոզչություն իրականացնել ԱԶԿ-ի օգտին թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Բնականաբար, ՍԲՀ-ի հաջող անցկացումից հետո Էրդողանը վերստին կզբաղեցնի ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը (Էրդողանն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում գտնվել է 2001թ. կուսակցության ստեղծումից հետո մինչև 2014թ.)։

-Վաղաժամ ընտրություններ անցկացնելու իրավունքն ընձեռել թե՛ երկրի նախագահին, թե՛ ԹԱՄԺ-ին (116-րդ հոդված)։ ԹԱՄԺ-ը տվյալ որոշումը պետք է ընդունի 3/5-ի աջակցությամբ։ Սակայն եթե նախագահը որոշում ընդունի արտահերթ ընտրությունների մասին, ապա նա դրանով կնվազեցնի իր իսկ պաշտոնավարման ժամկետը։ Ընդ որում, եթե ԹԱՄԺ-ն արտահերթ ընտրությունների մասին որոշումն ընդունի նախագահի կառավարման երկրորդ շրջանում, ապա նախագահը կստանա վերընտրման իրավունք։ Նշենք, որ սա իսկապես ուշագրավ կետ է։ Նախևառաջ սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ են մտնելու 2019թ., և Էրդողանը ՍԲՀ-ի շնորհիվ կկարողանա նախագահի պաշտոնում մնալ մինչև 2029թ. («5+5»)։ Սակայն ստացվում է, որ այդ ժամկետը կարող է անգամ երկարաձգվել, եթե ԹԱՄԺ-ը2029թ.-ից առաջ որոշում ընդունի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

-Նախագահին շնորհել իր հրամաններով պետական բարձրագույն պաշտոնյաներին նշանակելու և պաշտոնանկ անելու լիազորություն (104-րդ և 106-րդ հոդվածներ)։ Ընդգծվում է, որ կառավարման նախագահական համակարգում վերացվում է երկիշխանությունը (վարչապետի պաշտոնը), նախագահը դառնում է թե՛ պետության, թե՛ կառավարության ղեկավարը, հրամաններ ստորագրելու լիազորությունը կառավարությունից փոխանցվում է նախագահին, ով վարչական կառավարում կիրականացնի նախագահական հրամանների միջոցով։ Ընդ որում, նախագահական հրամանները գտնվելու են ԹԱՄԺ-ի ու ՍԴ-ի վերահսկողության ներքո։ Նախագահն իր պաշտոնին անցնելուց հետո հնարավորություն կունենա արագորեն ձևավորել իր թիմն ու սկսել աշխատանքները, իր համար նշանակել մեկ կամ մեկից ավելի փոխնախագահ (ասենք կնոջը, որդուն կամ փեսային, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարագայում), որը (որոնք) նախագահի հրաժարականի դեպքում կդառնա նախագահի պաշտոնակատար մինչև նոր ընտրություններ, և նախարարներ, որոնք պատասխանատու կլինեն նախագահի առջև։ Ընդգծվում է, որ այդպիսով կբացառվեն նշանակումների բյուրոկրատական ձգձգումները, արդյունավետության չափանիշի հիման վրա արագորեն կիրականացվեն կադրային փոփոխություններ, ԹԱՄԺ-ը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ օրինաստեղծ գործունեության վրա։

Նշենք, որ 2014թ. երկրի վարչապետի պաշտոնը լքելուց և Թուրքիայի 12-րդ նախագահ դառնալուց հետո (վարչապետի լիազորություններն ավելի մեծ էին) Էրդողանի համար դժվար է եղել իր նոր կարգավիճակին համակերպվելը: Էրդողանը գումարել է տվել և նախագահել կառավարության  բազում նիստեր, որոնցում ընդունվել են կարևոր որոշումներ։ Նաայդ հարցում օգտվել է իր սահմանադրական իրավունքից։ Ընդգծենք, որ նախկինում Թուրքիայի նախագահները հազվադեպ են օգտվել այդ իրավունքից. Էրդողանից առաջ դրանից վերջին անգամ 2000թ. օգտվել է Թուրքիայի 9-րդ (1993-2000թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելը, ով ցանկացել էր հրաժեշտ տալ նախարարներին (Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը (2000-2007թթ.) և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը (2007-2014թթ.) ընդհանրապես չեն օգտվել իրենց այդ իրավունքից): Այդպիսով, Էրդողանը Թուրքիայի դե-ֆակտո ղեկավարից կվերածվի նաև դե-յուրե ղեկավարի։

-Վերացնել նախագահի պատասխանատվություն չկրելը (105-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ նախագահը կդադարի լիազոր լինելուց և պատասխանատու չլինելուց, նախագահի գործունեության նկատմամբ կսահմանվի վերահսկողություն ու պատժելի պատասխանատվություն։ Ներկայումս նախագահին կարող են դատել միայն դավաճանության համար՝ ԹԱՄԺ-ի 3/4-ի որոշմամբ, մինչդեռ այսուհետ նախագահի հանդեպ հետաքննություն կարող է սկսվել ցանկացած մեղադրանքով՝ ԹԱՄԺ-ի 3/5-ի որոշմամբ, նոր համակարգում նախագահի բոլոր որոշումներն ու գործողությունները բաց կլինեն դատական վերահսկողության համար։ Եթե նախագահի հանդեպ հետաքննություն է սկսվել, նա չի կարողանա հայտարարել արտահերթ ընտրություններ, իշխանական նոր համակարգում նախագահը պատասխանատու է դառնում ԹԱՄԺ-ի ու ժողովրդի առջև։ Հիշեցնենք՝ կան կարծիքներ, որ Էրդողանը նախագահ է ընտրվել նաև դատարանի առջևչկանգնելու համար։ Էրդողանը խիստ ծանր է տանում քննադատությունները և իր քննադատների հանդեպ դատական հայցեր ներկայացնելու սիրահար է։ 2016թ. մարտի դրությամբ 2014թ.-ից Թուրքիայում քաղաքացիների հանդեպհարուցված էր 1845 գործ՝ նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Թուրքիայի ՔՕ-ի 299-րդ հոդվածը նման դեպքերի համար նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում։

-Բյուջեի մասին օրենքի նախապատրաստման և այն մեջլիսին ներկայացնելու լիազորությունը հանձնել նախագահին (161-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ սա լինելու է օրինաստեղծ գործունեության միակ բացառությունը, որն իրականացնում է ԹԱՄԺ-ը։ Բյուջեի մասին օրենքն ու դրա կատարման մասին օրենքը ԹԱՄԺ-ին ներկայացվում են համատեղ, և եթե ԹԱՄԺ-ը չի հաստատում բյուջեի մասին օրենքը, պատրաստվում է ժամանակավոր բյուջե։ Եթե դա էլ չի անցնում, ապա օգտագործում են նախորդ տարվա բյուջեն։ Այդպիսով, բյուջեի հարցում վերջնական որոշումը պատկանում է ԹԱՄԺ-ին։

-Վերացնել ռազմական դրությունը և վերակարգավորել արտակարգ դրությունը (119-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ ռազմական դրության ռեժիմի պրակտիկան դառնում է պատմություն, իսկ արտակարգ դրության ռեժիմը վերստին հստակեցվում է՝ հաշվի առնելով հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ-ը) և ահաբեկչական սպառնալիքները։ Արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու լիազորությունը ԹԱՄԺ-ից տրվում է նախագահին, ով այդ որոշումն ուղարկում է ԹԱՄԺ։ Վերջինս իրավասու է երկարաձգել կամ կրճատել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, ինչպես նաև չեղարկել այն։ Եթե ԹԱՄԺ-ը նախագահական հրամանները չի հաստատում 3 ամսում, ապա դրանք կորցնում են իրենց ուժը։ Բարձրագույն ընտրական խորհուրդն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կշարունակի վերահսկել ընտրական գործընթացները։ Նշենք, որ նախորդ տարեվերջին ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ 2016թ. Թուրքիայում իրականացվել է 3 հեղաշրջում՝ նկատի ունենալով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պաշտոնանկությունը, հուլիսի 15-ի ՌՀՓ-ն ու հուլիսի 20-ին երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելը[8]։

-Վերակազմավորել HSYK-ը (159-րդ հոդված)։ Փոխվում է HSYK-ի կառուցվածքն ու ընտրությունների կարգը, կառույցի անվանումը՝ Դատավորների ու դատախազների խորհուրդ(պարզապես), անդամների թիվը 22-ից նվազում է 13-ի, իսկ պալատների թիվը՝ 3-ից 2-ի։ Արդարադատության նախարարն ու նրա տեղակալը պահպանում են իրենց դիրքը (անդամությունը), կառույցի անդամներից 4-ը նախկինի նման ընտրվում են նախագահի կողմից, իսկ 7-ը՝ ԹԱՄԺ-ի կողմից։ Ընդգծվում է, որ այդպիսով կբացառվի դատական մարմնի անդամների միջև մրցակցությունն ու խմբավորումների առաջանալը, Գյուլենի կազմակերպությունը կզրկվի խորհրդի վրա ազդելու հնարավորությունից (ԹԱՄԺ-ի ընտրության շնորհիվ)[9]։ Փաստորեն, դրանով կտրուկ կմեծանա նախագահի ազդեցությունը դատական այս կարևոր մարմնի վրա։

-Վերացնել ռազմական դատարանները (142-րդ հոդված)։ Ընդգծվում է, որ զինվորականների գործերով զբաղվելու են կարգապահական հանձնաժողովները։ Սակայն ռազմական դատարանները կարող են ստեղծվել պատերազմական ժամանակաշրջանում։

-ՍԴ-ի անդամների թիվը 17-ից իջեցնել 15-ի։ Սա պայմանավորված է ռազմական դատարանների վերացմամբ. ՍԴ-ի կազմից դուրս են մնում Ռազմական գերագույն դատարանի և Ռազմական բարձրագույն վարչական դատարանի ներկայացուցիչները (սա կարող է կյանքի կոչվել մինչև 2019թ.)։

 ՍԲՀ-ի անցկացում

2017թ. ապրիլի 16-ին անցկացվեց ԹՀ պատմության մեջ 7-րդ ՍԲՀ-ը։ Նախորդ 6 ՍԲՀ-ներն անցկացվել են 1961թ., 1982թ., 1987թ., 1988թ., 2007թ. և 2010թ., և միայն մեկ դեպքում (1988թ.) են ձախողվել դրանք[10]։ ՍԲՀ-ի անվտանգությունն ապահովել է անվտանգության ուժերի 380.223 ներկայացուցիչ, որոնցից 251.788-ը ոստիկան են, իսկ 128.445-ը՝ ժանդարմ, մոտ 70.000 անվտանգության պահապան։ Ցամաքային զորքերի 6.000 զինծառայող պատրաստ է եղել անհրաժեշտության դեպքում մասնակցել անվտանգության ապահովմանը: Գործընթացում ներգրավվել են ուղղաթիռներ ու զրահապատ մեքենաներ[11]։ Ներկայացնենք ՍԲՀ-ի քվեարկության արդյունքները Թուրքիայի ներսում ու արտերկրում։

Մեկնաբանելով Թուրքիայում քվեարկության արդյունքները՝ նշենք, որ դրանք հիմնականում սպասելի էին մի շարք պատճառներով։ Նախ Էրդողանը և ԱԶԿ-ը Թուրքիայում ունեն մոտ 20 մլն-անոց կայուն ընտրազանգված, ինչի մասին վկայել են վերջին շրջանի (2014-2015թթ.) ընտրությունները։ Բացի այդ իշխանություններն անցկացրեցին լավ ընտրարշավ, Էրդողանը երկրում հանդես եկավ ազգայնամոլական հայտարարություններով՝ իր կողմը գրավելով ազգայնամոլ ընտրազանգվածին։ Նա նաև կանխամտածված առճակատման մեջ մտավ Եվրոպայի հետ՝ կապված քարոզչություն անցկացնելու հետ, որով արտերկրում ընտրազանգվածի մի զգալի մասին համախմբեց իր շուրջ։Արդյունքների գրանցման մեջ իրենց դերն ունեցան վարչական ռեսուրսների չարաշահումները, զանգվածային ընտրախախտումները, որոնց մասին բարձրաձայնել է ԺՀԿ-ը՝ պահանջելով քվեների 60%-անոց վերահաշվարկ (նրա բողոքը մերժվեց)[1]։ Գործոնների թվում է նաև այն, որ Թուրքիայի ներսում ու արտերկրում քվեարկությանը չմասնակցեց մոտ 7 մլն մարդ(արտերկրում քվեարկությունն անցկացվել է մարտի 27-ից ապրիլի 9-ը)։ Չպետք է մոռանալ, որ ՍԲՀ-ն անցկացվեց արտակարգ դրության (OHAL) պայմաններում, որն արդեն 3 անգամ երկարաձգվել է 3 ամսով։ Վերջին անգամ այն երկարաձգվեց ՍԲՀ-ից անմիջապես անց՝ մինչև հուլիսի 19-ը[2]։ Ընդ որում, դեռևս 2016թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ՍԲՀ-ից առաջ կվերացվի OHAL-ը, որպեսզի ոչ ոք չկարողանա հայտարարել, թե հանրաքվեն անցկացվում է ճնշումների պայմաններում[3]։

Ամեն դեպքում նշենք, որ Էրդողանը («այո»-ն) պարտություն կրեց երկրի խոշորագույն քաղաքների անվանումներով նահանգներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, ինչը հիմնականում պայմանավորված է նրանց բնակիչների արևմտամետությամբ, առաջադիմությամբ, զարգացվածությամբ, բարձր գիտակցությամբ։ Եվ, եթե Իզմիրի դեպքում դա կարելի է համարել օրինաչափ («ոչ»-ի կողմնակիցները հավաքել են մոտ 70%), քանի որ այն քեմալականների հիմնական միջնաբերդն է, ապա մնացյալ դեպքերում նման արդյունքը կարելի է համարել անակնկալ։ Ամեն դեպքում «ոչ»-ը դրանցում հաղթել է չնչին տարբերությամբ (որոշ շրջաններում հաղթել է «այո»-ն՝ անգամ մեծ առավելությամբ)։ Ինչպես և ակնկալվում էր, «ոչ»-ը հաղթեց քեմալականներին աջակցող Էգեյան, Միջերկրական, ինչպես նաև Սև ծովերի ծովափնյա նահանգներում, Քեմալ Քըլըչդարօղլուի հայրենի Թունջելի (Դերսիմ) նահանգում (այստեղ գրանցվել է «ոչ»-ի ամենաբարձր ցուցանիշը՝ 80.4%) և քրդաբնակ արևելյան, հարավ-արևելյան նահանգների զգալի մասում։ ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն էլ հաջողության հասան երկրի կենտրոնական ու արևելյան նահանգներում, ինչը նույնպես օրինաչափ է վերջին տարիների Թուրքիայի համար։ Ուշագրավ է, որ «այո»-ն պարտություն կրեց միջերկրածովյան մի շարք նահանգներում և հատկապես Անթալիայում, Մերսինում։ Սա ընդգծում է թուրք հյուրանոցատերերի դժգոհությունն Էրդողանի քաղաքականության նկատմամբ։

Հայտնի է, որ 2015թ. աշնանը ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելու, ինչպես նաև երկրում ահագնացող ահաբեկչությունների, քրդերի դեմ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Թուրքիայում զգալիորեն նվազել է զբոսաշրջիկների թիվը, որից տուժել է հատկապես Անթալիայի նահանգը։ Այդպիսով, «այո»-ն (Էրդողան) պարտություն է կրել 3 մայրաքաղաքներում. պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում և զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչը պետք է որ մտորումների տեղիք տա Էրդողանին։

Արտերկրի քվեարկության արդյունքները նույնպես սպասելի էին։ Խոսքն առաջին հերթին Թուրքիայի համեմատ քվեարկությանն ավելի ցածր մասնակցության և «այո»-ին ավելի շատ աջակցելու մասին է։ Թուրքական ամենամեծ բնակչություն ունեցող եվրոպական երկրներում հաղթել է «այո»-ն։ Գերմանիայում սահմանադրական բարեփոխումներին աջակցել է 60%-ը, Ֆրանսիայում՝ 62%-ը, Նիդերլանդներում՝ 67%-ը, Ավստրիայում՝ 70%-ը, Բելգիայում՝ 80%-ը (այդ ցուցանիշով առաջին տեղում է)։ Այս արդյունքները վկայում են, որ Էրդողանին հաջողվել է հասնել իր նպատակին՝ ՍԲՀ-ից առաջ առճակատման մեջ մտնելով Գերմանիայի, Նիդերլանդների և ընդհանրապես Եվրոպայի հետ. եվրոպական այս երկրներում, որոնց ղեկավարները հաճախ են քննադատել Էրդողանին, հաղթել է «այո»-ն։ Հայտնի է, որ Էրդողանը դեմ է եվրոպաբնակ թուրքերի եվրաինտեգրմանը, որի համար ստեղծված են բոլոր պայմանները. եվրոպաբնակ թուրքերն ունեն իրենց դպրոցները, մզկիթները, ինտերնետային կայքերը, թերթերը, հեռուստաալիքները, ռադիոն։ Եվ բացի այդ Թուրքիայի իշխանությունները մի շարք բարենպաստ պայմաններ են ապահովել նրանց համար, որպեսզի նրանք չխզեն կապը երկրի հետ, իրավունքներից զրկված չլինեն երկրում, զգան իրենց կարիքը։

«Այո»-ն հաղթել է նաև Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Սուդանում, Ուզբեկստանում և այլուր, սակայն ջախջախիչ պարտություն է կրել ԱՄՆ-ում, ուր ապրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը, ով վերջին տարիներին դարձել է Թուրքիայի ներսում Էրդողանի առաջին թշնամին։ ԱՄՆ-ում «ոչ»-ի ցուցանիշը կազմել է 83.8%, Կանադայում՝ 72.1%, Իսրայելում՝ 56.6%, Ռուսաստանում՝ մոտ 74%, Չինաստանում՝ 76.2%։

Այս ամենը վկայում է, որ տվյալ երկրներում ապրող թուրքերը հավանություն չեն տալիս Էրդողանի քաղաքականությանը, որի պատճառով խնդիրներ են ունեցել տվյալ երկրներում։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանում նույնպես հաղթել է «ոչ»-ը՝ 61.7%։ Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ադրբեջանաբնակ թուրքերը տեսել են Ադրբեջանում միահեծան ղեկավար ունենալու հետևանքները և գիտակցել, որ Էրդողանը շարժվում է Ալիևի ուղով։ Եվ, ընդհանրապես, Թուրքիայի հարևան բոլոր երկրներում, ուր անցկացվել է քվեարկություն, հաղթել է «ոչ»-ը. Վրաստանում՝ 59.3%, Իրանում՝ 54.7%, Իրաքում՝ 65.4%, Հունաստանում՝ 77.3%,Բուլղարիայում՝ 71.3%։ Հատկանշական է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ, որի անկախությունն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան) նույնպես հաղթել է «ոչ»-ը՝ 54.8%։

Հայտնի է, որ թուրք-կիպրացիների շրջանում կա դժգոհություն Էրդողանի քաղաքականությունից, ով չի ցանկանում դուրս բերել թուրքական զորքը Կիպրոս կղզու հյուսիսային հատվածից և խոչընդոտում է կիպրական հարցի կարգավորմանը։ Մինչդեռ թուրք-կիպրացիներն (ՀԿԹՀ) այլևս պատրանքներ չեն տածում իրենց անկախության ճանաչման հարցում, և ինչպես 2015թ. հայտարարել է նրանց առաջնորդ, կղզու վերամիավորման ջատագով Մուսթաֆա Աքընջըն, իրենք չեն պատրաստվում ևս 40 տարի ապրել մեկուսացված (Թուրքիան Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթել է 1974թ.)։

Քվեարկության արդյունքները կարող ենք դիտարկել նաև կուսակցությունների տեսանկյունից՝ դրանք համեմատելով ՍԲՀ-ից առաջ վերջին՝ 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքների հետ։

Աղյուսակը վկայում է, որ վերջին 1.5 տարում ընտրողների ընդհանուր թիվն աճել է 1.478.198-ով՝2.6%-ով։ Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա հայտնի է, որ սահմանադրական բարեփոխումների օգտին հանդես էին գալիս ԱԶԿ-ը, ԱՇԿ-ը, ինչպես նաև Մեծ Միասնություն կուսակցությունը (ՄՄԿ), և դեմ էին արտահայտվում ԺՀԿ-ն ու ԺԴԿ-ը։ Ներկայացնենք այդ կուսակցությունների արդյունքները 2015թ. նոյեմբերյան ընտրություններում՝ դրանք համադրելով ներկայիս ՍԲՀ-ի արդյունքների հետ։

Աղյուսակ 5-ը վկայում է, որ «այո»-ին աջակցող քաղաքական ուժերը 3.5 մլն քվեի հետընթաց են գրանցել (չհաշված ընտրողների թվի աճը վերջին 1.5 տարում), իսկ ահա «ոչ»-ին աջակցող ուժերը 7 մլն քվեի առաջընթաց են գրանցել։ Սա նշանակում է, որ թուրք հասարակության մի ստվար հատված գիտակցել է այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Էրդողանին լայն լիազորություններ շնորհելուց։ Այստեղ իր դերն ունեցել է նաև ոչ վաղ անցյալի նրա դառը փորձը։ Հիշեցնենք, որ երբ ԱԶԿ-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով չստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք, և առաջացավ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարց, Էրդողանը վճռեց, որ ԱԶԿ-ը խորհրդարանում կոալիցիա չի կազմի որևէ ուժի հետ, որպեսզի հնարավոր լինի անցկացնել նոր ընտրություններ (նոյեմբերի 1-ին)։ Եվ իրավիճակը բեկելու համար Էրդողանը գնաց մի շարք քայլերի՝ ներառյալ քրդերի (PKK) դեմ պատերազմի վերսկսումը (հրադադարի խախտումը)։ Էրդողանին հաջողվեց մոլորեցնել հասարակության ստվար զանգվածին՝ հանդես գալով «կամ մենք, կամ քաոս» կարգախոսով։ Եվ տվյալ հատվածին իսկապես թվաց, որ քվեարկելով ԱԶԿ-ի օգտին՝ քվեարկում է «կայունության» օգտին՝ մոռանալով, որ Թուրքիայում տնտեսական խնդիրներ, PKK-ի դեմ պատերազմ, ահաբեկչություններ գրանցվել են նաև մինչ այդ, երբ ԱԶԿ-ը մշտապես ունեցել է միակուսակցական կառավարություն, որ այդ խնդիրներն ԱԶԿ-ի ներքին ու արտաքին քաղաքականության հետևանք են[1]։

Հետևություններ

Այսպիսով, 2017թ. ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ ԱԶԿ-ի (Էրդողան) ընտրական հաղթարշավը շարունակում է մնալ անկասելի։ ԱԶԿ-ը հաղթել է 2002, 2007, 2011, 2015 թվականների հունիսյան ու նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններում, 2004, 2009, 2014 թվականների ՏԻՄ ընտրություններում, 2014թ. նախագահական ընտրություններում և 3 ՍԲՀ-ներում։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրա վարկանիշը մնում է բարձր, և տեսանելի չէ, թե մոտ ապագայում քաղաքական որ ուժը կկարողանա ընտրությունների միջոցով կասեցնել այդ հաղթարշավը։ ՍԲՀ-ն ազդարարեց «Հին (աթաթուրքյան) Թուրքիայի» ավարտը և «Նոր (էրդողանական) Թուրքիայի» մեկնարկը։

Էրդողանը դեռևս 2014թ. նախագահ դառնալուց հետո շարունակ ընդգծում էր իր «բացառիկությունը»՝ հայտարարելով, որ «ժողովրդի (և ոչ թե ԹԱՄԺ-ի) կողմից ընտրված նախագահը չի կարող կատարել միայն ներկայացուցչական գործառույթներ, և որ երկրին «անհրաժեշտ» է լայն լիազորություններով նախագահ»։ Էրդողանը նաև ցուցադրաբար լքեց «Չանքայա» նախագահական նստավայրը և տեղափոխվեց նոր նստավայր՝ Աք սարայ, որը տարբեր տվյալներով ունի 1150-2250 սենյակ (այն ավելի քան 30 անգամ մեծ է Սպիտակ տնից)։ Ընդ որում, Էրդողանն իրեն երևակայում է ոչ միայն սուլթան, այլև խալիֆ։ Ուշագրավ է, որ հանրաքվեի հենց հաջորդ օրն Էրդողանն այցելեց օսմանյան սուլթան (1512-1520թթ.) Սելիմ 1-ին Ահեղի գերեզման[2], ով Եգիպտոսը գրավելուց հետո դարձել է օսմանյան առաջին խալիֆ (2016թ. նրա անունով անվանակոչվեց Ստամբուլի 3-րդ կամուրջը)։

Էրդողանն անկասկած կհաղթի 2.5 տարի հետո կայանալիք նախագահական ընտրություններում. Նա, որպես խարիզմատիկ առաջնորդ, ունի մեծ առավելություն ընդդիմադիր կուսակցապետերի նկատմամբ (թուրքական ընդդիմությունը կարիք ունի խարիզմատիկ առաջնորդի)։ Ընդ որում, այդ առավելություննառավել շոշափելի է, քան, ասենք, ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ ԱԶԿ-ի առավելության դեպքում է (որն էլ, ըստ ամենայնի, իր հերթին կհաղթի 2019թ. ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններում)։

Էրդողանը 2019թ. 65 տարեկանում կդառնա դեյուրե լայն լիազորություններով նախագահ և այդ կարգավիճակով էլ կդիմավորի 2023թ.՝ ԹՀ-ի հիմնադրման 100-ամյակը։ Նա կարող է նախագահի պաշտոնում վերընտրվել 2024թ. և այն զբաղեցնել մինչև 2029թ., երբ կբոլորի նրա 75-ամյակը։ Ավելին, եթե ԹԱՄԺ-ը 2028թ. աշնանը (Էրդողանի հնարավոր պաշտոնավարման ժամկետից մեկ տարի առաջ) որոշում ընդունի արտահերթ ընտրությունների մասին, ապա Էրդողանը ևս մեկ անգամ կստանա վերընտրվելու իրավունք և վերընտրվելու դեպքում նախագահի կարգավիճակով (79 տարեկանում) կկարողանա դիմավորել նաև 2033թ.՝ ԹՀ-ի 110-ամյակը։ Սա նշանակում է, որ ՍԲՀ-ի միջոցով Էրդողանը հնարավորություն է ստանում ցանկության դեպքում Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնել ցմահ (նաև առողջական վիճակի բավարար լինելու, չսպանվելու, ընտրություններում չպարտվելու և բռնի ուժով չտապալվելու դեպքերում)։

Կարելի է ակնկալել, որ այսուհետ Էրդողանը կվարի էլ ավելի ագրեսիվ արտաքին և ներքին քաղաքականություն, երկրի ներսում կուժգնանան բռնությունները, մարդու իրավունքների խախտումները, կվատթարանա մամուլի վիճակը, ընդդիմությունն էլ ավելի կթուլանա (հերթական անգամ ստեղծվում է «հաղթած Էրդողան, պարտված Թուրքիա» իրավիճակ)։ Եվ ամեն դեպքում Էրդողանին պետք է մտահոգի այն, որ հասարակությունը երկփեղկված է, որ կա դժգոհության մեծ ալիք, և պետք չէ գործը հասցնել քաղաքացիական պատերազմի։ Էրդողանը մինչև 2019թ. թերևս զբաղված կլինի կրքերի հանդարտեցմամբ, «բարեփոխումների» իրագործմամբ, օրենքներ փոխելով, ինչը հեշտ գործընթաց չէ, իսկ 2019թ. ընտրություններում հավանական հաղթանակները 5 տարով կազատեն նրա ձեռքերը։

Կարելի է ակնկալել նաև, որ Էրդողանը գնալով ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի ազգային և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ, հատկապես «Քրդական հարցի» կարգավորման հարցում։ Նա ընդհանրապես ժխտում է Թուրքիայում նման հարցի առկայությունը և ամեն ինչ կանի, որպեսզի իր վրայից մաքրի «ահաբեկիչների հետ բանակցային սեղան նստելու բիծը»` PKK-ի հետ հրադադար կնքելը։ Ի դեպ, PKK-ի հարվածները գնալով դառնում են ավելի մահաբեր, քանի որ նրա տրամադրության տակ հայտնվել են հրթիռներ, որոնցով սկսել է ոչնչացնել թուրքական տանկեր, մարտական ուղղաթիռներ և անգամ՝ ինքնաթիռներ։ Մեծ տարածում է գտել նաև ականապատ ավտոմեքենաներով հարձակումների պրակտիկան։

Էրդողանն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր հանրաքվե անցկացնել մահապատժի վերականգնման շուրջ (նա տվյալ հարցը չէր ընդգրկել ներկայիս ՍԲՀ-ում, որպեսզի չմեծացնի «ոչ»-երի քանակը և չվտանգի այս առանցքային ՍԲՀ-ի արդյունքները)։ Հնարավոր է, որ մահապատժի վերականգնման դեպքում դրա առաջին զոհերից մեկը լինի PKK-ի հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկված է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։ Չնայած 1999թ. հունիսի 29-ին թուրքական դատարանն Օջալանին դատապարտեց մահվան (ի դեպ, 1925թ. հունիսի 29-ին Թուրքիայում մահապատժի են ենթարկել քրդական ապստամբության առաջնորդ Շեյխ Սայիդին), ավելի ուշ այդ որոշումը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Դրա հետ կապված՝ 2010թ. ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին (1999–2002) նախարար Հիքմեթ Սամի Թուրքը հայտարարեց, որ այն ժամանակ Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց, քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիևիրենք հրաժարվեցին այդ գաղափարից[3]:

Էրդողանը քրդերի դեմ կպայքարի նաև ժողովրդագրական մեթոդներով: Ավելի վաղ նա քանիցս կոչ է արել կանանցունենալ առնվազն 3երեխա, ինչպես նաև փորձել է օրենսդրական ճանապարհով արգելել հղիության արհեստական ընդհատումները (հասարակական ճնշման տակ և փորձագետների խորհրդով հետ է կանգնել դրանից), հակաբեղմնավորիչները որակել է որպես «հայրենիքի դավաճանություն» (Դավութօղլուն իր հերթին կանանց կոչ է արել երեխաներ ունենալուն վերաբերվել որպես հայրենիքի առջև ունեցած սրբազան պարտքի)։ Խնդիրն այն է, որ Թուրքիայում քրդերը բազմանում են ավելի մեծ տեմպերով, քան թուրքերը՝ հատկապես արևմտյան զարգացած շրջաններում, և հեռանկարում քրդերը կարող են մեծամասնություն կազմել Թուրքիայում (ժամանակին նման կանխատեսում արել է Աբդուլլահ Օջալանը)։ Իսկ դա կնշանակի, որ Թուրքիայում «Քրդական հարցը» կարող է լուծվել ժողովրդագրական ճանապարհով։

Էրդողանի բոլոր քայլերը Թուրքիային կհեռացնեն Արևմուտքից և կմղեն Արևելք, ինչպես որ 2016թ. Ահմեթ Դավութօղլուի պաշտոնանկությունն էր (Էրդողանը եկել էր այն եզրակացության, որ Դավութօղլուի վարչապետության (երկիշխանության) ժամանակ անհնար է անցում կատարել կառավարման նախագահական համակարգի) և ՌՀՓ-ի տապալումը։ Եվրոպայից արդեն հստակ հասկացրել են, որ ընթացիկ ՍԲՀ-ը Թուրքիայում վերք է պատճառել ժողովրդավարությանը, իսկ մահապատժի վերականգնումը վերջ կդնի ոչ միայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հեռանկարին, այլև ԵԽ-ում Թուրքիայի անդամակցությանը, քանի որ ԵԽ երկրներում վերացված է մահապատիժը։ Էրդողանը հստակ գիտակցում է, որ իր նախագահության ժամանակ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին (նման հայտարարություն 2016թ. արել է Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը), ուստիև նա կշարունակի Եվրոպայից հեռանալու ուղին՝ ամեն գնով ավելի կարևորելով իր իշխանության ամրապնդումըերկրի ներսում։ Էրդողանը գնալով կսկսի գործել ավելի անկաշկանդ և կոշտ երկրի ներսում՝ չվախենալով Թուրքիայի եվրոպական ապագան վտանգի տակ դնելուց։ Սակայն կարող են վտանգվել եվրոպական ներդրումները. Թուրքիայում ուղիղ ներդրումների 2/3-ը ստացվում է ԵՄ-ից (ԵՄ-ին բաժին է ընկնում Թուրքիայի արտաքին առևտրային շրջանառության 40%-ը՝ 140 մլրդ եվրո)։ Դա կարող է առաջացնելգործազրկության աճԹուրքիայում։ Իշխանության գալուց հետո Էրդողանը հաջողությամբ օգտվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակից և սկսեց կատարել ԵՄ-ի պահանջները, որոնք նախատեսում էին բանակի դերի նվազում երկրի քաղաքական կյանքում (WikiLeaks-ի համաձայն՝ 2004թ. վարչապետ Էրդողանը Նիդերլանդների արտգործնախարար Բեռնարդ Բոտի հետ զրույցում խոստովանել է, որ զինված ուժերը չեն ենթարկվում իրեն[4]

Էրդողանը, բնականաբար, կցանկանար ստանալ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, որի դեպքում Թուրքիայի քաղաքացիները (նաև քրդերը) «կհոսեին» դեպի Եվրոպա, ավելի կմեծացնեին իրենց ներկայությունը և Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում։ Էրդողանը ՍԲՀ-ից առաջ Եվրոպայի հետ առճակատման մեջ մտավ նաև Եվրոպայի թուրքերի շրջանում իր ազդեցությունը, հեղինակությունը մեծացնելու համար։ Նա Եվրոպայի թուրքական համայնքները դիտարկում է որպես քաղաքական, ընտրական, տնտեսական և այլ տիպի գործիք, որը կարելի է ուղղել տվյալ երկրների իշխանությունների դեմ, եթե նրանք աչքի ընկնեն Էրդողանի համար ոչ դուրեկան քայլերով։ Բացի այդ տվյալ համայնքները ծառայում են նաև թուրքական հետախուզությանը (MIT), որը միայն Գերմանիայում ունի մինչև 6.000 գործակալ։ Ուշագրավ է, որ Էրդողանը ՍԲՀ-ից առաջ եվրոպաբնակ թուրքերին կոչ արեց ունենալ ոչ թե 3, այլ առնվազն 5 երեխա, ինչը վկայում է Եվրոպան իսլամականացնելու, թուրքացնելու նրա հեռահար նպատակների մասին։

Էրդողանը, բնականաբար, կցանկանար նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցում, սակայն ոչ թե ԵՄ-ի, այլհենց իրսահմանած չափանիշներով։ Այսինքն նա ցանկանում է, որ ԵՄ-ը Թուրքիային իր շարքերում ընդգրկի հենց ներկայիս տեսքով (մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով)։ Էրդողանը գիտակցում է, որ ո՛չ ՇՀԿ-ին, ո՛չ էլ BRICS-ին Թուրքիայի անդամակցումը չի կարող այլընտրանք լինել ԵՄ-ին նաև այն պարզ պատճառներով, որ այդ երկու կառույցների անդամներն են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց Թուրքիան չի կարող որևէ բան հակադրել իրականում։ Մինչդեռ իրավիճակն այլ է ԵՄ-ի պարագայում. եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա կդառնա տարածքային առումով նրա թիվ մեկ երկիրը, բնակչության առումով՝ թիվ երկու երկիրը (Գերմանիայից հետո, որին նա կարող է գերազանցել տարիներ անց), ինչը նշանակում է, որ Թուրքիան մեծ թվով պատգամավորներ կունենա Եվրոպական խորհրդարանում և մեծապես կկարողանա ազդել Եվրոպայում ընդունվող որոշումների վրա։ Բացի այդ Թուրքիան մեծապես կօգտվի ԵՄ-ի բյուջեից և հատկապես գյուղատնտեսական ոլորտի հատկացումներից։

Էրդողանի ներկայիս բռնությունները բացասաբար են ազդում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության վրա։ 2016թ. հուլիսին (ՌՀՓ-ից օրեր անց) ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնաց Թուրքիային բացառել ՆԱՏՕ-ի շարքերից, եթե նա շարունակի չհետևել ժողովրդավարության նորմերին ու իրավունքի գերակայության սկզբունքին[5]։ Թուրքիան, բնականաբար, կամովին դուրս չի գա ՆԱՏՕ-ից, որը նրա համար ծառայում է որպես «պաշտպանիչ հովանոց» (առանց որի նա չէր համարձակվի կործանել ռուսական մարտական ինքնաթիռ), սակայն արդյունքում Թուրքիային կարող են վտարել ՆԱՏՕ-ից։ Թուրքիան վերջին տարիներին դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը և գնալով դառնում է ավելի անհուսալի գործընկեր աշխարհի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի համար։ Թուրքիան այլևս չի դիտարկվում այն մոդել երկիրը, որը նրա համար նախատեսել էր ԱՄՆ-ը, այն է՝ նա պետք է լինի իսլամի և ժոովրդավարության հաջողակ խառնուրդ-պետություն և որպես մոդել-երկիր օրինակ ծառայի իսլամական երկրների համար: Էրդողանն իր քայլերով փոշիացրեց այդ ամենը։

Կարելի է ենթադրել, որժամանակի ընթացքում կխստանա Եվրոպայի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ՝ կախված առաջիկա ընտրությունների արդյունքներից։ Մասնավորապես, Գերմանիայի դեպքում այդպես կարող է ստացվել, եթե կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին փոխարինի Մարտին Շուլցը (Ֆրանսիայում էլ կարող է նախագահ դառնալ աջ ծայրահեղական Մարին Լե Պենը)։ Եվրոպայի զինանոցում շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը, որը նույնպես կարող է կիրառվել Թուրքիայի դեմ։

Թուրքիային, թերևս, հիասթափություն է սպասվում նաև ԱՄՆ-ից, քանի որ Դոնալդ Թրամփի ժամանակ ԱՄՆ-ը հազիվ թե Էրդողանին ընդառաջի Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման ու հատկապես Սիրիայի քրդերին չաջակցելու հարցերում։ Հաշվի առնելով Թրամփի էմոցիոնալ բնույթը՝ նա կարող է անգամ գործածել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը (Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառումից հետո ԱՄՆ-ը հրթիռային հարված էր հասցրել Սիրիային՝ընդգծելով, որ այդ քայլին դիմել է զոհված անմեղ երեխաների կադրերը դիտելուց հետո)։ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կշարունակվեն ներկայիս տեսքով՝ մերթընդմերթ սրացումներով ու ջերմացումներով, քանի որ իրականում երկու երկրները (նաև Իրանը) մնում են որպես տարածաշրջանային մրցակիցներ և շատ դեպքերում ունեն հակոտնյա շահեր։

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, ապա նա կշարունակի վարել նեոօսմանյան քաղաքականություն, որի բաղադրիչներից մեկը «ռազմակայանային» քաղաքականությունն է՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքներում (Սոմալի, Կատար, Սիրիա, Իրաք) ռազմական ներկայության հաստատումն ու մեծացումը։ Տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծապես կկանխորոշեն հենց տարածաշրջանի զարգացումներից, ինչը հատկապես վերաբերում է Սիրիայի ու Իրաքի քրդերի քաղաքական, ռազմական ու տնտեսական հաջողություններին։ Թուրքիային խստապես մտահոգում են Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, և նա առաջին իսկ հնարավորության դեպքում նոր հարձակում կսկսի նրանց դեմ։ Էրդողանը նաև հասկանում է, որ Աթաթուրքի հետ իրապես մրցակցելու կամ նրան ստվերելու համար պետք է կարողանա ունենալ տարածքային նվաճում՝ մեծացնել Թուրքիայի տարածքը։ Սակայն իրականում կարող է լինել հակառակը. Էրդողանը Թուրքիան կտանի դեպի կործանում, մասնատում (ներկայիս Թուրքիան շատ են համեմատում Երրորդ ռեյխի, իսկ Էրդողանին՝ Հիտլերի հետ)։

Էրդողանի ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա կարող է ավելի շատ բևեռվել 2019թ. ընտրություններից հետո։ Բացի այդ տվյալ ժամանակ, թերևս, ավարտված կլինեն նաև Սիրիայի ու Իրաքի (ինչպես նաև Եմենի) հակամարտությունները, և Էրդողանն ավելի շատ ժամանակ կունենա կենտրոնանալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի վրա։ ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը կապել Արցախյան հիմնախնդրի կարգավորման (զգալի առաջընթացի) հետ և կշարունակի Ղարաբաղյան բանակցային գործընթացում ակտիվորեն ներգրավվելու կամ էլ «այլընտրանքային ձևաչափեր» ստեղծելու ու զարգացնելու իր ներկայիս փորձերը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար կարող են ուղենշային լինել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնց միջև թեպետ չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց դա նրանց չի խանգարում բաց պահել սահմանը, իրականացնել երկկողմ առևտուր, ունենալ մշակութային և այլ տիպի շփումներ։

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1]Հայկ Գաբրիելյան, 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունները Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 07.12.2015, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14238&sphrase_id=60487

[2]ErdoğanYavuz Sultan Selim Türbesi’nde, Hürriyet, 17.04.2017,  https://www.hurriyet.com.tr/erdogan-yavuz-sultan-selim-turbesinde-40429753

[3]Hikmet Sami Türk: Öcalan ölene kadar çıkamaz, T24, https://t24.com.tr/haber/hikmet-sami-turk-ocalan-olene-kadar-cikamaz,94080

[4]WikiLeaks: Erdogan Not in Control of Military, Asbarez.com, 25.01.2011, https://asbarez.com/92385/wikileaks-erdogan-not-in-control-of-military/

[5]John Kerry warns Turkey: Nato membership is at stake, Euronews, 18.07.2016, https://www.euronews.com/2016/07/18/john-kerry-warns-turkey-nato-membership-is-at-stake

[1]CHP’den YSK’ya sert tepki… Yüzde 60’ına itiraz edecek, Hürriyet, 16.04.2017, https://www.hurriyet.com.tr/chp-muhursuz-oylarin-yuzde-60ina-itiraz-edecek-40428988

[2]OHAL 3. kez uzatıldı, Sözcü Gazetesi, 18.04.2017, https://www.sozcu.com.tr/2017/gundem/ohal-3-kez-uzatildi-1802780/

[3]Başbakan Yıldırım: OHAL referandumdan önce kalkar, Sözcü Gazetesi, 28.11.2016, https://www.sozcu.com.tr/2016/gundem/basbakan-yildirim-ohal-referandumdan-once-kalkar-1533387/

[1]Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների մարաթոնի շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 16.07.2010, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4933&sphrase_id=60319

[2]Հայկ Գաբրիելյան, Ներքաղաքական պայքարի արդի փուլը Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 07.02.2012, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6290&sphrase_id=60320

[3]18 maddelik Anayasa değişikliği paketi 339 oyla kabul edildi, Haber Türk, 20.01.2017, https://www.haberturk.com/gundem/haber/1360793-18-maddelik-anayasa-degisikligi-paketi-kabul-edildi

[4]Bahçeli’den MHP’li vekillere 4 madde yasağı, Gerçek Gündem, 14.01.2017, https://www.gercekgundem.com/siyaset/253104/bahceliden-mhpli-vekillere-4-madde-yasagi

[5]Anayasa değişikliği teklifi Erdoğan’a gönderildi, soL Haber Portalı, 02.02.2017, https://haber.sol.org.tr/toplum/anayasa-degisikligi-teklifi-erdogana-gonderildi-184368

[6]Cumhurbaşkanı Erdoğan, anayasa değişiklik teklifini onayladı, Ahaber, 10.02.2017, https://www.ahaber.com.tr/gundem/2017/02/10/cumhurbaskani-erdogan-anayasa-degisiklik-teklifini-onayladi

[7]Հայկ Գաբրիելյան, 2015թ. Թուրքիայի ներքաղաքական զարգացումների շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 17.02.2015, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13164&sphrase_id=60348

[8]Kılıçdaroğlu: Türkiye bir yıl içinde 3 darbe olayı yaşadı, soL Haber Portalı, https://haber.sol.org.tr/toplum/kilicdaroglu-turkiye-bir-yil-icinde-3-darbe-olayi-yasadi-179470

[9]Anayasa‘da hangi maddeler değişiyor?, Deutsche Welle Türkçe, 11.01.2017, https://www.dw.com/tr/anayasada-hangi-maddeler-de%C4%9Fi%C5%9Fiyor/a-37091451

[10]Türkiye yarın sandık başına gidiyor, Anadolu Ajansı, https://aa.com.tr/tr/gunun-basliklari/turkiye-yarin-sandik-basina-gidiyor/797235

[11]380 bin polis ve asker görevde, Hürriyet, 14.04.2017, https://www.hurriyet.com.tr/380-bin-polis-ve-asker-gorevde-40427950

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930